Բարի գալուստ, Գարնան առաջին այգաբաց,
խաղաղություն և առատություն բեր Հայոց աշխարհին,
ծաղկեցրու, պտղավորիր սրբազան հողն Ավետյաց Երկրի,
խելառ ջրերիդ առնական համբույրները թող օրհնյալ լինեն,
արևով ու լույսով ջերմացրու ամեն հունդ, որ պայթեն , տարածվեն ու աճեն, բազմանա՜ն։
Հավատքով զինիր սերմնացաններին. երբեք չընկրկեն եղանակների
ու բազում այլ հանգամանքների որևէ պատճառով:
Համբերությամբ զինիր հավատավորներին
և անուշացրու մեր աչքերում
ու ռունգերում մեր գեղեցիկներին, որպեսզի այլ ափերի կանչերը մարեն մեր մեջ
ու լիանանք քարից քամած ՀԱՑՆՈՒԳԻՆՈՎ - ՏԵՐ ԿԵՆԴԱՆԻՈՎ։
Եվ սեր սփռիր ամենուր,
թող բոլոր կոշտացած սրտերը նույնպես վայելեն վերերկրային շնորհաստեղծ այդ զգացումը:
Եվ բացիր ջերմեռանդ սիրով
Հայոց աշխարհի հորիզոնները։
Հրաշագործի՛ր,
ՄԵԾԴ ԴԻՑԱՄԱՅՐ ԳԱՐՈՒՆ,
հրաշագործի՜ր։
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ