Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մալաթիայի Նոյը. կացնահարված աղոթք

Մալաթիայի Նոյը. կացնահարված աղոթք
22.11.2026 | 11:23

«Նա Մալաթիայի քաղաքապետն էր։ Սերում էր հարգված ընտանիքից, որը վաղուց էր գաղթել այստեղ Բաղդադից։ Մուստաֆա աղան «Բեթհեզդայի» բարեկամն էր։ Հենց որ սկսեցինք աշխատել, նրա աջակցությունն արդեն զգացվում էր։ Հիմնադրման օրվանից նա բոլոր պայմաններում մեր կողքին էր։ Մուստաֆա աղան ինձ ասաց. «Քանի ես ողջ եմ, ձեզ ոչինչ չի պատահի»։ Մինչդեռ հետագայում իմացանք, որ կոտորածի ենթակա անձանց ցուցակում նրա անունը գրված էր մեր անուններից առաջ»։
— Էռնստ Քրիստոֆել, Մալաթիայի գերմանական «Բեթհեզդա» կույրերի առաքելության հիմնադիր
Երբ երկինքը գորշացավ արյան գոլորշուց,
Եվ հրամանը դարձավ մահվան ստորագրություն,
Մալաթիայի գորշ քարերի մեջ,
Ուր ամեն մի ստվեր մատնիչ էր ու դահիճ,
Կանգնեց մի Մարդ՝ կոչումով քաղաքապետ,
Բայց խղճի վերջին պատվար ու բարձրաբերձ բերդ։
Մուստաֆա աղա՝ Ազիզօղլու տոհմից,
Որ Բաղդադի հին արևն էր բերել իր երակների մեջ
Ու լույսը չէր փոխել խավարի զրահի հետ։
Իշխանություն չուներ՝ կասեցնելու կայսերական մահագիրը,
Բայց ուներ սիրտ՝ ավելի ընդարձակ, քան քաղաքի պարիսպները,
Եվ մի խոսք, որ ավելի ծանր էր, քան յաթաղանը.
«Քանի ես շնչում եմ՝ ձեր մազին քամի չի դիպչի»։
Այդպես ասաց նա «Բեթհեզդայի» հայ կույրերին,
Որոնց աչքերը փակ էին աշխարհի առաջ,
Բայց հոգիները տեսնում էին հրեշին։
Այդպես ասաց նա 1909-ի խարույկների դեմ,
Երբ Ադանայի մոխիրը թռչում էր դեպի Մալաթիա,
Ու ինքը կանգնեց՝ մարդկայնության անզեն վահան դարձած։
Իսկ երբ եկավ Տասնհինգը՝
Այդ անմարդկային, անաստված տարեթիվը,
Երբ մարդը դարձավ գազան, իսկ գազանը՝ օրենք,
Նա իր տունը դարձրեց Նոյյան տապան՝
Մահվան ջրհեղեղի մեջ խեղդվող հայերի համար։
Թաքցրեց նրանց իր հարկի տակ՝
Իր իսկ կյանքի գնով,
Իր իսկ անվան վրա գծելով մահվան խաչը,
Քանզի դահիճների ցուցակում
Նրա անունը գրված էր զոհերից էլ առաջ։
Նա չլռեց։
Նա դարձավ պատմության գաղտնի ձայնը,
Որ շշնջում էր գերմանացի հոգևորականի ականջին
Փիրոթի ճամփին մորթված հազար երկու հարյուր հայերի մասին,
Թաշթեփեի հանքերում թաղված հարյուրավոր շնչերի մասին՝
Որ աշխարհն իմանա, որ ժամանակը չմոռանա,
Որ արյունը չչորանա անպատիժ։
Բայց ո՞վ կիմանար, որ դավաճանությունը
Ծնվելու է ոչ թե օտարի, այլ սեփական արյան միջից։
Վերադարձավ որդին՝ Էքրեմը,
Պատերազմի ծխով թունավորված,
Կուսակցական կույր մոլուցքով զրահավորված,
Ու հոր խիղճը նրան թվաց դավաճանություն,
Իսկ հոր փրկած հայերը՝ աններելի մեղք։
1920 թվական…
Մուստաֆա աղան ծնկել էր աղոթքի՝ նամազի՝
Աստծո հետ խոսելու իր մաքուր հոգով,
Երբ իջավ կացինը՝
Սեփական որդու ձեռքով ճոճված,
Անողոք ու կույր՝ ինչպես կայսրության ատելությունը։
Ուզեցին ծածկել ոճիրը՝
Անվանելով այն «հոր ու որդու վեճ»,
Բայց Մալաթիայի քարերն անգամ գիտեին ճշմարտությունը.
Նա սպանվեց «գյավուրներին» սիրելու համար,
Նա սպանվեց Մարդ մնալու համար՝
Անմարդկային դարում։
Եվ ընկավ Մուստաֆա աղան՝
Ոչ թե պարտված, այլ հաղթանակած,
Քանզի իր արյամբ կնքեց այն ճշմարտությունը,
Որ ազգությունն արյան մեջ չէ, այլ խղճի,
Եվ որ մեկ արդարի շունչը կարող է փրկել մի ամբողջ աշխարհ,
Նույնիսկ երբ սեփական որդին է դառնում դահիճ։

Շուշաննա ՀԱՅԱՍԱ

Հ.Գ.
Խոնարհվում եմ քո անմահ խղճի առաջ, ո՛վ Մարդ, որ արյան ու խավարի դարում ոչ թե ցեղիդ ձայնին, այլ Աստծո շնչին լսեցիր ու սեփական կյանքիդ գնով փրկեցիր իմ ժողովրդի զավակներին՝ ապացուցելով, որ մարդկությունը երբեք չի մեռնում, քանի դեռ կա գոնե մեկ Արդար։
Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ