«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Իրանը Հայաստանի կենսունակության և հզորացման հարցում ավելի է շահագրգռված, քան մյուս բոլոր ուժային կենտրոնները՝ միասին վերցրած

Իրանը Հայաստանի կենսունակության և հզորացման հարցում ավելի է շահագրգռված, քան մյուս բոլոր ուժային կենտրոնները՝ միասին վերցրած
18.06.2026 | 20:21

Դարձյալ հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի գործող վայ-իշխանությունը և գլխավոր ընդդիմադիր ուժերը, մեղմ ասած, անհաղորդ են աշխարհառազմավարական իրադրության բեկումնային փոփոխություններին և շարունակում են առաջնորդվել հնամաշ կարծրատիպերով։

Այսօր Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության հուշագրի ստորագրմամբ մեր անմիջական հարևանությամբ ծնվել է նոր գերտերություն։ Բանն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների հետ պատերազմից դուրս եկավ ոչ միայն անպարտ, ոչ էլ պարզապես հաղթանակած, այլ, շատ ավելին, սեփական աշխարհառազմավարական կշիռն ու ուժային լծակները բազմապատկած։

Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտին կտրուկ ընդլայնվում է՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դիրքերի թուլացման հաշվին։ Այն այժմ ներառում է համաշխարհային տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող մի ահռելի տարածք՝ Պակիստանից ու Հնդկաստանից մինչև Այսրկովկաս, և Կենտրոնական Ասիայից մինչև Պարսից ծոց, Օմանի ծոց, Կարմիր ծով ու Լիբանան՝ իրենց նավթային, գազային, պարարտանյութային և այլ ռեսուրսային հարստություններով։ Իրանն արդեն սկսում է սեփական պայմանները թելադրել այդ շառավղում գտնվող պետություններին և նրանց նախկին հովանավորներին։

Ամերիկյան տնտեսական պատժամիջոցների մեղմացման և աստիճանական վերացման, ինչպես նաև վճարվելիք շուրջ 300 միլիարդ դոլարի փոխհատուցումների (փաստացի՝ ռեպարացիաների) շնորհիվ Իրանը ստանում է տնտեսական թռիչքային զարգացման բացառիկ հնարավորություն։ Սա զուգահեռաբար կհանգեցնի նաև նրա ռազմական հզորացմանը։

Այս դարակազմիկ զարգացումներն անցնում են Հայաստանի քաղաքական դաշտի և նրա առաջնորդների կողքով։ Նրանք չեն նկատում, չեն վերլուծում և չեն վերադիրքավորվում. նրանց մտածողության ու հռետորաբանության մեջ դարձյալ ներկա են միայն Ամերիկան, Ռուսաստանը և Եվրոպան։

Այնինչ անհրաժեշտ է խորությամբ գիտակցել հարևան և բարեկամ Իրանի սրընթաց վերելքը և շուտափույթ կերպով նրա հետ ռազմավարական ու ռազմական դաշինքներ կնքել՝ ապահովելով Հայաստանի անվտանգությունը գալիք տարիների և տասնամյակների համար։ Աշխարհաքաղաքական նոր իրողություններում, հատկապես եթե Հայաստանը դառնա Իրանի պաշտոնական դաշնակիցը, Բաքուն և Անկարան ստիպված կլինեն մոռանալ Սյունիքի նկատմամբ իրենց տարածքային հավակնությունների մասին։

Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրոպան, բնականաբար, նույնպես կարևոր են, սակայն մեզ համար առաջնայինը պետք է դառնա Իրանը։ Այս պետությունը Հայաստանի կենսունակության և հզորացման հարցում ավելի է շահագրգռված, քան մյուս բոլոր ուժային կենտրոնները՝ միասին վերցրած։ Այլ կերպ ասած՝ Իրանն ունի թե՛ կարողություն, թե՛ ցանկություն՝ կանխելու ադրբեջանական հարձակումը Հայաստանի դեմ, մինչդեռ մյուսների դեպքում պակասում է կա՛մ առաջինը, կա՛մ երկրորդը։

Ուստի Հայաստանի արտաքին քաղաքականության նոր առանցքը պետք է լինի հստակ ու աներկբա՝ ռազմավարական դաշինք Իրանի հետ՝ հանուն Հայաստանի անվտանգության, Սյունիքի անառիկության և հայոց պետականության հարատևության։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 11262

Մեկնաբանություններ