Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը. 4

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը. 4
29.01.2026 | 20:59

Սկիզբը՝ այստեղ

Բոլորը գիտեն, որ թագավորը մերկ է, բայց չեն բարձրաձայնում՝ լռելը ձեռնտու է

Ասում են՝ ժամանակագրությունը, քաղաքականության մեջ, երբեք պատահական չի լինում։

Նաև ասում են՝ քաղաքականության մեջ ժամանակն ինքնին հաղորդագրություն է։

ՈՒ երբ վարչապետ համարվողը հենց Բանակի տոնի հաջորդ օրն իսկ, բաց չի թողնում թշնամուն շնորհակալություն հայտնելու ևս մեկ առիթ, նրա «քայլն» այլևս սովորական պատասխան չէ լրագրողին, այլ հաղորդագրություն-ծածկագիր՝ ուղղված հարկավորներին։

Տեղի ունեցածը հայի ազգային արժանապատվության վրա կիրառված հոգեբանական դիվերսիայի դասական օրինակ է, իսկ նպատակն առավել քան բացահայտ՝ վերջնականապես ջարդել հասարակության հոգեբանական ողնաշարը։

Վահագն Խաչատուրյանի նվաստացուցիչ շնորհակալության այսօրվա երկրորդումը՝ ՀՀ կառավարական տան ասուլիսային ամբիոնից, «սիմվոլիկ սպանդի» էֆեկտի էր համարժեք։

Ոչ սովորական այս շնորհակալությունը, որ էր՝ ազգի հավաքական կամքը կոտրող գործիք, նաև յուրօրինակ

«SMS»-գաղտնագիր էր ․

«Հունվարի 27-ին կարող եք «Հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի և խոնարհման օրը» նշել, Հունվարի 28-ին՝ Բանակի տոնը, բայց հաջորդ օրը՝ հունվարի 29-ին, ես՝ երկրի թիվ առաջին էֆենտիս, ձեզ կստիպեմ մտաբերել, թե իրականում ու՛մ բարյացկամությամբ են պայմանավորված Ադրբեջանի տարածքով ձեր ստացած-սպառած անասնակեր-ցորենն ու էժան բենզինը։ Կհիշեցնեմ՝ ումից է կախված ձեր ապագան»։

Բանակի տոնին անմիջապես հաջորդող նման շնորհակալությունը ստեղծում է իմաստազրկման մթնոլորտ, դառնում զինվորի և սպայի ստացած ամենածանր հարվածը։

Եթե երեկ քեզ մեծարում էին որպես հայրենիքի պաշտպան, իսկ այսօր քո գլխավոր հրամանատարը շնորհակալություն է հայտնում քո իսկ հակառակորդին, ապա քո ծառայությունը վերածվում է աբսուրդի։

ՀՀ կառավարական տանը ցուցադրված ներկայացումը, իրականում «կեղտոտ լվացք» էր, որով փորձեցին «մաքրել-ոչնչացնել» հայոց բանակի հաղթանակի ու պատվի մնացորդները։

Բանակի տոնն այն եզակի օրերից է, երբ հանրությունը փորձում է վերագտնել իր հպարտությունն ու հարգանքը զինվորի հանդեպ։

Հաջորդ իսկ օրը, սակայն, հայակեր Ալիևին Խաչատուրյանի շնորհակալություն հայտնելու փաստը հրապարակայնորեն լեգիտիմացնելը, գործում է որպես սառը ցնցուղ, դառնում ազգի արժանապատվության ու հպարտության զգացումը կոտրելու դասական հնարք, որի միջոցով արժեզրկվում է նաև հայի ռազմական ոգին։

Յուրաքանչյուր զինվոր, որը հենց հիմա կանգնած է սահմանին, իրավամբ կմտորի.

«Ինչու՞ եմ զենքն ուղղում մեկի դեմ, որին հազարավոր եղբայրներիս ցեղասպանելու, տատիկ-պապիկների քիթ ու ականջ կտրելու, կանանց բռնաբարելու և խոշտանգելու համար, իմ երկրի նախագահն ու վարչապետը շնորհակալություն են հայտնում»։

Տեղին հարցադրում է, որը քայքայում է բանակի մարտական ոգին։

Հիբրիդային պատերազմի տեսանկյունից այսօր կատարվածը թշնամու համար ամենաարդյունավետ գործողությունն է՝ զինաթափել հակառակորդին հոգեբանորեն՝ նրա իսկ ղեկավարի ձեռքերով։

ՀՀ կառավարությունից հղված քսու շնորհակալությունը հավասարազոր էր տաճարում հնչած հայհոյանքի։

Նման անբարո հայտարարություններն են, ի վերջո, հանգեցնում բարոյական քաոսի։ Երբ ազգային արժանապատվություն ունեցող անհատներն այլևս չեն հասկանում՝ ո՞րն է չարը, ո՛րը՝ բարին, ո՞վ է թշնամին, և ո՛վ՝ դաշնակիցը։

Լեգիտիմացնելով երկրինախագահ կոչվածի շնորհակալությունը՝ վարչապետ կոչվածն ավելորդ անգամ ի ցույց դրեց, որ իր համար չկան «կարմիր գծեր»։

Որ հունվարի 27-ին, դիցուք, կարող է խոսել «երկնային բանակի» մասին, իսկ հաջորդ օրը ժպտալ ու գետնաքարշ փռվել այդ «բանակը» երկինք ուղարկողի առաջ։

Սա ցինիզմի բարձրագույն կետն է։

Ըստ էության, հունվարի 29-ին հայ հնրությունն ականատեսն ու մասնակիցը դարձավ խորամանկորեն կազմակերպված ստուգատեսի՝ փորձարկվեց հասարակության դիմադրողականությունը, «կոտրվածության» աստիճանը։

Անդրադառնանք հունվարի 27-ին, «Հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի և խոնարհման օրվա» կապակցությամբ, «Սիրելի՛ ժողովրդին, ՀՀ սիրելի՛ քաղաքացիներին» հղված «ուղերձով» շրջանառության մեջ դրված «երկնային բանակ» եզրույթին։

Ի՜նչ խոսք, գեղարվեստական և հուզիչ է հնչում՝ «երկնային բանակ»։

Հիշյալ սահմանումը, սակայն, ընդամենը գեղեցիկ ու սրտաշարժ արտահայտություն չէ։ Այն լա՜վ մշակված, մանիպուլյատիվ ու քաղաքական երանգներ թաքցնող կոդ է, որ ծառայում է կոնկրետ նպատակների։

Այսպես՝ «երկնային բանակ» սրտառուչ բառակապակցությամբ խորամանկորեն պատասխանատվություն կոչվածը տեղափոխում է երկնային շերտեր։

Ինչը և խիստ վտանգավոր է։

Ինչու՞։

Այդ ձևակերպմամբ մերօրյա Պոլիշինելը 10 հազարից ավելի (շրջանառվում է 10 352 թիվը) զոհվածներին դուրս է գրում երկրային իրավական ու քաղաքական հարթությունից։

Ասել կուզե՝ եթե բանակը «երկնային» է, ապա նրանց առնչվող բոլոր հարցերը և խնդիրները տնօրինողն ու դրանցով զբաղվողը Ամենակարող Տերն է և ո՛չ թե Գերագույն հրամանատարը կամ Պաշտպանության նախարարությունը։

Այդ «նորամուծության» գլխավոր միտումը երկրային հոգնեցրած հարցերից՝ ինչու՞գլխատվեց մի ամբողջ սերունդ, ո՞վ էր մեղավորը, ինչու՞ չկար պատշաճ սպառազինություն, խուսափելն է, զուգահեռ էլ «երկնային բանակին» հաշվետու լինելու անհրաժեշտությունն ի չիք դարձնելը։

Այդ «բանակի» զինվորներին որոշակի օրերի կարելի է միայն «խնկարկել»։ ՈՒ վերջ։

Ի՞նչ է ստացվում՝ պոլիշինելացածը խոսում է «երկնային բանակի» մասին, էմոցիոնալ կապ ստեղծելով սգավոր հանրության հետ, երկու օր անց, սակայն, անում է այնպիսի անբարո քայլ, որն անարգում է այդ նույն բանակի թափված արյունը։

Բացահայտենք նաև Ալիևին ուղղված քծնանքի տրամաբանությունը՝ եթե ընդունում ես «երկնային բանակ» թեզը, ուրեմն համաձայնում ես, որ զոհվածներն արդեն «այնտեղ» են ու այլևս կապ չունեն ֆիզիկական աշխարհի հետ, հետևաբար, երկրի վրա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել նրանց սպանողին։

Որքան էլ ցավալի է, այնուամենայնիվ, ստիպված ենք խոստովանելու՝ գործ ունենք ոչ թե լրագրողի հարցից բխող պատահական պատասխանի, այլ հետևողականորեն ծրագրված հակապետական ինժեներիայի հետ, որն հիմա էլ քայլ առ քայլ քանդում է հայոց ոգու բարոյական հիմքերը։

Երբ իշխանությունը չունի իրական անվտանգային երաշխիքներ և ռազմավարություն, դիմում է կրոնական կամ սիմվոլիկ բառապաշարին ու ստորացուցիչ շնորհակալություններին։

Մինչդեռ իրականությունը շատ է ողբերգական։

Թշնամին զինվում է իրական՝ երկրային զենքերով, իսկ սա բանակի տոնի հաջորդ օրն Ալիևին շնորհակալություն է հայտնում։

Խաղարկված թատրոնը նաև ցուցադրեց՝ «երկնային բանակը» իշխանության համար ընդամենը նախընտրական քարոզարշավի մաս է, իսկ Ալիևի հետ հարաբերությունները՝ իրական քաղաքականություն։

Շրջանառության մեջ դրված «Երկնային բանակ» եզրույթը հիբրիդային պատերազմի գործիք է, որը նպատակ ունի զինաթափել ապրողներիս։

Սա փորձում է հայ հանրությանը համոզել, որ մեր իրական ուժը երկնքում է, իսկ երկրի վրա մենք պետք է լինենք խոնարհ, հեզ, թշնամուն շնորհակալություն հայտնենք և ժպտանք «պոլիշինելյան» սրտիկներով։

Հունվարի 27, հունվարի 28, հունվարի 29 ժամանակագրությունն ամենևին էլ պատահական չէ։

Այն նպատակ ունի թույլ չտալու, որ Բանակի տոնի բերած էներգիան վերածվի դիմադրողականության։ Դա «պոլիշինելյան» թատրոնի հերթական արարն է, որտեղ հանդիսատեսին հիշեցնում են «պարտվածի» կարգավիճակի մասին։

«Պոլիշինելացումը», ցավոք, միջազգային հարթակներում և թշնամու աչքերում ունենում է ապապետականացման էֆեկտ։ Երբ պետության ղեկավարը որդեգրում է թատերականացված, երբեմն նույնիսկ ծաղրածուական վարքագիծ, դա փոխում է երկրի ընկալումը՝ լուրջ գործընկերոջից վերածելով այն «տարածքի», որի հետ կարելի է և հաշվի չնստել։

Թշնամու համար նման «շնորհակալություն»-ները, սրտիկներն ու թմբուկները թուլության ու անադեկվատության ազդակներ են։

Երբ թշնամիդ զինվում է հարձակողական սպառազինությամբ, իսկ քո պատասխանը «խաղաղության» մասին մանկական երգերն են ու անարժանապատիվ ռևերանսները, ապա այդ ամենն ընկալվում է որպես հանձնվողականության հրավեր։ Քո ծամածռվելն ու հավատարմության երդումները թշնամին ոչ թե բարի կամքի դրսևորում է համարում, այլ որպես վերջնական հարվածի հնարավորություն։

Միջազգային հարաբերություններում գնահատվում են կանխատեսելիությունն ու լրջությունը։

Մինչդեռ Հայաստանն ուզուրպացրած «պոլիշինելային» ոճը քանդում է երկրի հիմքերը։

Դաշնակիցները կամ պոտենցիալ գործընկերները (ցավոք, ոչ մեկն ունենք՝ ոչ էլ մյուսը) հակված չեն օգնելու այն պետությանը, որի ղեկավարությունը չի ցուցաբերում դիմադրելու և պետականակենտրոն գործելու կամք։ Եթե դու քո երկրի ողբերգությունը վերածում ես ֆարսի, ապա աշխարհը դադարում է կարեկցել, առավել ևս, հարգել քեզ։

Միջազգային հանրություն կոչվածը հիանալի գիտի Հայաստանի իրական վիճակը, բայց, տեսնելով իշխանության «խաղաղություն» կոչվող էժան թատրոնը, պարզապես օգտվում է առիթից։

Ձևացնում, թե հավատում է ցուցադրվող «դեմոկրատական բաստիոնին» կամ «սրտիկներին»։

Հայաստանն ախտահարած աբսուրդը ձեռնտու է բոլորին, որովհետև թույլ է տալիս հանգիստ խղճով իրականացնելու սեփական ծրագրերը՝ հաճախ ի հաշիվ մեր կենսական շահերի։

Սա այն պահն է, երբ բոլորը գիտեն, որ թագավորը մերկ է, բայց չեն բարձրաձայնում՝ լռելը ձեռնտու է։

«Պոլիշինելացումը» ստեղծել է մի վիճակ, որտեղ երկիրը ոչ թե տեր ունի, այլ «վարժեցնողի» հրահանգները կատարող ծաղրածու, որն զբաղված է սեփական ժողովրդին զվարճացնելով կամ վախեցնելով։

Շարունակելի

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ