ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Չպետք է որևէ իլյուզիա ունենալ Սահմանադրական դատարանի հնարավոր անաչառության վերաբերյալ

Չպետք է որևէ իլյուզիա ունենալ Սահմանադրական դատարանի հնարավոր անաչառության վերաբերյալ
25.06.2026 | 14:30


Սահմանադրական դատարանում առաջիկա օրերին քննության առարկա են դառնալու խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սակայն իրականում քննարկվելու է ոչ միայն ընտրությունների արդյունքների հարցը, այլև՝ Հայաստանի քաղաքական համակարգի լեգիտիմության խնդիրը։

Չպետք է որևէ իլյուզիա ունենալ Սահմանադրական դատարանի հնարավոր անաչառության վերաբերյալ։ Գործող ՍԴ բոլոր անդամներն ընտրվել կամ նշանակվել են գործող իշխանության օրոք և իշխող քաղաքական մեծամասնության վճռորոշ մասնակցությամբ։ Հետևաբար, անկախ կայացվելիք որոշումից, հանրության զգալի հատվածի մոտ անխուսափելիորեն առաջանալու են հարցեր այդ որոշման քաղաքական անկախության վերաբերյալ։

Միաժամանակ, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, չի կարելի բացառել նաև մեկ այլ սցենար. նոր ընտրությունները կարող են բխել ոչ միայն ընդդիմության, այլև հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերից։

Այս ընտրությունների արդյունքներից դժգոհ է ոչ միայն հասարակության զգալի հատվածը, այլև, ըստ բազմաթիվ գնահատականների, նաև ինքը՝ գործող իշխանությունը և նրա արտաքին քաղաքական հովանավորները։ Գործող իշխանությունը չստացավ այն արդյունքը, որը հնարավորություն կտար միանձնյա և անարգել առաջ տանել սահմանադրական փոփոխությունների օրակարգը։ Բացի այդ, ընտրությունների արդյունքների շուրջ ձևավորված խոր անվստահությունը շարունակում է ծանրանալ իշխանության քաղաքական լեգիտիմության վրա։

Այս պայմաններում նոր ընտրությունները կարող են դիտարկվել որպես գործող իշխանության համար միաժամանակ երեք խնդիր լուծելու հնարավորություն՝ ստանալ սահմանադրական մեծամասնություն, ազատվել ոչ լեգիտիմության խարանից և վերաձևավորել քաղաքական դաշտը սեփական շահերին առավել համապատասխան պայմաններում։

Ընդ որում, եթե նման սցենար իսկապես դիտարկվում է, ապա ժամանակի գործոնը ևս իշխանության օգտին չէ. այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքական հնարավորությունները, վարչական ռեսուրսներն ու ազդեցության լծակները, հավանաբար, ավելի մեծ են, քան մեկ տարի հետո։

Հետևաբար, Սահմանադրական դատարանի որոշումը կարող է դառնալ ոչ թե հետընտրական ճգնաժամի ավարտը, այլ Հայաստանի ներքաղաքական նոր փուլի մեկնարկը։

Առաջիկա օրերն ու շաբաթները, ակնհայտորեն, լինելու են չափազանց կարևոր և որոշիչ մեր պետականության գոյության և քաղաքական համակարգի վերափոխման շուրջ հնարավոր զարգացումների տեսանկյունից։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ