Էսպես էր սկսվել ֆաշիզմը, նացիզմը, կոմունիզմը. Մեղմ ավտորիտարիզմից մինչև դաժան տոտալիտարիզմ, և բոլորը՝ ժողովրդի անունից:
Պատմության մեջ ոչ մի ռեժիմ երբեք չի սկսվել միանգամից տանկերով, ճամբարներով կամ փակ բռնապետությամբ։
Բոլորը սկսվել են փոքր՝ առաջին հայացքից աննշան քայլից, երբ պետությունը սկսում է որոշել, թե ինչ կարելի է մտածել, ինչ կարելի է ասել և ինչ թեմաների մասին չի կարելի խոսել։
Երբ իշխանությունը սկսում է իր շահերով սահմանել թույլատրելի և արգելված գաղափարների շրջանակը, հենց այդ պահին է ծնվում այն վտանգավոր քաղաքական երևույթը, որը պատմությունը հետագայում անվանել է ֆաշիզմ։ Վերջին օրերին հնչած հայտարարությունները, որոնք արել է Հայաստանի վարչապետը, ցույց են տալիս ոչ թե առանձին քաղաքական դիրքորոշումներ, այլ՝ պետական մտածողության խորքային փոփոխություն։
Նա հայտարարել է, որ
1. Նոր Սահմանադրության մեջ չպետք է լինի հղում Հայաստանի Անկախության հռչակագրին, որովհետև «կոնֆլիկտի տրամաբանության վրա է հիմնված»:
2. Հրապարակայնորեն խոստովանել է, որ ինքն է «խնդրել» հրաժարականի դիմում գրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին այն բանից հետո, երբ վերջինս ԱՄՆ փոխնախագահին նվիրել էր Արցախի մասին գիրք, ինչը վարչապետը գնահատել է որպես «սադրիչ քայլ»։
Այս երկու հայտարարությունները կարող են թվալ տարբեր, սակայն իրականում դրանք կառուցված են նույն քաղաքական տրամաբանության վրա։ Խոսքը պետության հիմքերի վերաիմաստավորման մասին է։
Եթե պետության հիմնադիր փաստաթուղթը ներկայացվում է որպես կոնֆլիկտի աղբյուր, ապա դրանով փաստացի առաջարկվում է հրաժարվել այն քաղաքական և պատմական հիմքերից, որոնց վրա կառուցվել է Հայաստանի անկախ պետականությունը։
Հայաստանի Անկախության հռչակագիրը պարզապես պատմական տեքստ չէ։ Այն պետական ինքնության հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Հայաստանի պետականության գաղափարական և արժեքային հիմքերը։ Այդ փաստաթղթից հրաժարվելու գաղափարը իրականում նշանակում է ոչ թե տեխնիկական սահմանադրական փոփոխություն, այլ պետության ինքնության վերաձևում, ինչի մասին դրա անմիջական շահառու և քաղաքական թելադրող Ադրբեջանը բազմիցս հայտարարել է:
Սակայն առավել ուշագրավ է նույն ասուլիսում հնչած երկրորդ հայտարարությունը։ Երբ երկրի վարչապետը հրապարակայնորեն ասում է, որ իր «խնդրանքով» հրաժարական է տվել Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը, այստեղ արդեն առաջանում է ոչ միայն քաղաքական, այլև ինստիտուցիոնալ խնդիր։ Բանն այն է, որ թանգարան-ինստիտուտը պետական մարմին չէ, այլ՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող կառույց, որի տնօրենը չի հանդիսանում վարչապետին ենթակա պետական պաշտոնյա։ Սա նշանակում է, որ տվյալ պաշտոնյան չի գտնվում կառավարության ուղղակի վարչական ենթակայության ներքո։
Այստեղից առաջանում է կարևոր հարց․
ինչպե՞ս է հնարավոր, որ վարչապետը հրապարակայնորեն հայտարարի, թե իր պահանջով կամ խնդրանքով հրաժարական է տալիս մի մարդ, որը իրավական առումով իրեն ենթակա չէ։ Այդպիսիք մեր երկրում հազարավորներ են:
Քաղաքագիտական տեսանկյունից սա արդեն ոչ թե ինստիտուցիոնալ կառավարում է, այլ՝ իշխանության կամքի ընդլայնում պետական ինստիտուտների սահմաններից դուրս: Այս երևույթը քաղաքական տեսության մեջ նկարագրվում է որպես վոլյունտարիստական իշխանություն, երբ որոշումների հիմքում դրվում է ոչ թե ինստիտուցիոնալ իրավասությունը, այլ՝ իշխանության սուբյեկտիվ քաղաքական կամքը, վարչական դիկտատը։
Սակայն առավել վտանգավոր է այն գաղափարական շղթան, որը ձևավորվում է այս հայտարարությունների տրամաբանության մեջ։
1. Եթե ասվում է, որ Արցախի թեման կամ գաղափարը կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության վրա», ապա դրանից հետևում է, որ Արցախի մասին խոսելը կամ այդ գաղափարը հանրային դիսկուրսում պահելը դիտվում է որպես կոնֆլիկտի շարունակման գործոն, իսկ արցախցին, ով ունի ձգտում և պահանջ իր բնական իրավունքների վերականգնմանը՝ կոնֆլիկտի հարուցիչ:
Այստեղից տրամաբանորեն գնում է հաջորդ քայլը։
2. Եթե Արցախի գաղափարը նույնացվում է պատերազմի հետ, ապա այդ գաղափարի կրողներն ու այն բարձրաձայնողները կներկայացվեն որպես պատերազմի տրամաբանության կրողներ և հրահրողներ։
Այստեղից էլ առաջանում է երրորդ օղակը։
3. Եթե որևէ անձ կամ հանրային դերակատար կամ նույնիսկ հանրային շերտ ներկայացվում է որպես պատերազմի տրամաբանության կրող, ապա նա կարող է դիտվել որպես պոտենցիալ սպառնալիք ազգային անվտանգության համար։ Իսկ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող օբյեկտները, պետության անվտանգության համակարգերի տրամաբանությամբ, դիտարկվում են որպես վերահսկման, մեկուսացման և սահմանափակման ենթակա։
Այս կետում արդեն գաղափարական շղթան հասնում է շատ վտանգավոր եզրակացության։
4. Գաղափարը սկսում է քրեականացվել, իսկ գաղափարի կրողները կարող են ներկայացվել որպես անվտանգության մարտահրավեր և ոչ միայն զրկվել պաշտոնից, այլև դուրս դրվել հանրային միջավայրից ու մեկուսացվել։
Եվ հենց այս տրամաբանության գործնական ու նախնական դրսևորումն է այն, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։ Երբ թանգարան-ինստիտուտի տնօրենը ԱՄՆ փոխնախագահին նվիրում է Արցախի մասին գիրք, և դրանից հետո երկրի վարչապետը հայտարարում է, որ դա սադրանք է՝ հենց էստեղ է տեղի ունենում այս գաղափարական մեխանիզմի կիրառումը։
Այսինքն, գործողությունը գնահատվում է ոչ թե որպես գիտական, մշակութային կամ ակադեմիական քայլ, այլ որպես քաղաքականապես անթույլատրելի վարքագիծ։
Այսինքն, խնդիրը արդեն գիրքը չէ։
Խնդիրը այն է, որ որոշ թեմաներ սկսում են դիտարկվել որպես թույլատրելի կամ արգելված գաղափարներ և գործողություններ:
Քաղաքագիտական տեսանկյունից սա հիշեցնում է այն քաղաքական մոդելները, որտեղ պետությունը սկսում է բաժանել հասարակությունը ոչ թե քաղաքացիների, այլ՝ գաղափարապես թույլատրելի և գաղափարապես անթույլատրելի խմբերի։
Երբ պետության գաղափարական քաղաքականությունը հասնում է այն մակարդակին, որ որոշ ազգային թեմաների բարձրաձայնումը կարող է դիտվել որպես «սադրանք» կամ «ազգային անվտանգության խնդիր» այդ պահին ձևավորվում են այն վտանգավոր նախադրյալները, որոնք պատմությունը բազմիցս նկարագրել է որպես գաղափարական ֆաշիզմի սկզբնական փուլ։
Այդ մոդելի մեջ վտանգավոր է ոչ միայն ուժի կիրառումը, այլև առաջին հերթին մտքի և գաղափարի նկատմամբ վերահսկողությունը։ Որովհետև հենց այդ պահից հասարակությունը բաժանվում է ոչ թե քաղաքական դիրքորոշումների, այլ թույլատրելի և անթույլատրելի մտածողության և քաղաքական տարածքների։
Երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ազգային հիշողության, պատմության կամ ինքնության որ հատվածն է «թույլատրելի», իսկ որը՝ «սադրիչ», պետությունը աստիճանաբար հեռանում է բաց և մրցակցային հասարակության տրամաբանությունից։
Այսօր մենք տեսնում ենք միայն այդ երևույթի ծիլերը։ Պատմությունը ցույց է տալիս, որ եթե նման երևույթները ժամանակին չեն կանգնեցվում, դրանք շատ արագ վերածվում են գաղափարական, իսկ հետո նաև՝ պետական էքստրեմիզմի։
Հետևաբար, խնդիրը մեկ հայտարարությունը չէ, մեկ հրաժարականը չէ կամ մեկ քաղաքական դրվագը չէ։ Խնդիրը այն է, որ նման տրամաբանությունը, եթե ժամանակին չկանգնեցվի, անխուսափելիորեն տանում է դեպի այն նույն ճանապարհը, որով անցել են բազմաթիվ հասարակություններ։
Այդ ճանապարհը պատմության մեջ շատ պարզ ձևակերպում ունի։
Էսպես էր սկսվել ֆաշիզմը։
Վլադիմիր Մարտիրոսյան