ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Որբահավաքի դարավոր կանչն ու որբերին դատողները

Որբահավաքի դարավոր կանչն ու որբերին դատողները
21.05.2026 | 20:32

(կամ՝ «շիթիլների» սպանդը 21-րդ դարում)

Արդեն քանի՜ օր մտքերս՝ «ֆիդայական հագուստը գյուղացու շորերով փոխած, նախշուն խուրջիններն ուսերին գցած» Փեթարա Իսրոյի, Մոսե Իմոյի, Արծիվ Պետոյի հետ են։

Նրանք ու մյուս հերոսները, երբ Սասունի, Մուշի ու Վասպուրականի դժոխքից՝ թշնամու սրի տակից, սեփական կյանքի գնով, որպես «շիթիլ ապագա Հայաստանի համար» հավաքում էին հայ որբուկներին (մեկ որբը՝ մեկ ոսկի), սոսկ ֆիզիկական մարմիններ չէին փրկում։

Հենց այդ որբերի մեջ էին նրանք տեսնում վաղվա վերածնվելիք հայոց պետականությունը, վաղվա շենացող գյուղերը, վաղվա զինվորին ու մտավորականին։

Նրանք վաղվա Հայաստանն էին փրկում, ազգային կոդը, պետականության գենն ու ապագան։

Այս հուշը՝ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպից, ոչ թե պարզապես գրական հիշողություն է, այլ մեր ազգային ողնաշարի ու հավաքական ցավի ամենախոր նյարդը, որը վերջին օրերին դաժանորեն կծկվում է ու նվվում։

Ո՜վ կպատկերացներ, որ ուղիղ մեկ դար անց, փողոցից իշխանության եկած անհասկանալի գենետիկայով ինչ-որ կերպարներ, այդ նույն «շիթիլների» սերունդներին կոտորելու են հազարներով։

Կոտորելու են գիտակցված, սառնասիրտ հաշվարկով։

Համառորեն, օրեր ու շաբաթներ շարունակ չեն փորձելու դադարեցնել սպանդը, չեն լսելու զգուշացումները, միայն թե սեփական քաղաքական կաշին փրկեն, որ հանկարծ ու իրենց «դավաճան» որակմամբ չ«պատվեն»։

Սրանց համար «Եռաբլուր» ճանապարհված ու անհետ կորած այդ սերունդն ընդամենը վիճակագրություն էր՝ «պլյուս-մինուս» արվող հաշվապահական թիվ։

Բայց դա դեռ անդունդի հատակը չէր։

ՈՒ՞ մ մտքով կանցներ, որ հազարավոր տղաների թափված արյան մարմին առնող «ձայնը» խլացնելու համար, գերագույն դասալիքն իր արբանյակների «բեք վոկալի» ձայնակցմամբ, 2026-ի նախընտրական քարոզարշավի հարթակներից ժամանակ առ ժամանակ ոռնալու է՝ «ինչու՞ չեք զոհվել, արա, ընչի՞ եք ողջ, տականքներ։ Էկել եք Էրևան դվիժենիներ տալու՞»։

Որ հսկայական բարձրախոսը գրկած ընկնելու է փողոցներն ու ամենայն ցինիզմով բղավելու է որդեկորույս մայրերի ու հայրերի վրա․

- Արա՛, զզվցրիք էլի․․․

Որբահավաք ֆիդայիներն իրենց կյանքն ու ոսկիները տալիս էին, որ հայն ԱՊՐԻ։

Սրանք հայից պահանջում են հաշվետվություն՝ ինչու՞ են ՈՂՋ մնացել։

Ֆիդայիների ու ռանչպարների համար սրբություն էին հայի կյանքն ու հողը, հանուն որոնց պատրաստ էին պայքարել ու զոհվել, բայց ավելի կարևոր էր՝ ապրեցնելը։

Այսօրվա իշխող տեսակի համար հայի կյանքն ու հողն ընդամենը միջոց են սեփական իշխանությունը՝ հեծանիվը, թմբուկը, կառավարական պալատը, «հերոս հարկատուի» հաշվին ձրի սնունդն ու հարմարավետությունը երկարաձգելու համար։

Այս թշվառները չունեն պատմական հիշողության այն կոդը, որով կհասկանային, թե այսօրվա ողջ մնացած հայն ինչ գնով է հասել 21-րդ հարյուրամյակ։

Իսկապես դաժան է նախորդ դարի որբ հավաքողների և 21-րդի՝ որբերին դատողների հակադրությունը։

Ֆիդային իր ամեն ինչը կորցնելով ու զոհաբերելով, ուրիշի որբերին էր փրկում հանուն Հայաստանի ապագայի։

Այսօրվա իշխանավորն իր զավակին ու թիմին պահում է բացարձակ անվտանգության ու շքեղության մեջ, բայց քարոզարշավային հարթակներից մատ է թափ տալիս պատերազմի միջով անցած, զավակ կորցրած կամ հրաշքով փրկված քաղաքացու վրա։

Արցախահայությանը, որն արդեն իսկ անցել է տոտալ շրջափակման, հայրենազրկման և տեղահանության արհավիրքի միջով, Երևանում գտնվելու համար մեղադրելը խորացնում է ներհասարակական պառակտումը։

«Ղարաբաղ են լացում։ Ա՛յ, ճղած գալիս էիք, արա։ Դու ի՞նչ գործ ունես ստեղ, արա՛։ Էրևանում դու ի՞նչ գործ ունես։

Դուք ինչի՞ եք կենդանի, որ մի հատ էլ էկել եք 5 հազար զոհ ասում։ Դուք ընչի՞ էդ զոհերի մեջ չեք, արա՛»,- կաղկանձը հասարակության մեջ ներարկում է վտանգավոր այն թեզը, թե արցախցիներն «ուրիշ» են, նրանք այստեղ տեղ չունեն, և նրանց ցավն ու բողոքը լեգիտիմ չեն։

Խուլիգանական վայրահաչերն ու ատելության գեներացման այս ոճը, «արա»-ներով ու փողոցային ժարգոնով խոսելը հարթակներից պատահական չեն։ Դրանք միտված են հանրային քննարկման մակարդակը հնարավորինս իջեցնելուն, քանի որ միայն այդ դեպքում են փաստարկները, թվերը, իրավական հիմնավորումները դադարում աշխատել. մնում է միայն զուտ էմոցիոնալ ու ագրեսիվ աղմուկը։ Իհարկե նաև անտեսանելի հայելին, որի արտացոլանքը լի է աղաղակող անհամապատասխանություններով և «ինչու»-ներով։

Եվ այսպես․

Ինչու՞ ողջ մնաց ու չզոհվեց «Էրատո»-յի «տաղանդավոր» զորահրամանատարուհին։

2020 թվականի պատերազմի ամենածանր օրերին, երբ առաջնագծում տղաները արյան գնով կյանքի ու մահվան կռիվ էին տալիս, մեծ շուքով գովազդվում էր կանանց «Էրատո» ջոկատի ստեղծումը, մարզումներն ու «ռազմաճակատ մեկնելը»։

Պատերազմից հետո այդպես էլ ոչ մի ռազմական հիմնավորում կամ փաստ չներկայացվեց, թե կոնկրետ ո՛ր ուղղությամբ, ո՛ր դիրքում և ի՛նչ մարտական խնդիր լուծեց այդ ջոկատը։

Այն, ինչ հանրությանը հրամցվում էր որպես «հերոսության օրինակ», իրականում գավառական մակարդակի քաղաքական PR էր։

Երբ այսօր որձ կատվի նման ճղղացող որոշ կնաբարոներ հարցնում են՝ «ինչո՞ւ չեք զոհվել», հակառակ հարցն է առաջանում՝ իսկ ինչու՞ այդ սրբազան զոհաբերության պատրաստակամությունը չցուցաբերեց կռվող «մարշալի» հավակնություններ դրսևորած Աննա Հակոբյանը, որ ֆենած մազերով, դիմահարդարված, տեսախցիկների առաջ սողում էր գետնաքարշ, կամ՝ կուզեկուզ վազվզում զենքը ձեռքին։

Ինչու՞ նա չի զոհվել։ Ինչու՞ է կենդանի։

Ինչու՞ ողջ մնաց ու չզոհվեց աղետի ֆոնին արտոնյալի կարգավիճակ ունեցող Աշոտ Փաշինյանը։

Նրա «ծառայության» և պատերազմին մասնակցության թեման սկզբից մինչև վերջ ուղեկցվել է լեգենդներով ու հանրային մանիպուլյացիաներով։

Քաղաքական և ռազմական տարբեր շրջանակներ, ինչպես նաև ականատեսներ բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ պատերազմի ընթացքում որոշակի ուղղություններում հատուկ գործողություններ կամ նահանջի հրամաններ են տրվել՝ բացառապես մեկ անձի անվտանգությունն ու գերեվարումից խուսափելը ապահովելու համար։

Ինչի պատճառով և կենդանի պատնեշ դարձած հարյուրավոր այլ զինվորներ հայտնվել են թշնամու կրակի տակ։

Ստացվում է մի իրավիճակ, որտեղ սովորական ծնողի զավակը պարտավոր էր զոհվել, որպեսզի ղեկավարի որդին ողջ մնա, իսկ պատերազմից հետո այդ նույն ղեկավարը շրջում է երկրով ու որդեկորույս հայրերին ու ողջ մնացած տղաներին նախատում ապրելու համար։

Ինչու՞ չզոհվեց ինքնահռչակ դատավորի որդին։

Ինչու՞ է կենդանի։

Ինչպե՞ս պատահեց, որ չզոհվեցին-չմեռան ՔՊ-ականներն ու նրանց հարազատները։

Ի՞նչ հրաշքով մինչ հեղափոխությունը պարտքերով ու վարկերով ապրող «դժբախտ ու դժգույն» այս կերպարները ոչ միայն չզոհվեցին, այլև դղյակներ ու շքեղ ավտոմեքենաներ, բանկային հաշիվներ ձեռք բերեցին։ Ոմանք նույնիսկ դոլարային միլիոնատերեր դարձան։

Իսկ հիմա գոռում-գոչում են՝ «Արա՛,

գերդաստանումդ 6 տղա ես ունեցել, ինչի՞ չեն զոհվել կամ վիրավորվել»։

Դու՛, նախկին վարժապետ Սուրեն Պապիկյան, ինչու՞ ես ողջ, ո՞ր իրավունքով, երբ քո պաշտոնավարման ընթացքում ոչ միայն տարածքային կորուստներ ենք ունեցել, այլև հարյուրավոր զոհեր։ Քո օրոք են կացարան կոչվող խարխուլ հյուղակում ողջակիզվել 15 հայ երիտասարդներ, որոնց ծնողներին այսօր ձեր թիկնապահները քարշ տալով են հեռացնում քարոզարշավ կոչվող բալագաններից։

Եվ վերջապես, ամենակարևորը․ ինչու՞ ողջ մնաց, ինչու՞ չզոհվեց պատերազմ ու կապիտուլյացիա բերած, Հայաստանի ապագա սերմնացանների ցեղասպանություն իրականացրած, Արցախ ու ՀՀ սուվերեն տարածքներ հանձնած, հայրենիքի անվտանգային համակարգը փոշիացրած «գերագույն գլխավոր հրամանատարը»։

Պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ ռազմական կամ քաղաքական աղետից հետո առաջնորդները, անգամ բռնապետերը, չեն դիմացել սեփական պարտության և հայրենիքի կորստի բարոյական բեռի ծանրությանը։

Քունքին կրակելը, հրաժարական տալը կամ մենաստանում փակվելը ոչ թե թուլության արտահայտություն էին, այլ սեփական պատասխանատվության և պատվի գիտակցում։

Բայց այն, ինչի ականատեսն ենք վերջին վեց տարիներին, պատվի այդ կոդեքսի լիակատար բացակայությունն է։

Ինքնասպանվելու փոխարեն տեսնում ենք բացարձակ անզգայություն, լկտիություն ու արհամարհանք սեփական քաղաքացիների ցավի հանդեպ։

Մի կողմում հազարավոր կորսված կյանքեր են, հայրենազրկված արցախցի և վտանգված սահմաններ, մյուս կողմում՝ հեծանվային արշավներ, տեսահոլովակներ, «վարչաբենդեր» ու կենցաղային վայելքների ցուցադրություն։

Ներկայացվածը սովորական անփութություն չէ, այլ նպատակաուղղված տեղեկատվական-հոգեբանական տեխնոլոգիա։

Հանրությանը ներարկվում է այն միտքը, թե «ոչ մի արտառոց բան չի եղել, կյանքը շարունակվում է»։

Հայկական իրականության մեջ տեղի է ունեցել արժեքների տոտալ շրջում։

Աղետի գլխավոր պատասխանատուն և հեղինակը կանգնում է բեմին և դատավորի կեցվածքով մեղադրում է նրանց, ովքեր այդ աղետի անմիջական զոհերն են։

Որդեկորույս հայրը, տունը կորցրած արցախցին, հաշմանդամություն ստացած զինվորը հայտնվում են «արդարացողի» կամ «մեղավորի» կարգավիճակում, իսկ աղետի ճարտարապետը՝ «պահանջատիրոջ»։

Սա բարոյականության այնպիսի անկում է, որը քայքայում է հասարակության ներքին կողմնացույցը։

Երբ հանրությունը տեսնում է, որ կարելի է բերել հազարամյա հայրենիքի կորուստ և դրանից հետո ոչ թե պատժվել կամ ամոթից ինքնասպանվել, այլ շարունակել հեծանիվ քշել ու բեմերից «մուննաթ» գալ ժողովրդի վրա, հասարակության մեջ մեռնում է արդարության հանդեպ հավատը։

Բայց պատմության անտեսանելի հայելին հնարավոր չէ ջարդել։ Դարասկզբին Փեթարա Իսրոն, Մոսե Իմոն ու Արծիվ Պետոն իրենց կյանքի գնով փրկում էին հայ որբերին, որովհետև գիտեին՝ առանց այդ «շիթիլների» չի լինելու վաղվա Հայաստանը։

21-րդ դարի այս թշվառները դատում ու նախատում են ողջ մնացածներին, որովհետև ներսից սարսափով զգում են՝ հենց այս ողջ մնացած, տեսնող ու հիշող սերունդն է դառնալու իրենց քաղաքական և բարոյական վախճանը։

Դուք չեք կարող հավերժ հեծանիվ քշել մի երկրում, որի հողը դեռ տաք է մեր տղաների արյունից։

Դուք չեք կարող բարձրախոսներով ոռնալ ու հաշվետվություն պահանջել մի սերնդից, որին ինքներդ եք դատապարտել մահվան։

Որբահավաքի կանչը դեռ չի լռել, իսկ որբերին դատողների կաղկանձը պատմության էջերում մնալու է ընդամենը որպես հայոց մեծագույն ամոթի վավերագրություն։

Հայը ողջ է մնացել հրաշքով, պատմական արդարությամբ ու Աստծո կամքով՝ ապրելու՛ և հայրենիքը վերագտնելու համար։

Եվ այդ ողջ մնացած հայը դեռ գալու է ձեր հետևից՝ պատասխան պահանջելու թափված արյան յուրաքանչյուր կաթիլի,

կորսված հողի յուրաքանչյուր մետրի և ձեր յուրաքանչյուր լպիրշ «արա»-ի համար։

Դատավճիռն արդեն գրված է հանրության հոգում։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ