1988-ի այս օրը սկսվեցին Սումգայիթի ջարդերը՝ համակարգված բռնություն, որը նպատակ ուներ վախի, տեղահանության և էթնիկ զտման միջոցով փոխել քաղաքական իրականությունը։
Սումգայիթը վաղուց դուրս է միայն պատմության ոլորտից։ Այն դարձել է միջազգային իրավունքի և հիշողության քաղաքականության քննության կետ։ Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ ըստ ազգային պատկանելիության քաղաքացիական բնակչության նկատմամբ կազմակերպված հարձակումները տեղավորվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շրջանակում՝ ենթադրելով իրավական գնահատական և պատասխանատվության մեխանիզմներ։
Անպատժելիությունը վերածվում է նախադեպի, իսկ նախադեպը՝ խրախուսանքի։ Արցախահայության բռնի տեղահանումը դրա վառ ապացույցն է:
Հիշողության քաղաքականությունն այստեղ առանցքային է։ Երբ պետությունը կամ միջազգային հանրությունը խուսափում է հստակ որակումներից, տեղի է ունենում երկրորդային բռնություն՝ մոռացության միջոցով։ Ցավը դառնում է վիճակագրություն, իսկ հանցագործությունը՝ «էպիզոդ»։
Սակայն հիշողությունը միայն սգի արարողություն չէ․ այն ինքնապաշտպանության ինստիտուտ է։
Այս համատեքստում առավել մտահոգիչ է Երևան-Բաքու հարաբերությունների շուրջ ձևավորվող մշուշոտ «խաղաղության օրակարգը»։ Խաղաղությունը, որը կառուցվում է պատմական պատասխանատվության շրջանցման վրա, վերածվում է ժամանակավոր զինադադարի։ Եթե իրավական գնահատական չկա, եթե քաղաքական մակարդակում բացակայում է հստակության լեզուն, ապա «խաղաղությունը» դառնում է զիջում՝ առանց անվտանգային հիմքի։
Խաղաղություն չի կարող լինել հիշողության կրճատման հաշվին։ Չի կարող լինել միջազգային իրավունքի ընտրովի կիրառմամբ։ Պետությունը, որը հրաժարվում է պատմական արդարության պահանջից, դառնում է ոչ թե խաղաղարար, այլ՝ պատմության պասիվ օբյեկտ։
Սումգայիթը նախազգուշացում էր։
Այն ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ ատելությունը ինստիտուցիոնալացվում է, իսկ միջազգային արձագանքը սահմանափակվում է ձևական հայտարարություններով։ Այսօր, երբ խոսվում է «նոր էջ» բացելու մասին, անհրաժեշտ է նախ փակել անպատժելիության էջը։
Հիշողությունը քաղաքական պատասխանատվություն է։ Իսկ պատասխանատվությունը՝ ինքնիշխանության հիմք։
Վահե Դավթյան