Ես եմ քո Տէր Աստուածը, որ ալեկոծում եմ ծովը եւ նրա ալիքներին ստիպում մռնչալ. Զօրութիւնների Տէր է իմ անունը:
Իմ խօսքերը քո բերանը դրեցի եւ իմ ձեռքի հովանու տակ առայ քեզ, որպէսզի երկինքը կանգնեցնեմ, երկրի հիմքերը հաստատեմ եւ ասեմ Սիոնին. «Դու իմ ժողովուրդն ես»:
Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր:
Եւ քո բոլոր որդիների մէջ, որոնց դու ծնեցիր, մէկը չեղաւ, որ մխիթարէր քեզ. քո բոլոր որդիների մէջ, որոնց դու մեծացրիր, մէկը չեղաւ, որ զօրավիգ դառնար քեզ:
Երկու բան կայ քեզ հակառակ. եւ ո՞վ է, որ ցաւակից է լինելու քեզ. կործանում եւ կոտորած, սով եւ սուր է լինելու, եւ ո՞վ է, որ մխիթարելու է քեզ:
Քո որդիները տարակուսած քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում: Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն: Նրանց մէջ Տիրոջ բարկութիւնն է լցուած, նրանք խոտորուած են Տէր Աստծուց:
Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապեալդ, որ հարբած ես, բայց ոչ գինուց:
Այսպէս է ասում Տէր Աստուած, որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը՝ իմ բարկութեան բաժակը, եւ դու այլեւս չես խմելու այն: Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. «Խոնարհուի՛ր, որ անցնենք»: Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քեզ վրայով անցնողների համար»:
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ, որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով:
Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր:
Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու»:
Եսայու մարգարէութիւնը 51.15-52.3
Եթե Երուսաղեմ ու Սիոն բառերը փոխարինենք Հայաստան և Երևան բառերով, այսօրվա իրականության մեջ կհայտնվենք: Մենք մեր դառը բաժակը դեռ չենք խմել, բայց մխիթարվենք, որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ, որ Տիրոջով է գալու փրկությունը: Յուրաքանչյուրի անձնական հոգևոր սխրանքը, մեղքից, չարությունից հրաժարումը, հավատով Աստծուն դառնալը, միմյանց նկատմամբ սիրով լցվելը, մեր սրբազան ուղղափառ հավատը և սրբությունները պահելը, մեր Առաքելական Մայր Եկեղեցու գիրկը վերադառնալը կմոտեցնի Աստծո Լույսով սատանայի խավարի հալածմանը: Մնացած նյութական բարիքները, հաղթանակները, ձեռքբերումները, մաղթանքներն ու դրանց իրականացումները կախված են մեր հոգևոր դիրքը պահելուց և մեր մեջ Տիրոջ շնորհի գործարկումից: Աստված նայում է մեր սրտերին ու այն նախանձախնդրությանը, որով մենք պատրաստ ենք պաշտպանել մեր սրբությունները:
Քրիստոս Աստծո զորությամբ մաքրենք մեր սրտերը, որպես ընծա մատուցենք Տիրոջն իր Սուրբ Ծննդյան օրը, ուր մեր Փրկիչը` Մանուկ Հիսուսը, գա և կբնակվի:
Իսկ Տիրոջ խոստմամբ որտեղ Նա է, այնտեղ կլինեն Իր ծառաները` հավատացյալ ժողովուրդը.
«Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կը գայ. եւ ուր ես եմ, այնտեղ կը լինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը» (Յովհ. 12:26):
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ