ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հիմնադրամի տրանսպորտային միջոցներով ձեռնարկատիրական գործունեություն է ծավալվել

Հիմնադրամի տրանսպորտային միջոցներով ձեռնարկատիրական գործունեություն է ծավալվել
01.02.2019 | 05:15

Լոռու մարզպետարանի երկարամյա պաշտոնյա Մայիս Խաչատրյանը 2018-ի օգոստոս ամսից կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել: Նրա ղեկավարած հիմնադրամի գործունեության վերաբերյալ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա հանցագործության հատկանիշների հիման վրա Լոռու մարզի դատախազությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու փաստի կապակցությամբ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:


Լինելով Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կրթության բաժնի պետը՝ Մայիս Խաչատրյանը պաշտոնավարմանը զուգահեռ նաև անհատական հիմնադրամ է ստեղծել, որի բյուջեն գոյացել է նշված վարչությանը անմիջականորեն ենթարկվող՝ մարզի հանրակրթական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի պահումներից:
Մի շարք ուսումնական հաստատությունների նախկին ու ներկա աշխատակիցներ ոստիկանությունում հաղորդում են տվել, որ յուրաքաչյուր ամիս պարտադրված կարգով են իրենց աշխատավարձից մեկ տոկոսի չափով գումար փոխանցել «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին: Քննության արդյունքում, իրավապահների տվյալներով, 2001-2018 թթ. ընթացքում միայն 15 ուսումնական հաստատություններից նշված հիմնադրամների հաշվեհամարներին փոխանցվել է 82 մլն 11 հազար 166 դրամ, ինչը էական վնաս է պատճառել աշխատակիցների ու կազմակերպությունների օրինական շահերին:
Պարզվում է, որ, կրթության համակարգի աշխատողների աշխատավարձից բացի, հիմնադրամի ֆինանսավորման մյուս աղբյուրը հիմնադրամի հաշվեկշռում գրանցված տրանսպորտային միջոցները ուղևորափոխադրման նպատակով շահագործելուց ստացված եկամուտն է եղել:


Շիրակամուտ-Սպիտակ-Վանաձոր երթուղին ներկայումս սպասարկող ընկերության տնօրեն Ռոբերտ Դիլբարյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ նախկինում այն «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից է շահագործվել. «Բավականին երկար տարիներ իրենք են եղել, հետո չկարողացան ապահովել մրցույթի պայմանները, դադարեցրին իրենց գործունեությունը: Գիծը դատարկ էր մնացել, որպեսզի բնակչությունը չտուժեր, մարզպետարանը գրությունով հանձնարարեց, որ մենք սպասարկենք մինչև հաջորդ մրցույթը, հետո մրցույթին «Լոռի հիմնադրամը» չմասնակցեց, մասնակցեցինք մենք ու հաղթեցինք: Չէին կարողանում մրցույթի պայմանները բավարարել, կարծեմ՝ մեքենայի խնդիր ունեին, թե տարեթիվն էր անցած, թե մի մեքենա պակաս ունեին, ամեն դեպքում գիտեմ, որ իրենք մրցութային պայմանները չէին կարողանում ապահովել»:


Թե ինչպես է մարզպետարանի անցկացրած մրցույթում նույն կառույցի պաշտոնյան անբավարար հիմքերով ձեռք բերել նշված երթուղու շահագործման իրավունքն ու տևական ժամանակ գործունեություն ծավալել, պարզ կդառնա մրցութային փաթեթի ուսումնասիրությունից, ինչը մարզպետարանը փորձում է ձգձգել՝ վկայակոչելով իբր արխիվային տեղեկատվության հանգամանքը, մինչդեռ տվյալ դեպքում օրենքով սահմանված՝ ըստ տեսակի հայցվող փաստաթղթերի պահպանման ժամկետը դեռևս ուժի մեջ է, հետևաբար այս հարցում արհեստական խոչընդոտներ է հարուցում նաև Լոռու մարզպետարանը:
Հիմնադրամի փաստաթղթերն առգրաված իրավապահները, կրթության աշխատակիցներից պարտադիր հանգանակված գումարների ծախսային հիմքերը քննության առնելուց բացի, ուշադրություն պետք է դարձնեն նաև հիմնադրամի ծավալած ձեռնարկատիրական գործունությանն ու ստացված շահույթի իրական ծավալներին: Չենք զարմանա, եթե հիմնադրամի տնօրենի հաշվետվություններում տնտեսական գործունեության մասով եկամուտն ու ծախսերը հավասարեցված լինեն կամ գրեթե հավասարեցված։ Այսպես, օրինակ, տարեկան հաշվետվություններից մեկում նշված է, թե հիմնադրամը վառելանյութի, տրանսպորտի սպասարկման և վերանորոգման համար տարեկան 3 մլն 92 հազար 450 դրամ է ծախսել:


Հիշեցնենք, որ «Լոռու դպրոց» հիմնադրամի տնօրեն Մայիս Խաչատրյանը հետհեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ «Իմ քայլը» դաշինքով Լոռուց 15 հազար քվեով ԱԺ 7-րդ գումարման պատգամավորների ցանկում հայտնված, «Իմ քայլի» Լոռու տարածքային գրասենյակի ղեկավար Արամ Խաչատրյանի հայրն է:


Ադրինե ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ