ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Միակ հետևողականությունը թուրանական օրակարգին ենթարկվելն է

Միակ հետևողականությունը թուրանական օրակարգին ենթարկվելն է
19.08.2025 | 14:30

Ինչպես հայտնի է՝ Նիկոլի իշխանության հիմնական գործիքը վաղուց դարձել է ոչ թե իրական քաղաքական գործընթացները, այլ դրանց գեղեցիկ բեմադրությունը՝ շոուն։ Նա ամեն ինչ անում է հանրությանը տեսարանով կերակրելու, իրականության կոպիտ ու ցավոտ երեսը ստի քողով փաթեթավորելու և քաղաքականապես ամլացնելու, դարձնելու բութ գործիք։

Այս մեխանիզմը պարզ է․ քաղաքական ճգնաժամը, պետականության կազմաքանդման գործընթացը և արտաքին պարտավորությունների վտանգավոր շղթան ծածկվում են «ուրախության» շղարշով։ Փառատոներ, միջոցառումներ, գունագեղ տոնակատարություններ։ Թվում է, թե հասարակությունն ապրում է «երջանկության» մեջ, որ «խաղաղություն» է հաստատվել, և որ իշխանության «ղեկավարը» դրա հեղինակն է։

Սակայն իրականում սա հին ու մաշված տակտիկա է։ Նիկո՛լ, դու պարզապես կրկնում ես հռոմեական մոդելը՝ «հաց և տեսարաններ» տրամադրելու գործելակերպը։ Գլադիատորական մարտերի փոխարեն բեմադրում ես մշակութային շոուներ, իսկ կոլիզեյի հանդիսատեսի փոխարեն փորձում ես քնած պահել հասարակությանը՝ նրանց ուղեղը լցնելով զանազան աղբով։ Քեզ համար պետականության ճգնաժամը փակելու ամենահարմար միջոցը հենց այդ կեղծ վայելչությունն է։ Հռոմի կայսրերն էլ էին կոլիզեյում հաց շպրտում, որպեսզի մարդիկ կուշտ լինեն, իսկ պետական գործերի, հոռի բարքերի, օրգիաների և մնացածի մասին ընդհանրապես տեղյակ չլինեն, մնան լեթարգիական քնի մեջ։

Բայց այստեղ կա գլխավոր խնդիր. դու չունես ոչ ապագայի հստակ տեսլական, ոչ պետականության կառուցման գաղափարական մոդել։ Քո քայլերը իրավիճակային են, սպոնտան, «ոտքի վրա» որոշումներ՝ զուրկ որևէ ռազմավարական ճանապարհային քարտեզից։ Միակ հետևողականությունը, որ ունես, թուրանական օրակարգին ենթարկվելն է՝ սեփական ժողովրդին դրան ծառայեցնելու գնով։

Այս ամենի վտանգավորությունը հենց այն է, որ հասարակության հիշողությունը փորձում են կարճացնել և կաշառել «տեսարաններով»։ Բայց պատմությունը սովորեցնում է՝ այն ղեկավարները, ովքեր ապագայի տեսլական չունեն և իշխանությունը պահում են միայն շոուներով ու պատրանքներով, վաղ թե ուշ կանգնում են անխուսափելի կրախի առաջ։ Հայաստանը չի կարող կառավարվել որպես կոլիզեյի ամբոխի համար բեմադրված ներկայացում․ պետությունը պահանջում է պատասխանատու առաջնորդություն, հստակ գաղափար և հեռանկար։

Ցավս այն է, որ պետությունը չի կարելի կառավարել որպես բեմ, որտեղ հանդիսատեսին ժամանակավորապես զվարճացնում են։ Ցանկացած տեսարան մարում է, իսկ հաջորդ օրը գալիս է դաժան իրականությունը։ Իսկ այդ իրականության մեջ մեզ պետք է ոչ թե պատրանքներով զբաղված իշխանություն, այլ առաջնորդություն, որ հենված է գաղափարի, պատասխանատվության ու հստակ ապագայի վրա։ Առանց դրա՝ Հայաստանը դատապարտված է մնալու ոչ թե պետություն, այլ՝ դեկորացիա։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4301

Մեկնաբանություններ