Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նոր աշխարհակարգի ձևավորումը. ԱՄՆ, Ռուսաստան և Չինաստան

Նոր աշխարհակարգի ձևավորումը. ԱՄՆ, Ռուսաստան և Չինաստան
22.11.2026 | 13:05

Նոյեմբերի 19-ին Շենժենում տեղի ունեցավ պատմական նշանակության հանդիպում․ մեկ սեղանի շուրջ նստեցին Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը։

Երեք միջուկային գերտերությունների ղեկավարները հայտարարեցին ՄԱԿ-ի բարեփոխումների, էներգետիկ համագործակցության և միջուկային ռիսկերի նվազեցման շուրջ երկխոսության մասին։

Սակայն այս հանդիպման կարևորությունը միայն ընդունված հայտարարությունը չէ։ Այն նաև քաղաքական ազդակ է․ աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվում է, իսկ նախկին միջազգային համակարգը վերանայման փուլում է։

ԱՄՆ-ը փորձում է պահպանել իր առաջատար դիրքը, Չինաստանը մեծացնում է իր միջազգային ազդեցությունը, իսկ Ռուսաստանը փորձում է վերականգնել իր տեղը համաշխարհային քաղաքականության կենտրոնում։

Հատկանշական է, որ երեք առաջնորդների հայտարարության մեջ խոսվում է համագործակցության մասին, բայց չեն հիշատակվում Ուկրաինայի և Իրանի պատերազմները։ Այսինքն՝ ընդհանուր շահերի առկայությունը դեռ չի նշանակում, որ հակասությունները վերացել են։

Ի՞նչ է սա նշանակում աշխարհի համար։

Հնարավոր է՝ մենք ականատես ենք լինում ոչ թե նոր դաշինքի ստեղծմանը, այլ միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը, որտեղ երեք գերտերությունները ձգտում են ավելի մեծ դեր ունենալ համաշխարհային որոշումների կայացման գործում։

Եվ այստեղ ամենակարևոր հարցը փոքր ու միջին պետությունների ապագան է։

Հայաստանի համար այս փոփոխությունները պարզապես հեռավոր աշխարհաքաղաքական գործընթացներ չեն։ Դրանք անմիջական ազդեցություն կարող են ունենալ Հարավային Կովկասի անվտանգության, տարածաշրջանային հաղորդակցությունների և արտաքին քաղաքական հավասարակշռության վրա։

Նոր աշխարհակարգում հաղթելու է ոչ թե նա, ով պարզապես մեծ տերության հետ է, այլ նա, ով կարողանում է պաշտպանել սեփական ազգային շահերը՝ փոփոխվող ուժերի հավասարակշռության պայմաններում։

Վահան Բաբայան

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ