Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Իրականություն, որը թաքցվում է «խաղաղության օրակարգ» կոչվող գեղեցիկ փաթեթավորման տակ

Իրականություն, որը թաքցվում է «խաղաղության օրակարգ» կոչվող գեղեցիկ փաթեթավորման տակ
19.06.2026 | 13:52

Վերջին օրերին Թուրքիայից և Ադրբեջանից հնչած երկու հայտարարությունները, որոնք հայկական տիրույթում հատուկ արձագանք չստացան, հերթական անգամ բացահայտեցին այն իրականությունը, որը տարիներ շարունակ թաքցվում է «խաղաղության օրակարգ» կոչվող գեղեցիկ փաթեթավորման տակ։

Նախ Թուրքիայի իշխանական դաշինքի առանցքային դեմքերից Դևլեթ Բահչելին հայտարարեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է անվանել իր «իրական անունով»՝ «Թուրանի միջանցք»։ Գրեթե նույն ժամանակ Ադրբեջանում պետական հովանավորությամբ գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարեց, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» համար։

Ակնհայտ է, որ նշված հայտարարությունները նույն ռազմավարության երկու բաղադրիչներն են։ Առաջինը վերաբերում է Հայաստանի տարածքը թուրքական աշխարհը միավորող աշխարհաքաղաքական միջանցքի վերածելու ծրագրին, երկրորդը՝ ՀՀ նկատմամբ երկարաժամկետ քաղաքական և ժողովրդագրական պահանջների ձևավորմանը։

Ըստ էության, հենց այստեղ էլ փլուզվում է «խաղաղության» մասին ՀՀ-ում թևածող պաշտոնական նարատիվը։ Եթե գործընթացի արդյունքում Թուրքիան ավելի բաց է խոսում «Թուրանի միջանցքից», իսկ Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, ապա ակնհայտ է, որ խոսքը հավասար իրավունքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղության մասին չէ, այլ՝ իջեցված հանձնարարականի։

Ավելին, այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Անկարան և Բաքուն ոչ միայն չեն հրաժարվել իրենց ռազմավարական նպատակներից, այլ արդեն նույնիսկ անհրաժեշտ չեն համարում դրանք քողարկել։

Սա է պատճառը, որ այսօր «խաղաղության օրակարգը» գնալով ավելի շատ նմանվում է ոչ թե ազգային շահերի պաշտպանության ռազմավարության, այլ թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկման քաղաքական տեխնոլոգիայի։ Փաստացի՝ մի կողմը հետևողականորեն առաջ է տանում սեփական պանթուրանական նարատիվները, իսկ մյուսը՝ հասարակությանը համոզում է, որ դրանց չդիմադրելը խաղաղություն է։ Այլ կերպ ասած՝ գործ ունենք կոլաբորացիոնիզմի դասական դրսևորման հետ։

Ի դեպ, որքան ավելի բաց են դառնում Անկարայի ու Բաքվի իրական նպատակները, այնքան ավելի դժվար է հավատալ, որ այս գործընթացի գլխավոր շահառուն Հայաստանն է։ Այս պահին, առնվազն, գործընթացները բոլորովին այլ բան են հուշում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3565

Մեկնաբանություններ