Սկիզբը՝ այստեղ
Տատիկը՝ Տիգրանուհի Էլչիբեկյան
Ներսիսյանների տոհմը և Ագուլիսի ողբերգությունը
Գրող Պերճ Պռոշյանն Ագուլիսի մասին գրել է. «Ամեն ագուլեցի վաճառական է... նրանց ձեռքին է Անդրկովկասի արդյունաբերության արտահանումը դեպի Ռուսաստան և Եվրոպա»: Վերին Ագուլիսը բաժանված էր 10 թաղերի: Վերին Գետ թաղում էր գտնվում Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի հարևանությամբ ապրում էր մեր ընտանիքը՝ Ներսիսյանցները:
Հայրս՝ Խաչատուր Ներսիսյանցը, մեծ ցավով էր նայում Արգամ Այվազյանի գրքի լուսանկարներին, որտեղ եկեղեցին արդեն ավերակ էր: Նա միայն ասում էր. «Թուրքից ի՞նչ էիր սպասում, նրանք միայն գիտեն սպանել, թալանել ու ավերել»: Պապս՝ Ալեքսան Ներսիսյանցը, ոսկերիչ էր և վաճառական: Ներսիսյանները Ագուլիսի հարգված տոհմերից էին, ունեին հարուստ գրադարան և իրենց զավակներին ուղարկում էին Եվրոպա՝ կրթության: Օրինակ՝ Մենտոր Ներսիսյանն ավարտել էր Ֆրայբուրգի հանքաբանական ակադեմիան:
Այս տոհմի պատմությունը լի է ողբերգական էջերով: 1905 թվականին մի թուրք ոճրագործ սպանեց բժիշկ Ավետիս Ներսիսյանին՝ իր տան դիմաց, չինարի ծառի տակ, միայն այն բանի համար, որ բժիշկը հրաժարվել էր դրամ տալ նրան: Ավետիսն անվճար բուժում էր թե՛ հայերին, թե՛ թուրք չունևորներին: Իսկ 1919-ի կոտորածների ժամանակ զոհվեց բժիշկ Անդրեաս Ներսիսյանը, կողոպտվեց ու ոչնչացվեց տոհմական գրադարանը:
Տատիկս՝ Տիգրանուհի Էլչիբեկյանը, ծնվել է 1891-ին Ագուլիսում: Նրանց ընտանիքը զբաղվում էր մետաքսի ու բամբակի առևտրով: Տիգրանուհին ամուսնացել էր Ալեքսանի հետ և ունեցել հինգ զավակ: Սակայն պատերազմն ու կոտորածը չխնայեցին նրանց: Տատիկս պատմում էր, թե ինչպես թուրքերի հարձակման ժամանակ ինքը թաքնվել էր թոնրում, իսկ 5-ամյա որդին՝ Ներսեսը, բարձրացել էր ծառը՝ պահմտոցի խաղալու հույսով: Թուրքերը սվինահարել էին երեխային հենց ծառի վրա... Այս սարսափելի դեպքերից հետո ընտանիքը որոշեց տեղափոխվել Երևան:
(շարունակելի)
Էլեոնորա ՆԵՐՍԵՍՅԱՆ
Երևան 2022 թիվ, ապրիլ