ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Թղթե բարձի» ֆարսը

«Թղթե բարձի» ֆարսը
29.08.2026 | 13:00

(165 հազար քառակուսի կիլոմետր հալյուցինացիա)

Բոլոր ակամա թյուրըմբռնումները շրջանցելու նպատակով ի սկզբանե արձանագրեմ․ գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանն իմ հազար տարվա մտերիմ ընկերուհին է, համատեղությամբ էլ irates.am-ի հեղինակը։
ՈՒ այն, ինչ գրելու եմ ստորև, բացարձակ չի վերաբերում Մարիին։
Ասելիքիս առանցքն «Իրավարար վճիռ» կոչված ֆարսն է․ տարբեր գույներ ու նպատակներ հետապնդած «քեռի Սեմերի»՝ հայի գլխի տակ վիրտուոզ աճպարարությամբ տեղադրած «թղթե բարձը»՝ այդ հանճարեղ խաբեությունը։
Հետաքրքրությամբ ընթերցելով Մարի Բարսեղյան-Խանջյանի՝ ազգային ցավով ու վրդովմունքով լեցուն «Մեր տան բանալին տալիս ենք մեր թշնամուն» հոդվածը (հղումը՝ Հ․Գ․-ում)՝ որոշեցի առաջին ու վերջին անգամ արտահայտվել մեզ նետված անանուխահամ, բայց իրականում 165 հազար քառակուսի կմ հալյուցինացիա առաջացնող զգլխիչ «ծամոնի» մասին։
Մարիի հրապարակախոսության մեխը Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռն» է՝ որպես ազգային փրկության ու արդարության վերականգնման բանալի։
Ընթերցողը թերևս արդեն կռահեց․ հրաժարվում եմ նման «բանալիներից» ու չե՛մ հավատում դրսից խոստացված և ո՛չ մի «վճռի»։
Վաղո՜ւց ժամանակն է սթափվելու և ավելի քան մեկդարյա քաղաքական իլյուզիաների տակ լավ ճարպոտ տառերով արձանագրելու՝ «КОНЕЦ ФИЛЬМА»։
Բացատրեմ՝ ինչու․ մեր տան փրկարար բանալին դրսում կամ պատմության փոշոտ դարակներում փնտրելը հենց այն առաջին ու ողբերգական սխալն է, որով տան դռները լայն բացում ենք թշնամու առջև։
Պատմությունը մեզ դառը դաս է տվել․ թղթե քարտեզները, միջազգային խոստումներն ու անհասցե «իրավարարությունները» երբեք չեն փրկել ու չեն փրկելու այն ժողովրդին, որը չունի սեփական ռեալ ուժ, հզոր բանակ ու ազգային-պետական սթափ գիտակցություն։
Վիլսոնի վճիռն իրականում մնաց թղթի վրա, որովհետև դրա հետևում չկար այն իրականացնելու և ոչ մի ռազմաքաղաքական մեխանիզմ․ հետևաբար, աշխարհաքաղաքական շահերը, ինչպես և սպասելի էր, ակնթարթորեն զոհաբերեցին Հայկական հարցը (մտաբերենք նաև Խրիմյան Հայրիկի «թղթե շերեփը» և 1878 թվականի Բեռլինի վեհաժողովից հայ ժողովրդի հուսախաբված ու ձեռնունայն վերադարձը)։
Այսօր XXI դարի ողբերգական իրողությունների ֆոնին կրկին դարավոր պատրանքներով ապրելն ու երազելը, թե ինչ-որ մեկը 100 տարի անց հանկարծ հիշելու է այդ փաստաթուղթն ու մեզ համար կոնվեյերով ապահովելու է «արդարություն», ցավոք, ոչ այլ ինչ է, քան քաղաքական ինքնախաբեություն։
Աշխարհաքաղաքականությունը սրբագրատուն չէ, իսկ տերությունները՝ արդարադատության փոստատարներ։ Ո՛չ մի թուղթ չի պաշտպանում սահմանը, երբ դրա հետևում չկա հավաքական ուժ։
Մեր պետականության փրկությունը ոչ թե մեռելածին թղթերի ռեաբիլիտացիայի կամ պատմական դարակներում փոշոտված «վճիռներից» ակնկալիքներ ունենալու, այլ սեփական հողի վրա ռեալ ուժ, անսասան բանակ, կամք ու ինքնիշխան պետականություն կերտելու մեջ է։
Ի վերջո, մենք արդեն մեկ անգամ վճարել ենք թղթերին հավատալու դառը գինը։ Հոգով ու արյամբ պետք է սերտած լինեինք Խրիմյան Հայրիկի՝ Բեռլինի վեհաժողովից հետո թողած անմահ պատգամը։
Հայրիկի դառնությամբ լի արձանագրումը, թե աշխարհի տերությունները հարիսան ուտում էին երկաթե շերեփներով, իսկ ինքը՝ թղթե շերեփը ձեռքին, մնաց ձեռնունայն ու ծաղրված, ընդամենը պատմական դեպքի նկարագրություն չէր։ Նրա հոգու ճիչը դարերի խորքից հնչող մեր արյան կանչն էր՝ նախազգուշացում․ միջազգային դիվանագիտության սեղանին թղթե «վճիռներով» ներկայացողը միշտ էլ դատապարտված է կորուստների ու կործանման։
Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռն» իրականում Խրիմյան Հայրիկի նույն «թղթե շերեփն» էր՝ փաթաթված փայլուն, եվրոպական թղթով։ Մինչ մենք ցնծության մեջ էինք ու սպասում էինք, թե ինչպես է Ամերիկայի նախագահը քարտեզի վրա գծելու մեր երազանքների Հայաստանը, թշնամին իր «երկաթե շերեփով»՝ զենքով, արյամբ ու դավադիր դաշինքներով, մտավ մեր տուն, խլեց Կարսն ու Սուրմալուն, ջնջեց Նախիջևանն ու Արցախը և կործանեց Առաջին Հանրապետությունը։
ՈՒ հիմա 100 տարի անց, երբ կրկին կանգնած ենք ծանրագույն փորձությունների շեմին, մի՞թե նորից «թղթե շերեփով» արդարություն ակնկալելն է մեր ելքը։
Խրիմյան Հայրիկի պատգամն այլ բանի մասին էր․ նա մեզ կոչ էր անում վերջապես կռել մեր սեփական երկաթե շերեփը՝ հզորացնել բանակը, կոփել ազգային միասնությունն ու պետական կամքը։ Պատմությունը ցույց է տվել, որ հարգում են ու հաշվի նստում բացառապես իրական ուժի հետ, իսկ թղթերը գործում են միայն այն ժամանակ, երբ դրանց հետևում կանգնած է այդ ուժը։
Եվ եթե հարցին նայենք զուտ պատմագիտական ու իրական քաղաքականության (Realpolitik) տեսանկյունից, ապա Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռը» մեր պատմության ամենամեծ ու ողբերգական քաղաքական պատրանքներից մեկն էր։
Երբ սառնասրտորեն ենք նայում 1920 թվականի պատմական իրողություններին, ապա ակնհայտ է դառնում, որ այդ վճիռն ի սկզբանե ծնվել է որպես մեռելածին փաստաթուղթ՝ առանց իրագործման որևէ ռեալ մեխանիզմի։
Վիլսոնը, այո՛, թղթի վրա գծեց Հայաստանի քարտեզը, բայց դեռևս 1920 թվականի մայիսին ԱՄՆ Սենատը վճռականորեն մերժեց Հայաստանի մանդատը վերցնելու առաջարկը։
Այսինքն՝ հենց ինքը՝ ԱՄՆ-ը հրաժարվեց նույնիսկ մեկ զինվոր կամ որևէ ռեալ ռեսուրս տրամադրել այդ վճիռն իրականություն դարձնելու համար։
Վերջնարդյունքում ունեցանք թղթի անհավասար կռիվ՝ ընդդեմ ռեալ զենքի։
Նույն այդ օրերին, երբ Սևրում ստորագրվում էր պայմանագիրն ու կազմվում Վիլսոնի վճիռը, տարածաշրջանում արդեն ձևավորվել էր իրական ուժը՝ քեմալական Թուրքիան, որը դաշինք էր կնքել բոլշևիկյան Ռուսաստանի հետ։ Արևմտյան տերություններից և ոչ մեկը պատրաստ չէր իր զինվորին ուղարկելու Վան, Էրզրում կամ Բիթլիս՝ կռվելու թուրքերի դեմ հանուն հայերի։
Ողբերգությունն այն էր, որ հայկական դիվանագիտությունը կրկնեց իր դարավոր սխալը։ Մեր քաղաքական գործիչները հավատացին թղթի վրա գրված «երաշխիքներին» և սեփական ռազմական ուժն ու դիվանագիտական ճկունությունը հզորացնելու փոխարեն՝ հույսը դրեցին Արևմուտքի փուչ խոստումների վրա։ Քաղաքական այդ մանկամտության դառը պտուղը եղավ 1920 թվականի աշնանային աղետը, Կարսի, Սուրմալուի անկումը և Առաջին Հանրապետության կործանումը։
ՈՒստի 100 տարի անց կրկին «Վիլսոնի վճռի» մասին խոսելն ու դրանից փրկություն ակնկալելը հասարակությանը տանում է հերթական ինքնախաբեության։
Կրկնեմ մեկ անգամ ևս՝ աշխարհաքաղաքականությունը հիմնված է բացառապես շահերի և փաստացի ուժի, այլ ոչ թե պատմության դարակներում լռված, չիրագործված ու հնամաշ թղթերի վրա։
Հավատալ, թե ինչ-որ մեկը գալու է և Վիլսոնի քարտեզով՝ ընդամենը վերջերս մեր Հայրենիքի սուվերեն տարածքներ լուռումունջ զիջածներիս համար «Մեծ Հայաստան» է կառուցելու, նույն ողբերգական իլյուզիան է, ինչը 100 տարի առաջ մեզ հասցրեց աղետի։
Փրկության միակ ճանապարհը սեփական պետության, բանակի ու տնտեսության ռեալ հզորացումն է, այլ ոչ թե պատմական պատրանքների հետևից վազելը։
Ցավոք, նույն պատրանքների ու «թղթե շերեփների» ծանր գինը վճարեցինք նաև 21-րդ հարյուրամյալի առաջին քառորդում։
44-օրյա պատերազմը, դրան հաջորդած Արցախի ամբողջական հայաթափումն ու կորուստը նույն պատմական մանկամտության դառը շարունակությունն էին։ Մենք դարձյալ հույսներս դրել էինք միջազգային «երաշխավորների», թղթի վրա գրված պայմանագրերի, անհասցե հայտարարությունների ու «միջազգային հանրության» դատապարտող խոսքերի վրա։ Բայց երբ թշնամին նորից դուրս եկավ իր երկաթե շերեփով՝ ժամանակակից զինատեսակներով, անօդաչուներով ու աշխարհաքաղաքական դավադիր դաշինքներով, Արցախի ժողովուրդը մնաց բացարձակ միայնակ։ Ո՛չ մի թուղթ, ո՛չ մի միջազգային կառույց ու ո՛չ մի «իրավարար» չկանգնեցրեց ագրեսորին, որովհետև Արևմուտքից մինչև Արևելք տերություններին առաջնորդողը զուտ սեփական շահն էր, նավթն ու աշխարհաքաղաքական առևտուրը։
Այսօր, երբ Արցախը կորսված է, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքը հայտնվել է ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամու նշանառության տակ, կրկին 100-ամյա թղթերի ռեաբիլիտացիայով զբաղվելը կամ դրսից «փրկիչներ» ակնկալելը պարզապես ազգային ինքնասպանություն է։
Վերջապես հասկանանք․ մեր տան բանալին ո՛չ Վաշինգտոնում է, ո՛չ Բրյուսելում, ո՛չ էլ Փարիզում։ Մեր տան բանալին մեր սեփական ձեռքերում է։
Դուրս գանք դարավոր զոհի ու մուրացիկի հոգեբանությունից։ Հարգում են միայն նրան, ով ունակ է պաշտպանվել։
Եթե ուզում ենք տեր կանգնել մեր պետականությանը, մեր ապագային ու մեր սերունդների Հայրենիքին, ապա մեր միակ անելիքը ոչ թե պատմական իլյուզիաների հետևից վազելն է, այլ օր ու գիշեր աշխատելը՝ հանուն հզոր, ժամանակակից ու մարտունակ բանակի, հանուն մրցունակ տնտեսության և հանուն ազգային-պետական սթափ գիտակցության։
Մեր տան դռները թշնամու՝ այդ թվում՝ ներքին, առջև փակողն ու մեր տունը պաշտպանողը միայն և միայն մեր երկաթե կամքն ու երկաթե շերեփն են։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Կոլաժը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ․Գ․2
Եվ քանի որ այսօր իմ հազար տարվա մտերիմ ընկերուհու, տաղանդավոր գործընկերոջ ու պարզապես հրաշալի մարդու՝ Մարի Բարսեղյան-Խանջյանի ծննդյան օրն է, ուզում եմ խոսքս ավարտել ամենաջերմ բարեմաղթանքներով։
Մարի՛ ջան, շնորհավորում եմ։ Մեր այս հրապարակային բանավեճն ու գաղափարական տարաձայնությունն ընդամենը վկայությունն են այն մեծ ցավի ու սիրո, որ երկուսս էլ տածում ենք մեր Հայրենիքի հանդեպ. պարզապես փրկության բանալիներն ենք տարբեր տեղերում փնտրում։
Թող մեր գրչակռիվներն ու գաղափարական բանավեճերը միայն ամրացնեն մեր ընկերությունը։
Մաղթում եմ քեզ առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ ու գրչի անսասան ուժ։
Թող մեր երկուսի ամենամեծ երազանքը՝ հզոր, կանգուն ու անվտանգ Հայաստանը, օր առաջ իրականություն դառնա, որպեսզի մեր տան դռները բացենք միայն արժանավորների, բայց ոչ երբեք թշնամու առջև։
Դիտվել է՝ 364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ