Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Իրավիճակը պայթյունավտանգ է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի համար»

«Իրավիճակը պայթյունավտանգ է ոչ միայն  Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի համար»
13.04.2018 | 00:11

Աշխարհում պայթյունավտանգ իրավիճակ է: Լռել է դիվանագիտությունը, գործի է դրվում զենքը: Այն, ինչ գերտերությունները փորձում են անել Սիրիայում, նման է կրակից այլոց ձեռքով շագանակներ հանելուն, իմա՝ այդ երկիրը հողին հավասարեցնելու գնով լուծել միմյանց հետ ունեցած խնդիրները: ԱՄՆ-ի նախագահը մեկը մեկի հետևից «Թվիթերում» գրառումներ է անում և ցնցում ողջ աշխարհը, Ռուսաստանի պատասխանը չի ուշանում, Թուրքիան ամուր նստել է Սիրիայում, Իսրայելը հանգիստ չի տալիս Իրանին, ու այս ամենը` Սիրիայի թնջուկի ֆոնին: Վերջին օրերի վտանգավոր զարգացումների շուրջ մեկնաբանություն խնդրեցինք միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ:

-Ի՞նչ է կատարվում Սիրիայի շուրջ:
-Թրամփը մի քանի գրառում արեց «Թվիթերում», շատ ագրեսիվ արտահայտվեց Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականության առնչությամբ, քանի որ Ասադին է պաշտպանում: Կարճ ժամանակ անց մեղմեց իր միտքը, ասելով, թե Ռուսաստանի հետ պետք է համագործակցել, որպեսզի հնարավոր լինի լուծել նաև Ռուսաստանի տնտեսական խնդիրները՝ հավելելով, թե ու՞մ է պետք ընդհանրապես զենքի և զինատեսակների մրցավազքը: Բայց նաև ակնհայտ է, որ Ասադի զորքերի ուղղությամբ հրթիռակոծում իրականացնելու քաղաքական որոշում կա: Առաջիկայում դրա ականատեսը կլինենք: Հնարավոր է` ծավալային առումով դա մեծ չլինի, բայց կարող է լինել այնպիսին, ինչպիսին ամիսներ առաջ, երբ հրթիռակոծվեցին Ասադի զորքերը և ռազմական բազաներից մեկը:
-Ռուսաստանն էլ անպատասխան չի թողնում ԱՄՆ-ի սպառնալիքները և կրկին հիշեցնում է ավելի վաղ Պուտինի արած հայտարարությունը, թե իր դաշնակիցների հանդեպ ցանկացած հրթիռակոծում անպատասխան չի մնա: Հիշենք նաև գերժամանակակից ռուսական զենքի ցուցադրումը:
-Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը հրթիռակոծի Սիրիան, իրենք հակաօդային պաշտպանությամբ պատասխան կտան: Արդեն տեղեկություններ կան, որ այդ ուժերը բերված են ռազմական պատրաստության: Թե ինչպիսի հարձակում կլինի, դժվար է ասել, որովհետև անկանխատեսելի իրավիճակ է, դիվանագիտական ճակատում ակտիվ աշխատանքներ են ընթանում: Երեկ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներն են հեռախոսազրույց ունեցել Սիրիայի հարցով, Ռուսաստանի և Իսրայելի միջև ևս ակտիվ քննարկումներ են ընթանում: Հավելենք, որ ԱՄՆ-ի նախագահը սեփական երկրում լուրջ քննադատության թիրախում է հայտնվել ոչ միայն դեմոկրատների, այլև թիմակից հանրապետականների կողմից: Այսպիսի լարված վիճակում բոլորի նյարդերը կարող են տեղի տալ: Պետք է հնարավորինս զուսպ լինել, քանի որ հետևանքները անդառնալի կլինեն: Ինչ վերաբերում է Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը, ըստ տարբեր աղբյուրների, ոչ միայն միանշանակ չէ, որ քիմիական զենք է կիրառվել, այլև որ այն կիրառել է Ասադը: Այն իրավիճակում, որում այսօր հայտնվել է Ասադը, քիմիական զենք կիրառելու անհրաժեշտություն չկա, և ոչ էլ դա նրան ձեռնտու էր: Ըստ էության, նա իր պետության հիմնական հատվածը և՛ ահաբեկչական կազմակերպություններից, և՛ ընդդիմությունից ազատագրել է: Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակը Սիրիայի վերաբերյալ մեկ շաբաթ առաջ համաձայնության էր եկել, իսկ ԱՄՆ-ի ակտիվացումը տարածաշրջանում լրացուցիչ լարվածություն առաջացրեց: Պետք է, այնուամենայնիվ, հույս փայփայել, որ իրավիճակը դիվանագիտական լուծում կստանա:
-Նոր պատերազմի ալիքը չի՞ բացառվում:
-ԻՊ-ը պարտություն է կրել ու դուրս եկել Սիրիայից, սակայն քաղաքացիական պատերազմը շարունակվում է: Այստեղ իրենց շահերն ունեն տասնյակ պետություններ ու նաև անօրինական կազմակերպություններ: Փաստորեն, այստեղ երբեք էլ պատերազմը չի ավարտվել, բայց կարող է նոր ալիք բարձրանալ: Շատ էական է Թուրքիայի դիրքորոշումը, որովհետև երկար ժամանակ չէր հայտարարում, թե Ասադը պետք է հեռանա, դա Ռուսաստանի հետ համաձայնեցված դիրքորոշում էր: Պետք է տեսնել, թե մոտ օրերս ինչ զարգացումներ կլինեն, ու ինչ քաղաքականություն կորդեգրեն տարածաշրջանի խոշոր խաղացողները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Այս երկրներն ակտիվ հեռախոսազրույցների մեջ են:
-Չնայած եռակողմ հանդիպում եղավ, բայց անմիջապես դրանից հետո թուրքական կողմը Ռուսաստանին անհարմար վիճակի մեջ դրեց: Թուրք պաշտոնյաներն ի պատասխան ՌԴ արտգործնախարարի հայտարարության, ասացին, թե ոչ մեկն իրավունք չունի իրենց ասելու` ինչպես պետք է գործեն Աֆրինում: Այս պարագայում որևէ համաձայնություն հնարավո՞ր է ձեռք բերել:
-Տեղեկություն չկա, թե համաձայնություն եղել է, որ Թուրքիան դուրս գա Աֆրինից: Համենայն դեպս, փաստերն ասում են, որ Թուրքիան մնում է Սիրիայում և շարունակելու է պայքարը քրդական աշխատավորական կուսակցության դեմ: Ռուսաստանն էլ, հավանաբար, առաջ է քաշել մեկ այլ նախապայման, որ Ասադը պետք է շարունակի մնալ որպես ընտրված նախագահ, Իրանն էլ իր շահերն ունի: Այդուհանդերձ, այս պետությունները կարծես ընդհանուր համաձայնության եկել են, իսկ թե որքան կտևի դա, դժվար է ասել:
-Ի վերջո, այս վտանգավոր իրավիճակն ինչպե՞ս կհանգուցալուծվի՝ կհաղթի զե՞նքը, թե՞ դիվանագիտությունը:
-Հույս ունենանք, որ կհաղթի դիվանագիտությունը, չնայած չեմ բացառում, որ զենքի կիրառման դեպքեր, հրթիռակոծումներ էլ լինեն: Կարծում եմ` բոլոր կողմերն էլ զսպվածություն կցուցաբերեն և Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ չեն սկսի միմյանց դեմ: Իրավիճակը պայթյունավտանգ է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի համար:


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ