«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

«Ռուբիկոնը»՝ լուսնի, սիրո և քաղաքական «փուչիկների» միջև

«Ռուբիկոնը»՝ լուսնի, սիրո և քաղաքական «փուչիկների» միջև
11.09.2026 | 18:11

Լևոն Ջավախյանի «Ընկերոջս՝ Ավետիս Բաբաջանյանին» պատմվածքը միայն կենցաղային-էրոտիկ զավեշտ կամ հերթական քաղաքական սատիրա չէ։ Խորքային վերլուծության դեպքում Լևոնի այս գիրը բացահայտվում է որպես գոյաբանական դրամա, փիլիսոփայական մանիֆեստ և լեզվամտածողության աննախադեպ ազատագրում։
Պատմվածքի նախերգանքն արդեն իսկ սահմանում է դրամատիկ բարձր լարվածություն․ 77-ամյա գրողը, որը մեկ տարի լռել է ու սպասել մահվանը, հանկարծ զգում է «բառերի գլորվելը»։ Տարիքային այն շեմին, երբ թվում է՝ գրիչը միայն հանդարտ հուշեր պետք է քաղի, նրա խոսքը հանկարծ հոսում է շառաչուն առվի պես։
«Երկրորդ շնչառության» կամ «սրբազան խենթության» այն պահը գրականության մեջ, երբ գրելը դառնում է կենսաբանական ու հոգևոր գոյության միակ ապացույցը («Կապրեմ` քանի դեռ գրում եմ...»)։
Այդ տարիքում մարդն այլևս կորցնելու ոչինչ չունի. քանդված են բոլոր կաղապարները, կեղծ ամոթխածությունն ու սոցիալական տաբուները։ Կետ, որտեղից և ծնվում է չզտված, մերկ, տեղ-տեղ կոպիտ, բայց խորապես ճշմարիտ կյանքի պատառիկը։
Նա չի վախենում պատռել ձևական բարեպաշտության քողը։ Ջավախյանի գիրն առաջին հայացքից սկանդալային պատմություն է, բայց իրականում այն բարոյական ու քաղաքական խորը սատիրա է, որի առանցքում երկու «սրտիկների»՝ պուտանկայի և պսևդո-վարչապետի, ու երկու կարգի «սիրո» անողոք հակադրությունն է։
Ջավախյանն անողոք «վիրաբուժությամբ» զուգահեռներ է անցկացնում երկու «արհեստավարժների»՝ փողոցի մարմնավաճառի և երկրի ղեկավարի աթոռին բազմածի միջև։
Վարչապետ կոչվածի «սրտիկը» PR-ային դատարկություն է, որ ամեն առավոտ մատուցվում է էկրաններից, բայց որի հետևում չկա ո՛չ զգացմունք, ո՛չ պատասխանատվություն, ո՛չ էլ կենդանի հույզ։
«Օդից կախված լուրերի» շարքից «օդային» սեր՝ հասցեագրված անդեմ «ժողովրդին», որն իրականում ոչ մեկին չի ջերմացնում։ Ասել է՝ պոպուլիզմի, քաղաքական շողոքորթության և անբովանդակ ձևապաշտության կատարյալ խորհրդանիշ։
Մինչդեռ «պուտանկայի» սրտիկը մերկ է, կոպիտ, բայց իրական։ Նա չի խաբում, չի թաքցնում իր նպատակը․ առաջարկում է կիրք ու մարմնական վայելք՝ առանց բարոյախոսական դիմակների։ Նրա մատների շրջանակած սրտիկի մեջ կա կյանք, արյուն ու ջերմություն, այլ ոչ թե «վարչապետական օդ»։
Ջավախյանական այս սատիրայի խորքային պատգամը ցնցող է․ նույնիսկ մեղսալից, մարմնական կիրքն ու պարսավելի արհեստը հազարապատիկ ավելի ազնիվ են ու մոտ կյանքի ճշմարտությանը, քան պետական բարձր ամբիոններից մատուցվող «սրբապատկերային», բայց փուչ ու սուտ «սերը»։
Ջավախյանի հերոսը՝ «հեզ ու բանող եզան» պես ապրած, կնոջն ու կյանքի կանոններին հավատարիմ մարդը, հանկարծ հայտնվում է էկզիստենցիալ ճգնաժամի մեջ։ Շեքսպիրյան «լինե՞լ, թե՞ չլինելը», Չեռնիշևսկու «ի՞նչ անելը» և Կեսարի «Ռուբիկոնը» միահյուսվում են հայկական տոթ ամռան ու մարմնական գայթակղության հետ։
Ջավախյանի վրձնած «կտավի» այս հատվածն ընդամենը ծերունական կիրք կամ կենցաղային դավաճանության փորձ չէ, այլ մարդկային հոգու վերջին ըմբոստությունը՝ ընդդեմ կաղապարված, միօրինակ ու «հալալ», բայց «տոն»-ից զրկված գոյության։ Հերոսը հասկանում է, որ ամբողջ կյանքում եղել է օրենքների, սովորույթների ու հասարակական տաբուների հնազանդ կրողը։ Եվ ահա, կյանքի մայրամուտին, «շան աղջկա» գայթակղիչ ներկայությունը նրա մեջ արթնացնում է հոգու ու մարմնի անհագ պահանջը․
«Սիրտս արքայություն էր ուզում, հոգիս տոն էր ուզում, տոն...»։
Ջավախյանական հումորի հանճարեղությունն հենց այստեղ է․ փողոցով անցնող սովորական մարդու ներքին տատանումը նա հավասարեցնում է տիեզերական և պատմական մասշտաբների։ Ռուբիկոնը հատելն ու սեփական կաղապարները ջարդելը դառնում են Կեսարյան քայլ, իսկ մարմնական վայելքի ձգտումը՝ գոյաբանական ընտրություն։
Պատմվածքի ամենացայտուն հնարքը, թերևս, Նիլ Արմսթրոնգի և «պարոն Գրեցկու» քաղաքային լեգենդի ներհյուսումն է։ Հերոսի՝ անհնարինն անելը, «կյանքում կյանք չանելուց» հետո սեփական կրքի արգելքը հաղթահարելը հավասարեցվում է Լուսնի վրա ոտք դնելուն։
Դա նրա անձնական, փոքրիկ, բայց «մեծագույն քայլն է»՝ դուրս գալու տարիների կաղապարից։
Ջավախյանը տիեզերական մասշտաբի իրադարձությունը հանճարեղորեն կապում է մարդկային ամենաանձնական, թաքուն ու անհնարին թվացող ձգտման հետ։
Արմսթրոնգը թռչում է Լուսին՝ ապացուցելու, որ սիրո ու կամքի առաջ անհնարին ոչինչ չկա, իսկ 77-ամյա գրողը հատում է սեփական վախերի ու տաբուների սահմանը՝ գոնե մեկ անգամ ճաշակելու համար իսկական, չզտված վայելքը։ Քայլ, որը նրա անձնական թռիչքն է դեպի «Լուսին»։
Եվ ահա, այդ տիեզերական բարձունքից էլ ծնվում է պատմվածքի վերջնական, ցնցող հանգուցալուծումը․
«Ես անկարելին կարելի էի դարձրել, մնում է նույնը ցանկանալ փուչ սրտերին․
- Ձեզ հաջողություն եմ ցանկանում, պարոն վարչապետ․․․»։
Այս մի քանի տողն էլ դառնում է պատմվածքի փիլիսոփայական ու քաղաքական կուլմինացիան։
Գրողը, որ հաղթահարեց սեփական «Ռուբիկոնը» և ճանաչեց իրական կյանքի ու զգացմունքի գինը, Արմսթրոնգի նման տիեզերական բարձրությունից, թեթև հեգնանքով հաջողություն է մաղթում «պարոն վարչապետին» և նրա նման «փուչ սրտերին», ովքեր այդպես էլ մնացին PR-ային դատարկության, կեղծիքի ու անբովանդակ «մատիկների» ուրվագծած ունայն հորիզոնում։
Իսկ ի՞նչ անի ժողովուրդը, որն ամեն առավոտ բորբոքվում է մաշող ու թունավորող պաշտոնական «սրտիկների» կլոունադայից։
Ջավախյանի պատասխանը դաժան է, բայց սթափեցնող․ հրաժարվել կեղծիքին հավատալուց և անցնել սեփական «Ռուբիկոնը»։
Քանի դեռ հասարակությունը սպասում է պաշտոնական ամբիոններից մատուցվող օդային խոստումներին ու փուչ «սրտիկներին», նա դատապարտված է մնալու կախյալ, խաբված ու հոգեպես շահագործված զոհի կարգավիճակում։ Ժողովրդի փրկությունը ոչ թե «վերևներից» մատուցվող PR-ային սիրո, այլ սեփական աչքերը բացելու և իրականությունը մերկությամբ տեսնելու մեջ է։
Ինչպես Օհան Դուրյանը 1997-ին ինձ տված հարցազրույցում (հղումը՝ https://www.irates.am/hy/1789116741) արձանագրեց միջակության դավադիր հաղթարշավը, այնպես էլ Լևոն Ջավախյանն այսօր պատռում է պաշտոնական շողոքորթության շղարշը։
Ժողովրդի միակ ելքը փուչ «սրտիկների» թակարդից դուրս գալն է, ձևական բարեպաշտությունից արթնանալն ու վերջապես իսկական մեծությունը դատարկ PR-ից տարբերելը։
Այլապես մենք անվերջ դատապարտված կլինենք ապրելու օդից կախված «սիրո» թույնով և կրկնելու նույն դառն անցյալը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․
Որպես պատասխան արդեն իսկ հնչող ու «օդում կախված» հարցադրումներին․
- Այնուհանդերձ, ինչու՞ «Ընկերոջս՝ Ավետիս Բաբաջանյանին»․ չէ՞ որ վերնագիրն ու արծարծվող թեման առաջին հայացքից ընդհանրապես համահունչ չեն։
Պարզաբանման խնդրանքով դիմեցի հենց Լևոնին։ Գրողի պատասխանը, ինչպես միշտ, անզուսպ էր, «մերկ» ու ազնիվ․
- Սիրելի ընթերցողներ (իմ սերն, ի տարբերություն ոմանց, առանց «սրտիկների» թիթիզ ցուցադրության է), այս պատմվածքը գրվել է հենց Ավետիսի ուղղորդմամբ ու խորհրդով։ Սարսափելի նյարդայնանում էի էկրաններից հորդացող էդ զզվելի, փուչ սրտիկներից։ Ավոն էլ ասաց․
«Դե որ էդպես է, նստիր ու գրիր․ համեմատիր փողոցային մարմնավաճառի ազնիվ սրտիկը վերևում հայտնված վաճառականի կեղծիքի հետ»։
Ես էլ նստեցի ու գրեցի․․․
Ահա թե որտեղ է թաքնված պատմվածքի բուն գաղտնիքը․ նվիրումն ընկերոջը պատահականություն չէ, այլ երկու մտավորականի քաղաքացիական ըմբոստության համատեղ ծնունդ։
Ավետիս Բաբաջանյանի դիպուկ հուշումն ու Լևոն Ջավախյանի անխնա գրիչը միավորվեցին՝ ստեղծելու մեր օրերի ամենասուր ու անվախ գրական մանիֆեստը, որը պատռում է պաշտոնական շողոքորթության ամոթածածկույթը։
Դիտվել է՝ 383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ