Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Շահին Մուստաֆաևի Հայաստան այցի օրը Հանրապետության հրապարակում ոչ թե հանրահավաք էր դրա դեմ, այլ պարի ֆեստիվալ էր

Շահին Մուստաֆաևի Հայաստան այցի օրը Հանրապետության հրապարակում ոչ թե հանրահավաք էր դրա դեմ, այլ պարի ֆեստիվալ էր
29.04.2026 | 21:59

Երկրի տարածքում հայտնվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա՝ առանց հստակ հանրային օրակարգի, առանց բացատրության,առանց քաղաքական թափանցիկության։

Այսօր ողջ ընդդիմադիր երկիրը կամ գոնե քաղաքական Երևանը պետք է ունենար արձագանք։ Ոչ թե ֆեյսբուքյան, ոչ թե մեդիա-վերլուծական, այլ ֆիզիկական, քաղաքական, տեսանելի արձագանք։ Որովհետև իրավիճակը հենց դա էր պահանջում։

Սա այն պահն է, երբ ցանկացած քաղաքական համակարգում գոյություն ունեցող ընդդիմությունը պետք է անցներ մոբիլիզացիայի ռեժիմի։

Բայց այստեղ տեղի ունեցավ ավելի վտանգավոր բան, քան անգործությունը։

Տեղի ունեցավ քաղաքական դատարկություն։ Սա արդեն ոչ թե բաց թողնված հնարավորություն էր, այլ՝ քաղաքական լոյալության, եթե կուզեք՝ անկարողության ապացույց:

Խնդիրը միայն այն չէ, որ հանրահավաք չեղավ, չնայած ես հենց դրա մասնակիցը կլինեի՝ հստակ քաղաքական և ազգային դիրքավորմամբ: Խնդիրը այն է, որ չեղավ մոբիլիզացման առաջարկ, դիրքավորման ցուցադրություն և նույնիսկ դրա անհրաժեշտության գիտակցումը։ Սա արդեն տեխնիկական բացթողում չէ։ Սա քաղաքական մտածողության ճգնաժամ է։ Որովհետև նման պահերը քաղաքականության մեջ ոչ թե պարզապես իրադարձություններ են, այլ՝ կապիտալիզացվող հանգույցներ, կետեր, այն էլ՝ ընտրություններից առաջ և այն էլ՝ թեժ նախընտրական փուլում:

Դրանք այն կետերն են, որտեղ

— դիրքորոշումը դառնում է տեսանելի

— հասարակությունը ստանում է ուղերձ

— քաղաքական ուժը ձևավորում է իր ինքնությունը

Եթե դու այդ կետում չես, ապա դու դուրս ես գործընթացից։ Հարցը շատ ավելի կոշտ է։ Ինչի՞ համար են քո շտաբները, տարածքային կառույցները, ակտիվը, աջակցների բանակը, եթե դրանք չեն ակտիվացվում հենց նման քաղաքական արձագանքի և քո դիրքավորման պահերին։

Քանի՞ ժամ էր պետք հավաքագրելու համար մի քանի հազար մարդ։

Քանի՞ զանգ, քանի՞ հաղորդագրություն, քանի՞ կազմակերպչական քայլ։

Խնդիրը ռեսուրսի բացակայությունը չէ։

Խնդիրը այն է, որ այդ ռեսուրսը չի ընկալվում որպես քաղաքական գործիք։ Այն գոյություն ունի որպես ցուցակ, ոչ թե որպես գործող ուժ։

Այսօրվա ամենամեծ հակադրությունը սիմվոլիկ էր։ Մի կողմից՝ հնարավորություն՝ ձևակերպելու «ոչ»

Ադրբեջանի քաղաքական ներկայությանը Հայաստանում։ Մյուս կողմից՝ պարի ֆեստիվալ Հանրապետության հրապարակում:

Սա քաղաքական համակարգի վիճակի դիագնոզ է։ Երբ իրական քաղաքական պահը փոխարինվում է ոչ քաղաքական ֆոնով, դա նշանակում է, որ

քաղաքական դերակատարները

կորցրել են պահը կարդալու ունակությունը։

Հանրահավաքը, ակցիան, փողոցը ինքնանպատակ գործիքներ չեն։ Դրանք ունեն հստակ ֆունկցիա՝

— հաղորդագրություն փոխանցել

— հակազդեցություն ձևավորել

— օրակարգ թելադրել

— մարդկային ռեսուրս կապիտալիզացնել

Եթե հանրահավաքները չեն անում սա, ապա դրանք ընդամենը ձևականություն են։ Ինչ իմաստներ են ունենալու բոլորի առաջիկա հանրահավաքները, եթե այսօր դա չեղավ որպես դիրքավորում և արձագանք իրողությանը: Բայց այստեղ խնդիրը նույնիսկ դա չէ։

Սա այն դեպքն է, երբ պետք է հստակ ասել: Եթե դու չես օգտագործում նման պահերը՝ դու չես կարող խոսել քաղաքական պայքարի մասին քո ընտրողի հետ, որովհետև քո ընտրողին հավաքական նարատիվի ցուցադրության, ուժի, կամքի, պատրաստակամության և ձգության համատեղ գործի չես կանչում:

Եթե դու չես կարողանում ձևակերպել և ցույց տալ «ոչ»-ը այն պահին, երբ դա առավել տեսանելի և անհրաժեշտ է, ապա դու չես ձևավորում այլընտրանք։

Քաղաքականությունը չի կառուցվում միայն ընտրությունների ժամանակ։

Այն կառուցվում է նման պահերի ճիշտ օգտագործմամբ։ Այսօրվա օրը ցույց տվեց մեկ պարզ բան։

Ոչ թե այն, որ իշխանությունը ուժեղ է։

Այլ այն, որ ընդդիմությունը չի գործում որպես քաղաքական համակարգ։ Եվ սա արդեն խնդիր է ոչ թե կոնկրետ իրադարձության, այլ ամբողջ գործընթացի համար։

Եթե նման պահերը չեն դառնում քաղաքական գործողություն, ապա վաղը ընտրությունները

դառնում են պարզապես ձևական ընթացակարգ։

P.S. Շահին Մուստաֆաևի Հայաստան այցի օրը Հանրապետության հրապարակում ոչ թե հանրահավաք էր դրա դեմ, այլ պարի ֆեստիվալ: էր:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ