Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ափսո՜ս, Էդվարդ Սասուն

Ափսո՜ս, Էդվարդ Սասուն
18.03.2023 | 22:36

Արագածի հպարտ լանջին մի գյուղ կա՝ անունը Շղարշիկ, ուր ապրում էին Էրգրից՝ Մարութա սարի կարոտով երազող գաղթական սասունցիներ։
Նրանց կարոտները սպասման ցավից պատկերներ են դարձել՝ ցավոտ, բայց հպարտ, արժանապատիվ ու Էրգրոտ։
Այդ կարոտներից ծնվեց Էդիկը, որին աշխարհը ճանաչեց որպես տաղանդավոր նկարիչ Էդվարդ Սասուն։
Ծնվեց Շղարշիկում, սովորեց և աշխատեց Երևանում, գեղանկարչական ակադեմիան ավարտեց Պետերբուրգում, ապրեց Հնդկաստանում, հետո՝ Թաիլանդում:
Նա էլ յուրովի գաղթական էր իր պապերի պես։
Վերջապես իր ոդիսականն ավարտեց Հայաստանում, ուր նոր տուն էր կառուցել, զավակներ մեծացրել, արվեստանոց հիմնել և աշխարհի հետ խոսել դասական գեղարվեստի լեզվով։
Էդիկը համաշխարհային կատալոգներում ժամանակակիցներից դասական ոճի վերջին հայ նկարիչն էր:
Նրա կտավները վրձնահար կռունկներ են, որոնք հայոց կարոտի խաբրիկներն են հասցրել Ամերիկա, Հնդկաստան, Անգլիա Թաիլանդ և այլուր։
Սարալանջի ժայռերի սոսափն ու ալպիական ծաղիկների բույրը Էդիկը գույների ճախրանքով աշխարեաշխարհ տարավ և կերպարվեստի համաշխարհային վարպետների ծննդավայրերի քարտեզում մի կետ ավելացրեց՝ Շղարշիկ, որի հայրենի հողի տաք գրկում սասնա պապերի կողքին ննջելու է Էդվարդ Սասունը:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 65866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ