Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Բաց նամակ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինին

Բաց նամակ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինին
13.03.2026 | 15:57

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ:

Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին և պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգողը, դիմում եմ Ձեզ՝ որպես ՌԽՖՍՀ իրավահաջորդ պետության ղեկավար, նպատակ ունենալով տեղեկացնել Ձեզ հնարավոր միջազգային իրավական հետևանքների մասին՝ կապված 2026 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված փոփոխություններին, որոնք վերաբերում են 2025 թվականի հուլիսի 8-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կատարված սահմանադրական փոփոխություններին։

2025 թվականի հուլիսի 8-ին Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանն ընդունել է փոփոխություններ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունում, որոնք էականորեն փոխում են ինքնավարության իրավական կարգավիճակը և նրա փոխհարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինների հետ։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ստեղծվել է 1924 թվականի փետրվարի 9-ին՝ ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հիման վրա։ Այս միջազգային պայմանագրերը սահմանում էին Նախիջևանի տարածքի իրավական կարգավիճակը և ամրապնդում էին նրա հատուկ կարգավիճակը։ Մասնավորապես՝ Մոսկվայի պայմանագրի III հոդվածում նախատեսված է, որ Նախիջևանի մարզը ճանաչվում է ինքնավար տարածք Ադրբեջանի հովանու ներքո, այն պայմանով, որ այդ հովանու իրավունքը չի կարող փոխանցվել երրորդ պետության։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նոր խմբագրությամբ հանվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի բոլոր հիշատակումները։ Դրանց փոխարեն ամրագրվել է, որ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը անբաժանելի մաս է կազմում Ադրբեջանի Հանրապետության», իսկ ինքնավարության մարմինների լիազորությունները սահմանափակվել են և ենթարկվել անմիջականորեն Ադրբեջանի Հանրապետության նախագահին։

Վերը նշված հանգամանքների մասին ես տեղեկացրել եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Կոպիրկինին։

Միջազգային իրավունքի տեսանկյունից նշված փոփոխությունները կարող են դիտվել որպես Նախիջևանի ինքնավարության իրավական կարգավիճակը միակողմանիորեն փոխելու փորձ, որը սահմանվել է 1921 թվականի միջազգային պայմանագրերով։ Այս առումով անհրաժեշտ է իրականացնել իրավական գնահատում՝ պարզելու համար, արդյոք Մոսկվայի և Կարսի պայմանագրերով ամրագրված միջազգային իրավական կարգավիճակը ամբողջությամբ պահպանվե՞լ է ինքնավարության կարգավիճակի սահմանման մասով։

Ավելին, այս փոփոխությունները կարող են առաջ բերել իրավական անորոշություն Հարավային Կովկասում գոյություն ունեցող պետական սահմանների վերաբերյալ։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանումը, կարգավորվում է նաև ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճռով։ Այս հանգամանքները կարող են անմիջական ազդեցություն ունենալ տարածաշրջանային անվտանգության համակարգի վրա, այդ թվում՝ Թուրքիայի և Հայաստանի սահմանային հատվածի վրա։ Ներկայումս այս հատվածում անվտանգության ապահովումը իրականացվում է մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից՝ հայ-ռուսական պայմանագրերի շրջանակում։

Ըստ այդմ, անհրաժեշտ է կատարել համապարփակ իրավական և քաղաքական-դիվանագիտական գնահատում, ինչպես նաև վերլուծել դրա հնարավոր հետևանքները սահմանների միջազգային իրավական պահպանման և տարածաշրջանային անվտանգության համակարգի համար։

Վերոգրյսլից ելնելով խնդրում եմ Ձեր ուշադրությունը ներկայացված տեղեկատվության առնչությամբ և տալ համապատասխան իրավական ու քաղաքական-դիվանագիտական գնահատական վերոնշյալ իրավիճակին։

Հարգանքով՝

Հայաստանի Հանրապետության պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող`

Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

13.03.2026 թ.

Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ