Այն, ինչն անհնարին էր թվում ընդամենը ութ տարի առաջ, այսօր դարձել է ակնհայտ: Հայաստանի անունից հանդես գալու արտոնագիր է տրվել օտարահպատակ մի խումբ վարձկանների, որոնք չեն էլ թաքցնում արդեն իրենց քաղաքական ծագումնաբանությունը:
Անհնարինն առավել ակնհայտ դարձավ, երբ «հայտնաբերեցինք», որ նույն վարձկանի հոգեբանությամբ է շարժվում հանրության զգալի մի հատված, որի անունից էլ ինքնահռչակվել ու Հայաստան երկիր են «ղեկավարում» դրածոները: Ընդ որում, «ղեկավարում» են ճիշտ այնպես, ինչպես կղեկավարեր դրկից երկրների քաղաքացիություն ունեցող ոմն Փաշօղլի կամ Նիկոլզադե:
Անհնարինը ակնհայտ դարձրած վերջին ցցուն վկայությունն էլ հրեաների «ճանաչած» Հայոց ցեղասպանությունն էր: Անկարան ու Բաքուն «եղբայրական բռունցք» ճոճեցին Թել Ավիվի ուղղությամբ, սրանց հայախոս «քարդաշն» էլ պատրաստակամորեն իր «փափլիկ թաթիկը» միացրեց բռունցքին:
«Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»:
Ահա այսպիսի «անթվանք» թոթովանք, որ նույնիսկ օղլի-զադեները կամաչեին հնչեցնել, եթե հայերի անունից բացեիբաց արտահայտվելու իրավունք վերապահվեր:
Մի պահ վերացարկվենք մեր խղճուկ իրականությունից և փորձենք պատկերացնել, թե ինչ արձագանքի «կարիք կտեսներ» Հայաստանը ներկայացնող անձը, եթե արժանապատիվ հայության քվեով ընտրված վարչապետ լիներ:
Ամենայն հավանականությամբ, չէր շտապի երախտագիտություն հայտնել Իսրայելի կառավարությանը, այլ դիվանագիտորեն «թայմ աութ» կվերցներ, քանի դեռ աշխարհաքաղաքական պղտոր ջրերը լիովիվ չեն հստակվել, և չի ավարտվել մեծ շնաձկների որսը փոքր ձկների վտառում:
Կհայտարարեր, որ Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչելու որոշումն այս երկրի կողմից պաշտոնական ճանաչում չի նշանակում դեռ, վերջին խոսքի իրավունքը խորհրդարանինն է, օրենքը վավերացնողն էլ՝ նախագահը:
Այ, կավարտվեն այս ընթացակարգերը, այն ժամանակ էլ պարզ կլինի՝ ճանաչե՞ց Իսրայելը Օսմանյան կայսրության իրագործած Ցեղասպանությունը, թե՞ չճանաչեց:
Այս իրողությունները հաշվի առնելով էլ կձևակերպվեր պաշտոնական Երևանի դիրքորոշումն ու պատասխան արձագանքը:
Հաշվի կառնվեր և այն, որ Կնեսետը շտապելու մտադրություն չունի: Երկու շաբաթից արձակուրդ է մեկնում, մինչև հետ գա արձակուրդից, աշուն կլինի, հոկտեմբերին էլ նոր խորհրդարանական ընտրություններ են, հետո՝ նոր կառավարություն կձևավորվի:
Մի խոսքով, բռավո հրեաներին, լավ ժամանակ ընտրեցին՝ տարածաշրջանային հերթական առևտուրը թուրքերի հետ վերջնական տեսքի բերելու համար: Հայոց ցեղասպանության բազմաչարչար հարցն էլ հաջող գործարքի բավականին ծանրակշիռ կռվան է:
Վերացարկվելը՝ վերացարկվեցինք, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Եվ ինչպե՞ս պիտի փոխվեր, եթե պաշտոնական Երևանը, ցավոք, վաղուց սեփական դիրքորոշում չունի: Փոխարենը, Հայաստանի համար վճռորոշ հարցերը «չզենքայնացնելու» ողորմելի մարտավարություն է որդեգրել ու առանց վարանելու երկիրը գլորում է դեպի «խաղաղ հանգրվան»:
Մե՞նք ինչ ենք անում՝ ակնհայտը անհնարին դարձնելու համար: Ընդվզում ենք: Գրելո՛վ: Առայժմ գրելը չեն հայտարարել «թեման զենքայնացնող» վտանգավոր զբաղմունք: Չնայած, սրանցից ամեն ինչ սպասելի է: Հրաման իջավ «վերին դռնից»՝ դա էլ կանեն:
Լիլի Մարտոյան