Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լույսի առկայծում՝ մեծ խավարում

Լույսի առկայծում՝ մեծ խավարում
07.02.2026 | 12:41

Նույնիսկ մեկ տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ Հայ Առաքելական Եկեղեցու երևելի սրբազանների դեմ կարող են նախաձեռնվել շինծու քրեական հետապնդումներ՝ պետական ապարատի ամբողջ ծանրությամբ։ Դա այն սահմաններից էր, որը, անկախ քաղաքական հակասություններից, թվում էր անանցանելի։

Այսօր այդ սահմանը ոչ միայն հատվել է, այլև հետևողականորեն նորմալացվում է։ Իրավական խեղաթյուրումը վերածվել է քաղաքական գործիքի, իսկ հոգևոր ինստիտուտի դեմ ճնշումը՝ իշխանական հաշվարկի բաղադրիչի։ Եվ այս պայմաններում հասարակությունը փաստացի ստիպված է «դրական զարգացում» համարել այն, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը որոշ չափով մեղմվել է՝ կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Բայց սա հաղթանակ չէ։ Սա արդարության վերականգնում չէ։ Սա ընդամենը մխիթարություն է՝ համակարգային անարդարության խորացող միջավայրում, լույսի փոքր առկայծում՝ մեծ խավարի մեջ։

Այն պահին, երբ հանրությունը սկսում է ուրախանալ ոչ թե ազատության, այլ կալանքի ձևի փոփոխության համար, գործ ունենք նորմալության վտանգավոր ընկալման հետ։ Երբ ապօրինությունն ընդունելի է դառնում իր «մեղմացված» տարբերակով, պետությունը կորցնում է իրավական չափանիշները, իսկ հասարակությունը՝ բարոյական դիմադրողականությունը։

Այս պատմությունը միայն Միքայել Սրբազանի մասին չէ։ Այն նախադեպ է և ահազանգ, որ իշխանությունը պատրաստ է անցնել ինստիտուցիոնալ սահմանները՝ քաղաքական նպատակահարմարության տրամաբանությամբ։ Նման ուղին, անկախ կարճաժամկետ շահերից, անխուսափելիորեն հանգեցնում է պետականության թուլացման և հանրային վստահության քայքայման։

Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես առաջընթաց, իրականում պետք է ընկալվի որպես լուրջ ազդանշան․ երբ մխիթարությունը շփոթվում է հաղթանակի հետ, վտանգն այլևս համակարգային է։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 19866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ