ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Թե ինչ կլինի TRIPP նախագծի հետ ԱՄՆ-ի ընտրություններից, դեմոկրատների հաղթանակից և Թրամփի՝ «կաղ բադ» դառնալուց հետո

Թե ինչ կլինի TRIPP նախագծի հետ ԱՄՆ-ի ընտրություններից, դեմոկրատների հաղթանակից և Թրամփի՝ «կաղ բադ» դառնալուց հետո
17.10.2026 | 11:44

Ըստ տարածաշրջանից ստացվող տեղեկությունների՝ ամեն ինչ գնում է դեպի նոր պատերազմ։ Իրանում մոբիլիզացվում և տեղակայվում են լրացուցիչ ուժեր։ ԱՄՆ-ը վերջերս տարածաշրջան է տեղափոխել ևս 10,000 զինծառայող և ավիակիր հարվածային խումբ։ Երկու կողմերն էլ սպառնալիքներ են փոխանակել․ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանի համար ամեն ինչ շատ վատ կավարտվի, եթե այն շարունակի միջուկային զենքի մշակումը։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակման դեպքում պատասխան հարվածներ կհասցնի ոչ միայն տարածաշրջանի ենթակառուցվածքներին, այլև ամերիկյան նավերին ու զինծառայողներին։ Նոր նախազգուշացում է հնչեցվել տարածաշրջանի այն երկրների հասցեին, որոնք համագործակցում են ԱՄՆ-ի հետ, հատկապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Ծոցի մյուս երկրների, ինչպես նաև Կովկասի պետությունների։

Մերձավոր Արևելքում նոր պատերազմի նախաշեմին ուրվագծվում են ուժային նոր բևեռներ կամ շահերի խմբեր։

Առաջին ակնհայտ բևեռը, որի ազդեցությունն աճում է, Իրանն է, հուսիներն ու տարածաշրջանում Իրանի մյուս դաշնակիցները՝ Իրաքում, Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում և այլուր։ Սա այսպես կոչված «Դիմադրության առանցքն» է։

Դրան հակադրվում են ԱՄՆ-ը, Իսրայելը և տարածաշրջանի՝ ԱՄՆ-ին հավատարիմ երկրները՝ Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի երկրները՝ ԱՄԷ-ն, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը, ինչպես նաև Հորդանանը։

Կա նաև երրորդ՝ թուրքական բևեռը, որը, ինչպես միշտ, վարում է անկախ, պաշտոնապես չեզոք քաղաքականություն և մանևրում կողմերի միջև՝ սեփական շահերից ելնելով։ Թուրքիան ամրապնդել է իր ազդեցությունը տարածաշրջանում և տարածել այն հարևան երկրների վրա, օրինակ՝ Սիրիայում, որտեղ հակադրվում է Իսրայելին։ Թուրքիայի քաղաքականությունը թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի նկատմամբ ճկուն է․ նա չի աջակցում որևէ կողմի և չի գնում նրանցից որևէ մեկի հետ առճակատման։

Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս ձևավորված դաշինքը ցույց տվեց առաջին երկու պետությունների որոշակի մերձեցումը ամերիկյան կոալիցիայի հետ և Իրանի զսպմանն ուղղված քայլերը, ինչն առաջացրեց Թեհրանի համապատասխան արձագանքը։ Մինչ այդ Պակիստանը չեզոք միջնորդի դեր էր կատարում, որն այժմ շատ ավելի դժվար կլինի իրականացնել։

Տարածաշրջանում ընդհանուր միտումն է ԱՄՆ-ի և ամերիկյան կոալիցիայի ազդեցության թուլացումը, տարածաշրջանային տերությունների, առաջին հերթին՝ Իրանի, ինչպես նաև Թուրքիայի ազդեցության աճը։ Իր դերն ունի նաև Ռուսաստանը, թեև նրա համար բացարձակ առաջնահերթություն է մնում Ուկրաինայի հակամարտությունը։

Իսկ այս բևեռներից որին կարող է միանալ Հայաստանը։ Ամերիկամետ կոալիցիայից Հայաստանը որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել, իսկ այդ կոալիցիայի ազդեցությունն էլ նվազում է։ Թե ինչ կլինի TRIPP նախագծի հետ ԱՄՆ-ի ընտրություններից, դեմոկրատների հաղթանակից և Թրամփի՝ «կաղ բադ» դառնալուց հետո, անհայտ է։ Այստեղ առանձնապես լավատես լինելու հիմքեր չկան։

Իրանական կողմից հնչում են համագործակցության և գործընկերության մասին հայտարարություններ, քայլեր են արվում հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, սակայն հնչում են նաև հստակ նախազգուշացումներ Հայաստանի ամերիկամետ քայլերի հետևանքների վերաբերյալ։ Դրանցից գլխավորն Իրանի հետ սահմանին այնպիսի օբյեկտի կառուցումն է, որը վերահսկվելու է ամերիկյան ընկերությունների և նրանց կապալառուների կողմից։ Իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ուղղորդողներին կմնա ընդամենը մի փոքր մաքրել իրենց հեռադիտակների ոսպնյակները, գրանցել նոր թիրախների տվյալները, և վերջ՝ գործը կավարտվի աղետով։ Ընդ որում՝ բառի ամենաուղիղ իմաստով։

Երրորդ՝ թուրքական բևեռը Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Այստեղ միայն մեկ թերություն կա․ եղբայրական Ադրբեջանի հիշողությունը երկար է, իսկ պահանջների ցանկը՝ ընդարձակ։ Այս ռեժիմը հնազանդորեն կատարում է այդ պահանջները, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվել է Ադրբեջանի և Թուրքիայի վասալի վիճակում։ Իսկ իրադարձությունների հետագա զարգացումը կարող է Հայաստանին զրկել պետականության վերջին հատկանիշներից, այնպես որ Արարատն այլևս նույնիսկ լուսանկարելու բան չի լինի։

Եվ, իհարկե, կա նախկին ռազմավարական դաշնակիցը, որի հետ այս ռեժիմն արդեն ութ տարի հետևողականորեն փչացնում է հարաբերություններն ու խզում կապերը։ Գործն արդեն հասել է ուղիղ հանրաքվե անցկացնելու առաջարկին՝ պարզելու, թե ով ում հետ է և ով ում կողմն է։

Ահա այսպիսին է միջազգային մթնոլորտը, որում մենք այսօր ապրում ենք։ Պետք է մտածել։ Պետք է մտածել հենց հիմա և շատ հանգամանորեն։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ