«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Այն, ինչին ականատես ենք այսօր, մեր ժողովրդի պատմության մեջ ամենևին աննախադեպ չէ

Այն, ինչին ականատես ենք այսօր, մեր ժողովրդի պատմության մեջ ամենևին աննախադեպ չէ
01.11.2026 | 11:51

1920 թվականի դեկտեմբերին, Հայաստանում բոլշևիկյան իշխանության հաստատումից օրեր անց, Էջմիածնի գավառի Հեղկոմի անդամ, իգդիրցի Կորյուն Գրիգորյանը, Սուրբ Էջմիածնի տպարանի գրաշար Բենիամին Տեր-Գրիգորյանի ու վանքի լուսարար Հովսեփ վարդապետի հետ մտնում է տաճարի թանգարան, որտեղ պահվում էր մյուռոնի կաթսան: Ընկեր Կորյունն անպատկառորեն բաց է անում կաթսայի կափարիչը, մատը թաթախում մյուռոնի մեջ ու քսում կոշիկներին՝ ասելով.
— Լավ յուղ է կոշիկի կաշվին քսելու և հրացան սրբելու համար:
Հեղկոմի մեկ ուրիշ անդամ՝ Գորիսում 1920 թվականի օգոստոսին բոլշևիկների կողմից Վահան Խորենու հետ սպանված Արշակ Շիրինյանի կրտսեր եղբայր Աբել Շիրինյանը, ներկայանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին՝ գլխարկը գլխին, զինված ու բղավում.
— Ընկեր Գևորգ, կարգադրում եմ, որ վարդապետներն անմիջապես դատարկեն խցերն ու հեռանան:
Շիրինյանը, ով վկայությունների համաձայն հոգեկան խանգարում ունեցող անձնավորություն է եղել, միակը չէր, ի դեպ, որ Հայրապետին այդ կերպ էր դիմում...
Այն, ինչին ականատես ենք այսօր, մեր ժողովրդի պատմության մեջ ամենևին աննախադեպ չէ. դրա հաստատումն է վերոնշյալ վավերագրական վկայությունը: Անդաստիարակությունը, լկտիությունը, վայրահաչությունը, անպատկառությունը, կուսակցափոխությունները, պատեհապաշտությունն ու «հեղափոխական իդիոտիզմը» հայկական միջավայրում տարածված ու հաճախ հանդիպող երևույթներ են եղել և կան:
Այդուհանդերձ, ես կպատմեմ, թե ինչպիսի վախճան ունեցավ, օրինակ, սուրբ մյուռոնը պղծած Կորյուն Գրիգորյանը: 1921 թվականի սկզբներին նա հիվանդացավ, ապա աջ կողմից կաթված ստացավ. ձեռքը, որ թաթախել էր մյուռոնի կաթսայի մեջ ու քսել կոշիկներին, անշարժացավ... Փետրվարի 17-ի առավոտյան այդ Կորյունը մահացավ: Հաջորդ օրը, երբ նրա մարմինը տանում էին թաղելու, Վաղարշապատի գերեզմանոցի ճանապարհին կատաղած ամբոխը հարձակվում է դիակի վրա, դագաղից հանում, գցում գետնին, կտրում աջ թևը, ապա քարերով փշրում գլուխն ու մարմինը ձգում դաշտի մեջ՝ արգելելով հողին հանձնել...
Բնականաբար, խորհրդային իշխանության տարիներին աբելների ու կորյունների մասին իրականությունը չէին պատմում, ավելին՝ որոշ ժամանակ անց նրանց մասին ընդհանրապես ոչինչ չէին հիշում. փորձե՛ք, օրինակ, գտնել սրանց նմանների մասին որևէ հոդված կամ նկար... Չէին պատմում, իհարկե, նաև այդպիսիների իրական կերպարների, վախճանի ու թողած հիշատակի մասին: Ես որոշել եմ այսուհետ պատմել ոչ միայն մեր մեծերի, այլև մեր տեսակի՝ «հայի տականքի» մասին. հուսով եմ՝ ներողամիտ կլինեք:
Նկարում Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսն է, ով 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի օրերին մեր ժողովրդի մեծագույն հերոսներից էր.
«Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը։ Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից»:
...Այս տողերը բնութագրում են ոչ միայն երջանկահիշատակ կաթողիկոսին, այլև նրան վիրավորող ու մեր ազգային սրբություններն արհամարհող հայի տականքին:

Վարդան ԲԱԼՅԱՆ
Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ