Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո՝ ընկալումը

Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո՝ ընկալումը
22.08.2026 | 11:22

Եկեք հասկանանք՝ ինչ տակտիկայով Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանրային դիսկուրսում թուրքական նարատիվն ու տարբեր գաղափարական թեզերը աստիճանաբար դարձնել սովորական հանրային խոսույթի բաղադրիչ։

Խնդիրը մեկ օրվա կամ մեկ հայտարարության մեջ չէ, այլ տարիներով արված աշխատանքի արդյունք. այսպես՝ հանրային ընկալման սահմանները քիչ-քիչ փոխելու միջոցով տարբեր պնդումներ դառնում են սովորական, բնական բառամթերք։

Դեռևս 2-3 տարի առաջ կառավարության նիստի ժամանակ, երբ Նիկոլը հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով՝ «Էյվազլի», «Չայզամի», «Էսկիպարա», «Բարխուդարլու» ներկայացրեց, միանգամից լուրջ հանրային դիմադրություն առաջացավ՝ ստեղծելով բավական ագրեսիվ քննադատություն։ Բայց այդ բառապաշարը շարունակվեց դոզավորված ներարկվել մարդկանց ուղեղում, ավելին, կրկնվեց այնքան, մինչև դարձավ իշխանության համար սովորական խոսքի մաս, իսկ հասարակության համար՝ լսելի ու այլևս ոչ արտառոց ձևակերպում։

Հետո աստիճանաբար փոխվեց նաև մոտեցումը։ Քաղաքական հարցերը սկսեցին ներկայացվել որպես զուտ տեխնիկական կամ քարտեզային խնդիրներ։ Եվ այսպես, այն, ինչ նախկինում պետք էր հիմնավորել, աստիճանաբար սկսեց մատուցվել որպես ինքնին հասկանալի փաստ՝ «անհերքելի ճշմարտություն»։

Այսօր արդեն Փաշինյանը կարող է տեսախցիկների առաջ հանգիստ հայտարարել, թե «Քյարքին հայկական տարածք չէ», և «անկլավների հարցը պետք է կարգավորվի»։ Հենց այստեղ է նրա տակտիկայի էությունը․ նա հասարակությանը միանգամից չի պարտադրում նոր թեզը։ Նախ սովորեցնում է այդ թեզի շուրջ խոսել, հետո՝ լսել, իսկ վերջում՝ չզարմանալ։

Նույնը վերաբերում է քարտեզներին։ Նիկոլական տրամաբանությամբ՝ եթե կա որևէ քարտեզ, այն կարող է դառնալ հերթական քաղաքական պնդման հիմք, նույնիսկ, եթե այդ քարտեզը ներկայացվում է առանց պատմական, իրավական կամ քաղաքական ամբողջ համատեքստի։

Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը։ Մի քանի տարի առաջ նման հայտարարությունը հասարակական մեծ արձագանք կառաջացներ, այսօր այն արդեն իշխանությունն ուզուրպացրածի շուրթերից հնչում է որպես «սովորական», գրեթե ինքնին հասկանալի պնդում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ