ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

«Եկեղեցին հզորանում է հալածանքների ժամանակ, իսկ հիմա այլ բան չի, եթե ոչ՝ հալածանք»

«Եկեղեցին հզորանում է հալածանքների ժամանակ, իսկ հիմա այլ բան չի, եթե ոչ՝ հալածանք»
23.04.2026 | 12:30

Վերջին շրջանում եկեղեցու վերաբերյալ կոշտ հայտարարություններով հանդես եկած Նիկոլ Փաշինյանը, նախօրեին ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը, հայտարարել էր, թե «Մայր Աթոռն աղտոտված է»։ Նա նշել էր նաև, թե եկեղեցի-ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի թուլանում է, և իբր, եկեղեցին, հոգևոր քարոզները թողած, զբաղված է քաղաքական քարոզներով։

Aysor.am-ի հետ զրույցում Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն Առաքելյանը, սակայն, հակառակը պնդեց, ասելով, որ մեր ժողովուրդը վաղուց Մայր Աթոռի գնահատականը տվել է՝ սրբացնելով այն։

-Ժողովուրդը նաև վաղուց գնահատականը տվել է՝ պատարագներից առաջ և հետո մոտենալով Վեհափառ Հայրապետին, ջանալով համբուրել Վեհափառի խաչը և օրհնություն ստանալ նրանից։ Ինչ վերաբերում է այդ խոսույթին, թե Մայր Աթոռն աղտոտված է, մի այսպիսի միտք կա, մարդը դիմացը տեսնում է այնպես, ինչպիսի ակնոց որ դնում է։

-Փաշինյանը պնդում է, որ եկեղեցի-ժողովուրդ կապը թուլանում է։ Ձեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, ինչպիսի՞ն է այդ կապը։

-Մեր փորձը ցույց է տալիս, որ մեր եկեղեցին երիտասարդանում է, եկեղեցու կիրակնօրյա դպրոցները, երիտասարդաց միությունները շատանում են, պատարագներին հաճախողները և Սուրբ հաղորդություն ստացողները շատանում են։ Չգիտեմ, թե այդ կեղծ թեզն ինչի համար է, բայց տրամագծորեն հակառակն է տեղի ունենում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում։ Այդպես էլ պետք է լինի, որովհետև հոգևորականները, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, գիշեր ու զօր իրենց նվիրական ծառայության մեջ են։ Այսպիսի բան կա՝ եկեղեցին հզորանում է հալածանքների ժամանակ, իսկ հիմա այլ բան չի, եթե ոչ հալածանք։

-Իսկ Փաշինյանի մեղադրանքը, թե հոգևոր կյանքի բովանդակությունը թուլանում է, և, ի հավելումն էլ սրա, թե եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում։ Ո՞րն է սահմանը, եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, թե հոգևոր ծառայություն է իրականացնում։

-Եկեղեցին երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, եկեղեցին մշտապես բարձրաձայնել է հայ ազգին վերաբերող կարևոր հարցեր։ Երեկ քանդեցին Ստեփանակերտի Մայր Տաճարը, եկեղեցին բարձրաձայնում է դրա մասին, եկեղեցին բարձրաձայնում է Ցեղասպանության, գերիների ազատ արձակման հարցի մասին։

Սրանք ազգային, հային վերաբերող ցավոտ հարցեր են, որ եկեղեցին մշտապես պիտի բարձրաձայնի։ Սա քաղաքականություն չէ. եկեղեցին երբեք չի զբաղվել, չի զբաղվում ու չի զբաղվելու քաղաքականությամբ։ Եկեղեցին վերքաղաքական ինստիտուտ է, այդպես եղել է ու պիտի լինի։ Ինչպե՞ս կարող է եկեղեցին գերիների մասին չխոսել։ Եթե պատարագի այցելող մարդիկ են, չե՞ն լսում, այնտեղ գերիների մասին աղոթք կա՝ «Ազատություն եղբարց մերոց գերելոց…», ամեն պատարագին երգում ենք։ Մենք դարեր շարունակ բարձրաձայնել ենք ազգային հարցերն ու էլի պետք է բարձրաձայնենք։ Դրանք կեղծ թեզեր են, և իրենց արած հայտարարություններով իրենք են ավելի շատ եկեղեցուն փորձում ներքաշել քաղաքականության մեջ։

Եկեղեցին լուռ իր գործն անում է։ Մանավանդ վերջին հայտարարություններից հետո եկեղեցին նորից հանդարտվել, իր գործն անում էր։ Հիմա չխոսե՞նք, ասենք ապրե՛ք, որ ասում եք՝ Էջմիածինը աղտոտվա՞ծ է, ասենք ապրե՛ք, որ լռում եք մշակութային հոգևոր ժառանգության քանդվելու պարագայո՞ւմ։ Կամ ի՞նչ է նշանակում, թե հոգևոր կյանքը թուլանում է… ուղղակի բառերն իրար կողք դնելը դեռևս չի նշանակում իմաստալից նախադասություն ասել։

-ՔՊ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանն ասաց, թե հոգևորականները չեն կարող դուրս լինել Համընդհանուր հայտարարագրման համակարգից։

-Դուք լսե՞լ եք, որ մի հոգևորական ասի՝ ես ուզում եմ հայտարարագրման համակարգից դուրս մնալ։ Ես չեմ լսել։ Նախ՝ հոգևորականն աշխատավարձով ապրող մարդ չի, հետո էլ՝ այս հայտարարագիրը մեր հասարակության մեջ նոր բան է, և գիտեմ, որ նորություն լինելու պատճառով շատ-շատերը դեռևս չեն կարողանում ուղղակի հայտարարագրվել։ Այսինքն՝ դա ժամանակի ու տեխնիկական հարց է։

Իսկ ո՞վ է ասել, որ մենք, եթե որևէ եկամուտ ունենանք, չենք հայտարարագրելու։ Ասե՞լ ենք նման բան։ Այսինքն, նորից վերագրել հոգևորականին մի բան, որը նա չի ասել… տպավորություն է ստեղծում, որ հոգևորականն ասում է՝ պետությունը, ինչ անում է, ես դեմ եմ պետությանը։ Մենք հոգևորական լինելուց բացի, Հայաստանի Հանրապետության լիիրավ, լիարժեք քաղաքացիներ ենք և այդ օրենքների մեջ էլ ապրում ենք։ Տպավորություն է ստեղծվում, որ հոգևորականներն ուզում են պետությունը քանդվի։ Եկեղեցին միշտ էլ ուզել է, որ ուժեղ պետություն ունենա։

-Այն, ինչ ասում է Փաշինյանը եկեղեցու և հոգևորականների մասին, քննադատությո՞ւն է, թե՞ վիրավորանք։

-Դա քննադատություն չի։ Եթե լինի քննադատություն՝ կանդրադառնանք։ Սա նոր բան է, որն անուն չունի։ Ո՛չ սպառնալիք է, ո՛չ քննադատություն, ո՛չ ծրագիր։ Սա մի նոր բան է, որին պատմությունը գնահատականը կտա, անունն էլ կհնարի։

-Տեր Հայր, ի՞նչ ուղերձ ունեք հավատացյալ ժողովրդին և հանրությանն այս իրավիճակում։

-Իմաստուն լինեն, իրենց վճռական խոսքն ասեն և ուղղակի շատ աղոթեն մեր եկեղեցու անսասանության համար, որովհետև ամեն մի հավատացյալի աղոթք կարևոր է։ Եվ մի շատ կարևոր բան եմ ուզում փոխանցել՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների համար որքան հայ կա, այնքան՝ հավատացյալ։ Մենք աղոթում ենք բոլորի համար։

«Հայ Եկեղեցու նորություններ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ