ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Փաշինյանի չստացած մանդատը

Փաշինյանի չստացած մանդատը
25.08.2026 | 23:12

«Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է։ ՀՀ քաղաքացիները, քվեարկելով ՔՊ-ի օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին»։

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս միտքը վերջին օրերի ամենամանիպուլյատիվ քաղաքական ձևակերպումներից մեկն է։ Ընտրություններում ստացած մանդատը նա փորձում է ներկայացնել որպես հանրային հավանություն իր ամբողջ քաղաքական օրակարգին, այդ թվում՝ նոր Սահմանադրության ընդունմանը։

Մի կողմ թողնենք նույնիսկ լեգիտիմության այն ճգնաժամը, որն ուղեկցել է վերջին խորհրդարանական ընտրություններին, և ընդունենք իշխանության համար ամենանպաստավոր վարկածը՝ պաշտոնական արդյունքները լիովին արտահայտում են հասարակության քաղաքական կամքը։

Նույնիսկ այս դեպքում Փաշինյանի պնդումը չի դիմանում քննությանը։

ՔՊ-ն ստացել է կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն, սակայն չունի սահմանադրական մեծամասնություն։ Իսկ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի համաձայնությունը։

Այսինքն, ընտրությունների արդյունքում ձևավորվել է հստակ քաղաքական սահմանափակում։

Քվեարկության գնացած քաղաքացիները շատ լավ գիտեին նոր Սահմանադրության վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշումը։ Ավելին՝ այդ թեման վաղուց դուրս էր եկել զուտ ներքաղաքական կամ սահմանադրական բարեփոխումների շրջանակից և դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգի մաս։ Բաքուն բազմիցս հրապարակայնորեն կապել է խաղաղության գործընթացը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ, իսկ Փաշինյանի իշխանությունը հայտարարել է նոր Սահմանադրություն ընդունելու մտադրության մասին։

Հետևաբար, հասարակությունը քվեարկել է՝ հստակ պատկերացում ունենալով նաև այս օրակարգի մասին։

Այդ քվեարկության արդյունքում ՔՊ-ն չի ստացել 2/3- մեծամասնություն։

Ուստի ընտրությունների արդյունքից բխող քաղաքական եզրակացությունը տրամագծորեն հակառակն է Փաշինյանի ներկայացրածին. նա ստացել է կառավարություն ձևավորելու մանդատ, բայց չի ստացել պետության սահմանադրական հիմքերը սեփական քաղաքական կամքով վերաձևելու լիազորություն։

Նոր Ազգային ժողովը որոշակի իմաստով «փակուղային» խորհրդարան է, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմության, այլ առաջին հերթին՝ հենց իշխանության համար։

ՔՊ-ն կարող է կառավարել երկիրը, իրականացնել իր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, կառավարության ծրագիրը, ընդունել օրենքներ, սակայն սահմանադրական համակարգի վերաձևման հարցում ընտրությունների արդյունքը նրան պարտադրում է համաձայնություն փնտրել խորհրդարանական մեծամասնությունից դուրս։

Հենց այստեղ է Փաշինյանի պնդման գլխավոր հակասությունը։

Եթե խորհրդարանական ընտրությունները, ինչպես նա այսօր փաստացի փորձում է ներկայացնել, նաև նոր Սահմանադրության վերաբերյալ վստահության քվե էին, ապա դրանց արդյունքը չի կարող մեկնաբանվել որպես այդ նախաձեռնության հավանություն։

Տեղի ունեցածը խորհրդարանական ընտրություններ էին. դրանց արդյունքը հետադարձ ուժով չի կարելի վերածել նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ