ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայաստանը երեք օրում Շվեյցարիա չի դառնա

Հայաստանը երեք օրում Շվեյցարիա չի դառնա
07.05.2018 | 09:34

Կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հավատացած է, որ Նիկոլ Փաշինյանը ի վերջո իշխանության կգա, սակայն նրա նշանակումը կդառնա Հայաստանում իրական ժողովրդավարություն հաստատելուն միտված երկար և դժվարին ճանապարհի սկիզբը: Քաղաքագետի հետ հարցազրույցը վարել է ֆրանսիական Liberation-ի թղթակից Վերոնիկա Դորմանը:


«Խորհրդարանում քվեարկությունը նշանակված է մայիսի 8-ին. Կամ Փաշինյանը կկարողանա ստանալ անհրաժեշտ ձայները, կամ խորհրդարանը կարձակվի, ինչը ամենալավ լուծումը չէ, քանի որ ընտրությունները կկազմակերպվեն գործող ընտրական հանձնաժողովի կողմից, և դա կլինի մեկ կամ մեկուկես ամիս անց, մինչդեռ Փաշինյանի ներկայացրած խմբակցությունը փոքրամասնություն է խորհրդարանում»,- նշել է Իսկանդարյանը: Լրագրողի հարցին, թե որն է Փաշինյանի ծրագիրը, քաղաքագետը պատասխանել է, որ նա ծրագիր չի ներկայացնում, և դա շատ խելամիտ քայլ է, քանի որ ցանկացած ծրագիր կնվազեցներ նրան ցուցաբերած աջակցության մակարդակը: Եթե նա արտահայտվի Ռուսաստանի օգտին, շատերը նրան կդադարեն աջակցել, եթե հակառակն անի, մյուսները չեն աջակցի: Եթե խոսի լիբերալիզմի և ձախ գաղափարների մասին, դարձյալ դժգոհողներ կլինեն:


Փաշինյանը առաջարկում է համակողմանի և միավորող կարգախոսներ: Կոռուպցիայի դեմ տրամադրված են բոլորը. նա կիրառում է ձախերի դիսկուրսը՝ հարստության վերաբաշխում, խոշոր ընկերությունների մենաշնորհի դեմ պայքար, հավասարություն և այլն: Խնդիրն այն է, որ փողոց դուրս եկած մարդիկ երջանկություն են ուզում, սակայն Հայաստանը երեք օրում Շվեյցարիա չի դառնա. նրանք, անկասկած, կհիասթափվեն: «Փաշինյանը խելացի է, տաղանդավոր, հրաշալի հռետոր է, ով զգում է ամբոխին, սակայն նա երբեք կառավարման, կառույցների ստեղծման իմաստով քաղաքականությամբ չի զբաղվել: Նա պետք է սովորի աշախատանքի անցնելու օրվանից ի վեր, և այդ ժամանակ չափազանց կարևոր է, թե ովքեր են նրան շրջապատում: Հայաստանի խնդիրը առաջնորդի անձի մեջ չէ, այլ ուժերի հավասարաչափ բաշխման և կուսակցական համակարգի կատարելագործման մեջ»,- նշել է քաղաքագետը:


Միամիտ կլինի կարծել, որ բավական է կարգուկանոն հաստատել և արդարություն ապահովել, որ նույն պահին ներդրումներ արվեն երկրում: Հայաստանի տնտեսությունը կառուցված է մենաշնորհի վրա: Անհրաժեշտ է հակակշիռների համակարգ ստեղծել, միմյանց վերահսկող ատյաններ, իրականում անկախ մամուլ, սակայն ստվերային տնտեսությունը հնարավոր չի լինի երկու ամսում արմատախիլ անել՝ նշել է Իսկանդարյանը:

Դիտվել է՝ 2818

Մեկնաբանություններ