Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Երկու Հայաստան կա՝ իմը և քոնը

Երկու Հայաստան կա՝ իմը և քոնը
03.06.2026 | 19:34

Իմ Հայաստանը առնական է, ժայռ է ու քարափ, տղամարդ է, առյուծ է՝ ատամները սուր են, որսով հագեցած, ինքնաբավ ու հաղթանակող։ Իմ Հայաստանը կարող է պարտվել, և նրա համար պարտությունը կանգառ է, նոր հաղթանակի սկիզբն է։ Պարտությունները չեն կոտրում իմ Հայաստանին, այլ գոտեպնդում են, վեր հառնելու պատճառականությամբ են օժտում և խորը հազարամյակների արմատներից եկող հավատ ու ուժ են տալիս, քանզի, իմ Հայաստանի համար արյամբ պաշտպանված հողը, նահատակների արյունը սուրբ են, նրանց անունն ու սխրանքը՝ հավերժ գովելի։

Առյուծների իմ բանակին հրամանատարության եկած մի թուլամորթի պատճառով ես կորցրի իմ Հայաստանը ու հիմա ապրում եմ՝ հոգեպես պարտված, պառկած ու թշնամուն տրված քո Հայաստանում։ Քո Հայաստանում հողդ գրավում են, Հարավդ կտրում քեզանից, դու քեֆ ես անում ու հեշտաբորբոք կենացներ ասում պանդոկներում։ Հիմա էլ երազում ես առևտուր սկսել քո դարավոր թշնամու հետ ու դրամ վաստակել՝ թվացյալ երջանկության համար, մինչդեռ նապաստակները երջանիկ չեն կարող լինել գայլային բարքերի աշխարհում։

Իմ Հայաստանում ազատամարտիկներն անթիվ էին, ամբողջ աշխարհից ժամանած ու ջոկատ առ ջոկատ մեկնում էին ռազմաճակատ։ Պատերազմն էլ սուրբ էր։

Քո Հայաստանում Արցախն արդեն տվել ես ու հայաթափել և, ի զարմանս Աստծո, հպարտանում ես դրանով։

Իմ Հայաստանն էլ անթերի չէր, սակայն, գրեթե անթերի էր Հայ տեսակը։ Քո Հայաստանում այդ տեսակը վերացնում են, ու հիմա նայում եմ ղժժացող քո Հայաստանի բնակիչներին ու սարսռում եմ։

Երկու տեսակի հայ տղամարդ կա, երկու խառնվածքով՝ երկու խարիզմայով։ Առաջին տիպը Արամ Մանուկյանն է, ով հայրենիքը ամեն բանից վեր էր դասում ու նվիրվում նրան ամբողջովին, ով իր տեսակի հետ համախմբված, Հայկ Նահապետով ու Տիգրան Մեծով, էպիկական մեր բոլոր հերոսներով հոգեպես կայացած, գրեթե ոչնչից Հայաստան կերտեցին։ Այս տեսակը ոսկուց էլ թանկ է։ Արցախյան բոլոր պատերազմների նահատակ հերոսներն են այս տեսակի վերընձյուղումները։ Նաև Թեհլիրյաններն են ու Մոնթեները։ Այս տեսակն է, որ բարձր է պահում մեր անունն ու պատվախնդրության նշաձողը, և հարուստ է Հայ ազգը այս տեսակով, ովքեր սուրբ մերանի կամ կախարդական այն շիճուկի դերն են կատարում, ինչը, վտանգի ու պատերազմի պահին, փոխում, ամրացնում, կռում է ազգին ու նրա մարտնչող որակներն է հրաբխում հոգու անընթեռնելի հատակներից։ Այս տեսակն են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և նրանց ընկերները, ովքեր, անգամ ադրբեջանական զնդաններից, ոգեշնչող ուղերձներ են հղում քո թշվառ տեսակին, հուսալով, որ կդադարես անկում ապրել։

Եվ կա մյուս տեսակը՝ անխառնվածքն ու մեր ամոթը, կամ այն, ում փոխարեն մենք ենք ամաչում, հեռուստաէկրանին ամեն անգամ տեսնելիս, ովքեր, հոգեպես, սեփական գրպանում ծվարած, պատրաստ են կռանալու, հոգին սատանային տալու, հողը՝ ախոյանին, միայն թե կայանան իրենց խալխ ու ամբոխի աչքերում ու վայելեն իշխանության տված արգասիքները։

Այս երկրորդ տեսակը բոլոր ազգերի մոտ է, որ թվական մեծամասնություն է կազմում, սակայն միայն Հայաստանում է, որ դարձել է իշխանություն, որովհետև չաշխատեցին ազգային ապահովության այն զտիչները, որոնք կայանում են պետականության երկարամյա հարատևության պայմաններում ու թույլ չեն տալիս տգետին, սրիկային, դավաճանին, թուլամորթին ու թուրքին՝ Հայաստանում իշխանության գալու։

Եվ հիմա այս երկրորդը, որ իրեն հորջորջել է «թավշյա», բանտերն է նետում նրանց, ովքեր առաջինի հետնորդներն են, իսկ հազարավոր երիտասարդներ, ովքեր հերոսացան ու իրենց կյանքը նվիրեցին իրենց սուրբ հողին, նայում են երկնքից ու չեն հասկանում, թե ու՞ր է այն բազուկը, այն միակ եռաթև Հայկյան նետը, որը կտապալեր բելին, և որը ամեն բան կդներ տեղերում։

Եթե կմերժես այս ընտրություններում երկրորդ տեսակին, ապա կարձակես այդ եռաթև նետն ու կտապալես Բելին։

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Դիտվել է՝ 212

Մեկնաբանություններ