«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

«Մեկ ազգ, երկու պետություն» առասպելի մայրամուտը

«Մեկ ազգ, երկու պետություն» առասպելի մայրամուտը
30.10.2026 | 21:02

(ինչո՞ւ Ալիևի դեմարշը պետք է սթափեցնի Երևանին)

Անկարայում կայացած «ընտանեկան լուսանկարահանման» արարողության ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողքին Իլհամ Ալիևի ցուցադրական բացակայությունը վերստին փաստեց քաղաքականության անողոք ճշմարտությունը․
«Չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր»։
Այս աքսիոմը, որը դարեր շարունակ կանխորոշել է կայսրությունների վերելքն ու անկումը, այսօր ճշգրտորեն բնորոշում է թուրք-ադրբեջանական «եղբայրական» դուետի ներսում ընթացող տեկտոնական տեղաշարժերը։
2026 թվականի հոկտեմբերի 30-ին Անկարայում ընթացող
Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի չմասնակցելու որոշումը դուրս է դիվանագիտական էթիկետի և արարողակարգային սահմաններից։ Ալիևի «դեմարշը» ոչ միայն հրապարակային ապտակ է անձամբ Էրդողանին, այլև անժխտելի ապացույց, որ սեփական իշխանության անձեռնմխելիության և աշխարհիկ կարգերի պահպանման հարցում Բաքուն պատրաստ է սառնասրտորեն սրբագրել ցանկացած «արյունակցական» պարտավորություն։
Եվ առնվազն ողբերգական է, որ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողը փորձում է «խաղաղություն» կառուցել հենց նման սառնասիրտ ու հաշվենկատ «սրբագրիչի» հետ։
Այս ֆոնին Երևանի որդեգրած միակողմանի զիջումների քաղաքականությունը դառնում է կրկնակի վտանգավոր։
Երբ Բաքուն սառնասրտորեն խախտում է նույնիսկ թյուրքական աշխարհի «սրբազան» արարողակարգերը, հայկական կողմի հույսերը, թե հնարավոր է իրավական պայմանագրերով սանձել Ալիևի ծավալապաշտական նկրտումները, վերածվում են սոսկ աշխարհաքաղաքական կուրության ու պատրանքի։
Եթե Ալիևը պատրաստ է սեփական կլանի բացարձակ իշխանությունն ու ամբիցիաները պաշտպանելու համար մեկ օրում հարվածի տակ դնել 44-օրյա պատերազմում իրեն հաղթանակ ապահոված և Փաշինյանի անմիջական օգնությամբ Արցախը սկուտեղի վրա մատուցած «ավագ եղբոր» հեղինակությունը, ապա ի՞նչ արժեք ունի նրա համար հայկական կողմի հետ ստորագրվելիք որևէ թղթի կտոր։
Լավ հաշվարկված այս քայլն ուղիղ ապացույց է, որ Բաքվի բռնապետի համար գոյություն չունեն ո՛չ բարոյական, ո՛չ դաշնակցային և ո՛չ էլ իրավական սահմաններ, երբ խաղասեղանին սեփական շահերն են։
Այս թոհուբոհի և լարվածության հիմքում, սակայն, ընկած է երկու բռնատիրությունների գաղափարական խորը ճեղքվածքը, որը տարիներ շարունակ խնամքով թաքցվում էր «մեկ ազգ, երկու պետություն» սենտիմենտալ հեքիաթասացությամբ։
Բայց հենց հարցը վերաբերեց ներքին իշխանության բացարձակությանն ու գաղափարական ազդեցության սահմաններին, կեղծ դեկորացիաներն աղմուկով փլուզվեցին՝ բացահայտելով աշխարհաքաղաքական դիմակահանդեսի խորքային ունայնությունը։ Ժամանակից շուտ իջած վարագույրն ազդարարեց «եղբայրության» անսպասելի, բայց օրինաչափ ավարտը։
Այս համատեքստում ադրբեջանական դպրոցներում հիջաբի սահմանափակումների շուրջ ծագած վեճը պարզապես կատալիզատոր էր՝ հարմար առիթ, որը ջրի երես հանեց երկու վարչակարգերի խորքային, կառուցվածքային հակասությունները։ Տեղի ունեցածը Բաքվի կլանային-ավատատիրական, բայց ընդգծված աշխարհիկ բռնատիրության բախումն է Անկարայի նեոօսմանական, իսլամականացմանը միտված ծավալապաշտության հետ։
Կրթօջախներում արգելելով հիջաբը՝ Ալիևը հստակ հասկացրեց․ պատրաստ է Թուրքիայի հետ կիսել ռազմական հաղթանակի դափնիները, բայց երբեք թույլ չի տա Էրդողանին՝ իր երկրի ներսում սրբագրել խաղի կանոնները կամ հավակնել հոգևոր-քաղաքական գերակայության։
Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի կոշտ հայտարարությունները, որոնք դատապարտում էին Բաքվի աշխարհիկ արգելքները, ամենևին էլ պատահական վրիպում չէին, այլ Անկարայի իրական դեմքի մերկացումը։
Այս սկանդալով Թուրքիան վերստին ապացուցեց, որ դրսևորվում է ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես դասական մետրոպոլիա, որն իրեն վերապահում է սեփական արբանյակին կրոնական ու բարոյական դասեր տալու անառարկելի իրավունք։
Հեյդարօղլու վարչակարգը, որը սնվում է կլանային բացարձակ իշխանությամբ, «իսլամական համերաշխության» ցանկացած դրսևորում ընկալում է որպես ուղիղ սպառնալիք իր դինաստիական-աշխարհիկ մոդելին։ Այդ իսկ պատճառով Բաքվի պատասխանն առավել քան ագրեսիվ էր․ ադրբեջանական պետականամետ մեդիան անմիջապես թիրախավորեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին՝ ընդհուպ Ադրբեջանում հեղաշրջում կազմակերպելու անհեթեթ մեղադրանքներով։
Միաժամանակ, կուլիսներում Բաքուն անցավ բացահայտ շանտաժի՝ սպառնալով չեղարկել տարիներով գովերգված առանց վիզայի ռեժիմը և Թուրքիայի քաղաքացիների համար կրկին մուտքի արտոնագրեր սահմանել։
Ալիևի քայլը ոչ թե սովորական դիվանագիտական վեճ էր, այլ քաղաքական դիմակազրկում։ Սեփական կլանի իշխանությունը պահելու մոլուցքով՝ Բաքուն պատրաստ էր ակնթարթորեն աղբամանը նետել «մեկ ազգ, երկու պետություն» կեղծ կարգախոսն ու թշնամի հռչակել նրան, ում ընդամենը երեկ անվանում էր «արյունակից եղբայր»։
Այս պատմության մեջ ամենախայտառակ ու տրագիկոմիկ դերը բաժին հասավ հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 26-ին, Անկարայում կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահը հանդես եկավ ծավալուն ու պաթետիկ հայտարարությամբ՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունն անվանելով «մեր ընտանեկան խորհուրդը»։ Նա հպարտորեն հայտարարում էր.
«Ես հավատում եմ, որ թյուրքական աշխարհը կրկին միասնական ճակատով հանդես կգա նրանց դեմ, ովքեր ցանկանում են դինամիտ տեղադրել մեր անքակտելի եղբայրության տակ»։
Էրդողանը շտապեց վստահեցնել, որ հոկտեմբերի 30-ին Անկարայում կայանալիք 13-րդ գագաթնաժողովում թյուրքական երկրների առաջնորդները մեկ բռունցք դարձած կդիմակայեն իրենց միասնությունը խարխլող ցանկացած փորձի։ Սակայն Էրդողանի կայսերական պատրանքների տակ այդ դինամիտը տեղադրեց ոչ թե առասպելական «արտաքին թշնամին», այլ հենց իր «կրտսեր եղբայրը»՝ Արցախը Թուրքիայի ձեռքերից որպես նվեր ստացած Իլհամ Ալիևը։
Փորձելով կանխել անխուսափելի պայթյունն ու մեղմել Բաքվի ցասումը՝ Էրդողանը նույնիսկ դիմեց ծայրահեղ ստորացուցիչ քայլի՝ պաշտոնից հեռացնելով իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին։ Անկարան սեփական բարձրաստիճան պաշտոնյային ցուցադրաբար զոհաբերեց Ալիևի քմահաճույքին՝ հանուն գագաթնաժողովի խախուտ դեկորացիաները փրկելու։
Սակայն այդ զոհաբերությունն էլ ապարդյուն էր. Ալիևն այդպես էլ չժամանեց Անկարա՝ Էրդողանին թողնելով իր իսկ կազմակերպած «ընտանեկան» խնջույքի կիսատ սեղանի շուրջ։
Ադրբեջանի առաջնորդը, որին իսպառ խորթ է մեծահոգությունը, սառնասրտորեն ընդունեց մատուցված զոհաբերությունը, բայց Անկարա այդպես էլ չմեկնեց։
Նրա քաղաքական ու բարոյական նկարագրի լավագույն վկայությունը Արցախի խորհրդարանում կատարած վայրագությունն էր, երբ փողոցային խուժանի նման ոտքերի տակ գցեց արցախյան սրբազան դրոշն ու ցուցադրաբար տրորեց։
Նույն այդ սառնասիրտ ցինիզմով նա գերադասեց մնալ Բաքվում և պատանի ֆուտբոլիստների խաղը դիտել, քան ներկա գտնվել մի հավաքի, որտեղ Ադրբեջանը պետք է կազմակերպության ղեկավարությունը հանդիսավոր կերպով փոխանցեր հենց Թուրքիային։
Էրդողանի հռչակած «գովերգված եղբայրությունը» Ալիևի թեթև ձեռքով վերածվեց դիվանագիտական ֆարսի․ «ընտանեկան խորհրդի» առանցքային անդամը պարզապես բոյկոտեց հավաքը՝ աշխարհին ցույց տալով, որ այսուհետ խաղում է բացառապես սեփական կանոններով։
Անկարայում կայացած «ընտանեկան լուսանկարի» արարողության ժամանակ Էրդողանի կողքին Ալիևի բացակայությունը դարձավ թյուրքական միասնության փլուզման ամենախոսուն ապացույցը։ Ադրբեջանն իր նախագահությունը Թուրքիային փոխանցեց ոչ թե առաջնորդի մակարդակով, այլ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ձեռամբ՝ կրտսեր պաշտոնյայի միջոցով Էրդողանին հանձնելով երբեմնի հավակնոտ կառույցի ղեկը։
«Թյուրքական աշխարհի» և «անխախտ եղբայրության» այն մեծ փուչիկը, որը հոկտեմբերի 26-ին այդքան խնամքով փչում էր Էրդողանը, ընդամենը չորս օր անց՝ հոկտեմբերի 30-ին, աղմուկով պայթեց հենց Անկարայի շեմին։
Ալիևի ցինիկ դեմարշն ի ցույց դրեց աներքելի ճշմարտությունը. երբ խաղասեղանին սեփական բռնապետության անձեռնմխելիությունն է, «արյունակցական» բոլոր սենտիմենտները ակնթարթորեն զրոյանում են։
Բաքուն և Անկարան կարող են դաշնակցել ու միասնական ճակատ կազմել միայն ընդհանուր թշնամիների դեմ, սակայն ներսից թյուրքական այդ «երկյակն» արդեն պատված է անդառնալի ու խորացող ճաքերով։
Աշխարհաքաղաքական այս նոր իրողությունը Հայաստանի համար ոչ թե կողմնակի դիտորդի կարգավիճակում հրճվելու կամ սին հույսեր փայփայելու առիթ է, այլ սեփական արտաքին քաղաքականությունը սթափ վերագնահատելու, կործանարար պատրանքներից վերջնականապես ձերբազատվելու և ռազմավարական նոր հակակշիռներ կերտելու պատմական պատուհան։
Դաշնակցային պատրանքների ծխածածկույթը ցրված է, իսկ Հայաստանի համար սկսվում է սեփական շահերի անզիջում հաշվարկի ժամանակը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ