Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Որքան կարելի է իջեցնել հանրային խոսքի նշաձողը՝ առանց դահլիճի հատակին դիպչելու

Որքան կարելի է իջեցնել հանրային խոսքի նշաձողը՝ առանց դահլիճի հատակին դիպչելու
18.09.2026 | 13:17

Միխայիլ Ժվանեցկին մի հրաշալի ստեղծագործություն ունի՝ «Կյանքը ներքևում» («Жизнь внизу»)։ Իր գրվածքներում առհասարակ, և այս ստեղծագործության մեջ մասնավորապես, նա հասարակական մեծ ողբերգությունները վարպետորեն այնպես է նկարագրում, որ սկզբում ծիծաղում ես, իսկ հետո հասկանում՝ առանձնապես ծիծաղելու բան չկա։

Մեծն երգիծաբանի ստեղծագործության բովանդակային աշխարհում «խելացին» ու «հիմարը» սոսկ մտավոր ունակությունների բնութագրումներ չեն։ Դրանք հասարակական դերեր են։ Խելացին կասկածում է, մտածում, համադրում, երբեմն՝ լռում։ Հիմարը վստահ է, բարձրաձայն է և, ամենակարևորը, միշտ պատրաստ է ղեկավարել։

Հայկական քաղաքականությունը վերջին տարիներին կարծես որոշել է Ժվանեցկու «Կյանքը ներքևում» ստեղծագործությունը վերածել պետական կառավարման փորձարարական ուղեցույցի։

Նախ քաղաքականությունից սկսեց անհետանալ միտքը։ Հետո՝ փաստարկը։ Հետո պարզվեց, որ գիտելիքն էլ առանձնապես պարտադիր չէ։ Իսկ որոշ ժամանակ անց նույնիսկ դրա բացակայությունը դադարեց անհարմարություն պատճառել։

Իսկ վերջերս քաղաքական գործչի գլխավոր առավելությունը դարձավ ոչ թե այն, թե ինչ է ասում, այլ այն, թե որքան վստահ է ասում այն, ինչի մասին առանձնապես ասելիք չունի։

Այս օրերի Ազգային ժողովին նայելիս երբեմն դժվար է հասկանալ՝ մենք խորհրդարանական քննարկո՞ւմ ենք դիտում, թե՞ սոցիալական փորձ՝ պարզելու համար, թե որքան կարելի է իջեցնել հանրային խոսքի նշաձողը՝ առանց դահլիճի հատակին դիպչելու։ Եվ ամենատագնապալին այն է, որ հատակը նույնպես, կարծես, ամեն նստաշրջանից հետո մի փոքր ավելի ներքև է իջնում։

Եվ հատկանշական է, որ գործընթացն արդեն միայն իշխանություն-ընդդիմություն բաժանարարով չէ։ Խնդիրը շատ ավելի խորն է։ Քաղաքական միտքն ինքն է նահանջում քաղաքականությունից։ Ընդ որում, ոչ թե պարտվելով ավելի ուժեղ մտքին, այլ պարզապես ազատելով տարածքը մտքի բացակայության համար։

Մենք կարծես անցնում ենք նոր էվոլյուցիոն ճանապարհ՝ «մեղսունակից դեպի անմեղսունակ» սանդղակով։

Մեղսունակը գոնե հասկանում է իր արածը։ Նա կարող է մանիպուլացնել, խեղաթյուրել, քաղաքական հաշվարկ կատարել, նույնիսկ գիտակցաբար անհեթեթություն ասել։ Բայց դրա տակ դեռ ինչ-որ հաշվարկ կա։

Անմեղսունակության քաղաքական փուլը շատ ավելի հետաքրքիր է։ Եվ շատ ավելի վտանգավոր։ Այստեղ մարդն այլևս չի մանիպուլացնում իրականությունը։ Նա պարզապես ապրում է իր իսկ ստեղծած իրականության մեջ։ Չի ձևացնում, թե գիտի, նա համոզված է, որ գիտի։ Չի խաղում պարզունակություն, քանզի պարզունակությունն արդեն դարձել է աշխարհայացք։

Եվ հենց այստեղ Ժվանեցկու սատիրան սկսում է չափազանց ժամանակակից հնչել։ Նախկինում խելացիներն էին փորձում բացատրել աշխարհը հիմարներին։ Հետո խելացիները հոգնեցին բացատրելուց։ Հետո հիմարները որոշեցին, որ բացատրելու առանձնապես բան էլ չկա։ Իսկ վերջում նրանք բարձրացան ամբիոն և սկսեցին բացատրել աշխարհը մնացած բոլորին։

Սա պարզապես քաղաքականության որակի խնդիր չէ։ Սա պետության համար վտանգավոր վիճակ է։ Որովհետև քաղաքական սխալը հնարավոր է ուղղել, վատ որոշումը՝ փոխել, նույնիսկ անգրագետ օրենքը՝ վերաշարադրել։

Բայց երբ քաղաքական համակարգը կորցնում է բարդն ու բազմաբովանդակը հասկանալու պահանջը, երբ հանրային խոսքում միտքը պարտվում է աղմուկին, գիտելիքը՝ ինքնավստահությանը, իսկ փաստարկը՝ վիրավորանքին, պետությունը կորցնում է ոչ թե քաղաքական բանավեճի արդյունքը, այլ մտածելու, բանավիճելու և արարելու կարողությունը։

Ժվանեցկին, հավանաբար, այստեղ մի շատ կարճ բան կասեր։ Օրինակ՝ նախկինում էլ հիմարներ կային։ Պարզապես նրանք այդքան ներկայացուցչական չէին։ Մենք, կարծես, այդ «պատմական անարդարությունն» ենք շտկել։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ