Սկիզբը՝ այստեղ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես գրել է «New York Times» թերթը, դիտարկում է Իրանին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը, եթե բանակցությունները կամ նախնական սահմանափակ հարվածը չբերեն անհրաժեշտ արդյունքների:
«Նախագահ Թրամփը խորհրդականներին ասել է, որ եթե դիվանագիտությունը կամ ԱՄՆ-ի նախնական հարձակումը չհանգեցնի նրան, որ Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից, ինքը կքննարկի առաջիկա ամիսներին շատ ավելի մասշտաբային հարձակման հնարավորությունը, որն ուղղված կլինի այդ երկրի առաջնորդներին իշխանությունից հեռացնելուն»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , գրել է թերթը՝ վկայակոչելով ամերիկյան կառավարությունում ներքին քննարկումներին ծանոթ մարդկանց:
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ չնայած նրան, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, Թրամփը հակված է սահմանափակ հարված հասցնել Իրանին, որպեսզի երկրի իշխանություններին ցույց տա, որ ԱՄՆ-ի հետ գործարքը իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակն է: Ռազմական աղբյուրները պարբերականին միաժամանակ հայտնել են, որ «USS Gerald Ford» ավիակրի գլխավորությամբ հարվածային խմբավորումը շուտով կհասնի Իսրայելի ափերին:
Հրապարակման մեջ, «Аргументы и факты»-ի փոխանցմամբ, նշված է նաև, որ փետրվարի 26-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը «հավանաբար վերջին բանակցությունների համար, որոնք կոչված են կանխելու ռազմական հակամարտությունը»: Ավելի վաղ Օմանի արտգործնախարար Բադր Ալ Բուսաիդին հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում:
Իրանը քանիցս հայտարարել է, որ համաձայն է միջուկային զենքից լիակատար հրաժարմանը, ավելին՝ չունի այն ստեղծելու նպատակ, և որպեսզի ԱՄՆ-ը և աշխարհը դրանում համոզվեն, պատրաստ է իր միջուկային բոլոր օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ին ստուգումների համար լիակատար հասանելիություն ապահովել, սակայն մտադիր չէ հրաժարվել խաղաղ ատոմի իր ծրագրից: Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին փետրվարի 8-ին ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը պնդում է ուրանը հարստացնելու, բայց ոչ զինական ուրանի մակարդակի հասցնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի:
Թեհրանն այսօր միանշանակ հասկացրել է, որ չի հանդուրժելու իր տարածքին ԱՄՆ-ի թեկուզ սահմանափակ հարվածները: Ինչպես, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, Իրանն ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե նախատեսում է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ դիտարկում է նման հնարավորությունը:
«Կարծում եմ, որ «սահմանափակ հարված» հասկացություն գոյություն չունի,- ճեպազրույցի ընթացքում պատասխանելով ԱՄՆ-ի «սահմանափակ հարվածի» մասին հարցին, ասել է Բաղաին:- Ցանկացած պետություն կարձագանքի ագրեսիայի ակտին՝ դա (պատասխան միջոցները) ընկալելով որպես ինքնապաշտպանության անքակտելի իրավունք»:
Մեկնաբանելով Վաշինգտոնի հետ բանակցությունները, Բագային ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ հնարավոր պայմանավորվածության հիմնական կետերը կդառնան հակաիրանական պատժամիջոցների վերացումը, ինչպես նաև իրանական միջուկային գործունեության նկատմամբ վստահության կառուցումը և այն, որ այն երբեք ռազմական բնույթ չի ունենա:
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին երեկ հայտարարել էր, որ Թեհրանն «արդար և լեգիտիմ» պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում: «RT на русском»-ի փոխանցմամբ , Արաղչին «CBS News» հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ Վաշինգտոնի հնարավոր հարվածը կդառնա ագրեսիայի ակտ, իսկ Իրանի պատասխանը կլինի ինքնապաշտպանություն:
«Եթե ԱՄՆ-ը հարձակվի մեզ վրա, մենք մեզ պաշտպանելու լիակատար իրավունք կունենանք»,- ասել է նախարարը:
Արաղչիի խոսքով՝ իրանական հրթիռներն ի վիճակի չեն խոցել ԱՄՆ-ի տարածքը, ուստի հնարավոր պատասխանը կարող է ուղղված լինել տարածաշրջանում ամերիկյան բազաների դեմ: Նա միաժամանակ նշել է, որ որպես դիվանագետ մտադիր չէ քննարկել ռազմական ծրագրերը և կոչ է արել կենտրոնանալ դիվանագիտական կարգավորման վրա:
Արթուր Հովհաննիսյան