Բժշկական ոլորտում իրական քաոս է, որի հեղինակն է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Քաղաքացին առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է: Ունի ուղեգիր: «Արմեդ» համակարգով նայում է, թե որ բժշկական հաստատությունն է մատուցում իրեն ցուցված ծառայությունը և այդ հաստատություններից որն է իր համար նախընտրելի: Քաղաքացու ընտրությունը կանգնում է, օրինակ` Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոնի վրա: Ըստ «Արմեդ»-ի, Կենտրոնը և´ ցուցված ծառայությունն է մատուցում, և´ լոգիստիկ տեսանկյունից նախընտրելի է: Քաղաքացին գնում է «Շենգավիթ» ԲԿ: Տեղում պարզվում է, որ Կենտրոնը «պետպատվերով հիվանդներին չի սպասարկում»:
Պարզաբանման համար քաղաքացին դիմում է Առողջապահության նախարարություն: 1-2 օր անց նախարարությունից պարզաբանում են, որ «Շենգավիթ» ԲԿ-ն «որոշ կոդեր ստացել է, որոշ կոդեր չի ստացել, ընթացքում է, աստիճանաբար կստանա»: Ի՞նչ է նշանակում «կոդ ստանալ»: Արդյո՞ք դա դժվար և ծանր գործընթաց է: Ի վերջո, արդյո՞ք կա գեթ մեկ ԲԿ, որն ամբողջությամբ ստացել է «բոլոր կոդերը»: Առողջապահության նախարարության աշխատակիցն այդ հարցի պատասխանը չունի: Վերջինս առաջարկում է զանգահարել բոլոր բուժհաստատություններին և հարցնել` նրանք «կոդեր» ունե՞ն, թե՞ չունեն: Արի հիվանդ ու դիմացիր: Պատկերացնու՞մ եք, Հայաստանում քանի՞ ԲԿ կա: Ըստ նախարարության աշխատակցի, քաղաքացիները պետք է բանուգործը թողնեն, ԲԿ-ներ զանգահարեն և ինչ-որ անհասկանալի «կոդերի» առկայությունից հարցնեն: Լավ, բա նախարարության աշխատակիցնե՞րն ինչ անեն: Ոչի՞նչ:
Չէ, սրանք լրիվ փորձանք են մեր գլխին, իսկ ոլորտում «կոդավորված» քաոս է:
Կարեն Հեքիմյան