Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը
09.01.2026 | 17:23

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:

Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և Հայոց Հայրապետին փոխանցեց ամենքի ջերմ բարեմաղթանքները։

Պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Մայր Աթոռի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից Մանուշակ Գևորգյանը։

Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց Մայր Աթոռի պաշտոնեության նախանձախնդիր ծառայությունն ու նվիրումն ի խնդիր Սուրբ Էջմիածնի առաքելության առավել արդյունավորման ու զորացման։ Նորին Սրբությունը հաստատեց, որ Մայր Աթոռի կողմից արձանագրած ձեռքբերումների մեջ իրենց կարևոր ներդրումն ունեն նաև աշխարհիկ պաշտոնյաները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց Աստծո օրհնությունն ու զորակցությունը՝ հայցելով, որ Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի հայորդիներին և նրանց ընտանիքներին` խաղաղության ու բարօրության մեջ պահելով հայրենի մեր երկիրը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 3151

Մեկնաբանություններ