ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Փողոցում «շպրտված» իշխանությունն ու ստորագրության կաշկանդումը

Փողոցում «շպրտված» իշխանությունն ու ստորագրության կաշկանդումը
10.11.2026 | 13:53

Նոյեմբերի 10-ն է: 6 տարի առաջ այս օրն իշխանությունը «շպրտված էր» փողոցում: Անհրաժեշտ էին այնպիսի անձինք, որոնք կկարողանային իշխանությունը վերցնել: Վստահ եմ` եթե 2020 թվականի նոյեմբերի 10-ին Փաշինյան Նիկոլն ընդդիմություն լիներ, ապա նա կվերցներ իշխանությունը:
Մեծ հաշվով՝ 2020 թվականի և այսօրվա ընդդիմությունը ղեկավարվում է անձանց նույն շրջանակի կողմից: 6 տարվա ընթացքում այդ անձինք նախաձեռնել են իշխանությունը վերցնելու տասնյակ փորձեր: Այժմ կրկին նախաձեռնում են: Բաց է մնում միայն մեկ կարևոր հարց, այն է` ինչո՞ւ, երբ իշխանությունը «շպրտված էր» փողոցում, նրանք չվերցրեցին այն: Անշուշտ, կան բազմաթիվ վարկածներ, սակայն կա մեկը, որն դրանցից ամենատրամաբանականն է:
2020 թվականի նոյեմբերի 9-ի (10-ի) «թղթի» տակ դրված էր Վլադիմիր Պուտինի ստորագրությունը: Վստահ եմ եթե «թուղթը» ստորագրված լիներ միայն Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից, ապա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանում նոր իշխանություն կձևավորվեր: Կարծում եմ այդ ժամանակ միայն Վլադիմիր Պուտինի ստորագրությունը կանգնեցրեց իշխանափոխության գործընթացը:
Ավելին` անձամբ ես այդ օրերին նախաձեռնեցի 2020 թվականի նոյեմբերի 9-ի (10-ի) «թղթի» չեղարկման իրավական գործընթաց: Անձամբ կամ միջնորդավորված դիմեցի մի քանի տասնյակ «քաղաքականացված» անձանց: Եվ նրանցից միայն երեքը համաձայնություն տվեցին մասնակցել այդ «թղթի» չեղարկման իրավական գործընթացին, իսկ դատարան ներկայացված հայցադիմումի տակ ստորագրեց նրանցից միայն մեկը: Հասկացա, որ հայաստանյան գործիչներն իրենց «գլխի տերը չեն»:
Համենայն դեպս՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին (10-ին) նրանց բոլորին կաշկանդում էր «թղթի» տակ դրված Վլադիմիր Պուտինի ստորագրությունը: Այնքան էր կաշկանդում, որ նրանք չվերցրեցին փողոցում «շպրտված» իշխանությունը:
Դրան հաջորդած տարիներին եղավ որոշակի քաղաքական վերադասավորություն: Այդ նույն գործիչները սկսեցին սուր քննադատության ենթարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի (10-ի) «թուղթը»․ այն արդեն «կապիտուլյացիայի ակտ» էին անվանում:
Ինչո՞ւ:
Որովհետև նախնական կաշկանդվածությունն անցել էր, հետևաբար` գործիչները «գտել էին» բոլոր ստորագրությունների բացատրությունը կամ, ինչն ավելի հավանական է, նրանց այդ «բացատրությունները» հուշել էին ստորագրությունների հեղինակները:
Ինչևէ:
2020 թվականի նոյեմբերի 9-ի (10-ի) «թուղթը» դառնում է 6 տարեկան: Հայաստանի հավաքական ընդդիմությունը հերթական անգամ պատրաստվում է «վճռորոշ գործողությունների»: Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում: Սակայն ընդդիմադիրների անկեղծությանն այլևս չեմ հավատում: Ցանկացած պահի ի հայտ եկած նոր «ստորագրությունը» կարող է փոխել «վճռորոշ» պայքարի ուղղությունը կամ ընդհանրապես դադարեցնել այն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ