Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Բռնազավթիչների հարկային ցուցակները

Բռնազավթիչների հարկային ցուցակները
30.08.2026 | 11:16

1604 թվականի Շահ Աբբաս I-ի իրականացրած «մեծ բռնի գաղթը»՝ Արևելյան Հայաստանի բնակչության բռնագաղթը դեպի Իրանի խորքեր, դարձավ տարածաշրջանի էթնո-ժողովրդագրական պատկերի խաթարման հիմնական պատճառը։ Արարատյան դաշտից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից, Նախիջևանից և Սյունիքից հարյուր հազարավոր հայերի տեղահանությունից հետո առաջացած դատարկությունը լցվեց Սեֆյան պետության կողմից հովանավորվող թյուրքալեզու թափառաշրջիկ ցեղերով (քենգերլու, ալփաուտ, այրում, բայաթ և այլն)։
Շահ Աբբասի բռնագաղթի հետևանքով Արևելյան Հայաստանից տեղահանվեց, տարբեր հաշվարկներով, 250,000-ից մինչև 300,000 հայ։
Սեֆյան Իրանի վարչական ապարատը (դիվանները) հարկահավաքությունը, կալվածագրերի հանձնման ու տարածքային կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով պաշտոնական փաստաթղթերում ներմուծեցին արաբապարսկական և թյուրքական անվանումներ։ Դրանք հարմարեցված էին նորաբնակ վաչկատուն ցեղերի բարբառներին, որոնք արոտավայրերին տալիս էին նկարագրական կամ ցեղախմբային անուններ։ Հազարամյա պատմություն ունեցող հայկական տեղանունները պաշտոնական դիվանագրության մեջ փոխարինվեցին. Գեղամա ծովը/Սևանը դարձավ «Գյոկչա», Արագածը՝ «Ալագյոզ», Երվանդաշատի և Արմավիրի պատմական տարածքները՝ «Սարդարապատ» կամ տեղական բեկական անուններով։
Ըստ պատմական տվյալների,
1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից և Երևանի ու Նախիջևանի խանությունների լուծարումից հետո, ռուսական իմպերիայի պաշտոնական վիճակագիր Իվան Շոպենի կողմից անցկացված մարդահամարի (1829–1832 թթ.) տվյալները հստակ ցույց են տալիս դարավոր բռնագաղթերի հետևանքը. առ այն, որ Երևանի կուսակալության տարածքում (մինչև 1828 թ. ներգաղթը) հայերը կազմում էին բնակչության մոտ 20-25%-ը, մինչդեռ մնացած մասը ձևավորված էր թյուրքալեզու և քրդական թափառաշրջիկ ցեղերից։
19-րդ դարի առաջին կեսին Երևանի նահանգի ավելի քան 1,100 բնակավայրերից և աշխարհագրական օբյեկտներից շուրջ 70%-ը վարչական փաստաթղթերում արձանագրված էին օտարածին, թյուրքացված կամ պարսկացված անուններով։ Նույնիսկ երկու հարյուր տարի անց մենք կանգնած ենք լեզվամտածողության ազատագրման փաստի առջև և պետք է հրաժարվենք թշնամական տեղանուններից։
Հարգելի՛ հայրենակիցներ,
աշխարհագրական անունը լոկ աշխարհագրություն չէ. այն հիշողություն է, ինքնություն և տիրության իրավունք։ Երբ մենք մեր առօրյա խոսքում, կենցաղում կամ, որ ավելի վտանգավոր է, հանրային տիրույթում օգտագործում ենք դարեր առաջ մեր հողին պարտադրված օտար, թյուրքացված անվանումները, մենք կամա թե ակամա շարունակում ենք Սեֆյան Իրանի և օսմանյան վարչակարգերի հակահայ քաղաքականությունը։
Պետք է հիշենք, որ Հայոց շեն օջախները դատարկվել են, իսկ նրանց փոխարեն պարսկական դիվանները հարկահավաքությունն ու կառավարումը կազմակերպելու համար այստեղ տեղավորել են ոչ բնիկ թյուրքալեզու թափառաշրջիկ ցեղերի։ Այդ ցեղերի համար պատմական հողն ու դրա հազարամյա հայկական անունը արժեք չունեին. նրանց պետք էին արոտավայրեր, իսկ պարսկական վարչակազմին՝ հարկեր։ Այսպես Գեղամա ծովը դարձավ «Գյոկչա», Արագածը՝ «Ալագյոզ», իսկ մեր տասնյակ գյուղեր ստացան պատահական ցեղախմբերի կամ թափառական խաների անուններ։
Ի՞նչ է նշանակում այսօր կիրառել այդ անունները։ Դա նշանակում է ենթագիտակցական կամուրջ պահպանել այն էթնիկ և քաղաքական միջավայրի հետ, որի նպատակը եղել և մնում է հայկական հետքի տոտալ ջնջումը։ Օտար անվանման կիրառումը սեփական հողի վրա ինքնասպանության հոգեբանական ձև է։
Մենք պետք է արմատախիլ անենք այս սովորույթը։
Յուրաքանչյուր հայ պարտավոր է հիշել և կիրառել միայն պատմական, հայկական տեղանունները։ Վարչատարածքային բոլոր անվանումները պետք է արտացոլեն մեր մշակութային ժառանգությունը, այլ ոչ թե բռնազավթիչների հարկային ցուցակները։
Մեր դպրոցներում, media-դաշտում և տեղեկատվական հարթակներում պետք է վերջ տրվի ցանկացած թյուրքացված տեղանվան անգամ պատահական գործածությանը։
Տեղանունը տիրոջ դրոշն է հողի վրա։ Եթե մենք օգտագործում ենք թշնամու դրած անունը, մենք կասկածի տակ ենք դնում մեր տիրոջ իրավունքը։ Վերադարձնենք մեր հիշողությունը, որպեսզի տեր մնանք մեր հայրենիքին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Դիտվել է՝ 275

Մեկնաբանություններ