Արժանապատիվ քահանա հայրեր,
Դուք վստահաբար կարդացել եք երեկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը։
Հայ եպիսկոպոսները մասնավորապես․
1. Խորը մտահոգությամբ ու ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ են արձանագրել, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և իրենց վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այդ պատկառելի հավաքին։
2. ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ են մեր Սուրբ Եկեղեցու ավանդությամբ ու բազմադարյա փորձառությամբ նվիրագործված կարգերն ու սկզբունքները հոգեփրկչական իր առաքելության, այլև համազգային և հայրենական կյանքի առնչությամբ։
3. ԽՈՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ են հայտնել եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ մի շարք ԿՈՉԵՐ արել ՀՀ իշխանություններին։
4. Հորդորել են ԽՈՏՈՐՅԱԼ ութ սրբազաններին՝
4․1․ գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻ և ծառայական կոչման գիտակցությամբ,
4․2․ ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել ԲԱՑԱՌԱՊԵՍ Եկեղեցու լիազոր ատյաններում,
4․3․ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։
5. Այս շրջագծում Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ համարել են եկեղեցաբանորեն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը։
6. ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ են նկատել արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն նկատելով Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել ՄԻՄԻԱՅՆ եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։
7. ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ են իրենց հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33)։
8. ՀՈՐԴՈՐ ԵՆ ՀՂԵԼ մեր Սուրբ Եկեղեցու ՈՒԽՏԱՊԱՀ հոգևոր դասին՝ անսասան մնալու իրենց կոչման և ծառայության մեջ՝ «օրինակ լինելով հավատացյալներին՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ» (Ա Տիմ. Դ 12)։
Ի դեպ, հայտարարությունը ստորագրել է նաև Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով Մեծ պահքի շրջանում, փառք Աստծո, լավ օրինակ ծառայեց մյուս «բարենորոգիչների» համար։
Ամեն ինչ պարզ է «բարենորոգիչ» սրբազանների մասով, բայց առաջանում են մի շարք կարևոր ՀԱՐՑԵՐ ուղղված ձեզ՝ նրանց հարած քահանաներիդ, քանի որ եպիսկոպոսների հորդորներն ակնհայտաբար վերաբերվում են նաև ձեզ։
1. Դուք պատրաստվու՞մ եք այսուհետ գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻ և ծառայական կոչման գիտակցությամբ։
2. Դուք պատրաստվու՞մ եք այսուհետ ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել ԲԱՑԱՌԱՊԵՍ Եկեղեցու լիազոր ատյաններում, այսինքն դադարեցնեք դիմելն աշխարհիկ ատյաններին, ելույթները հեռուստաեթերներում, համացանցում և այլն։
3. Դուք պատրաստվու՞մ եք այսուհետ ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից։
4. Դուք պատրաստվու՞մ եք լսել եպիսկոպոսաց դասին և այլևս չզեղչել Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակությանը որևէ հիմնավորմամբ` այդ թվում ձեր թեմի առաջնորդի հորդորով:
5. Դուք գիտակցու՞մ եք, որ եպիսկոպոսները ձեր գործողությունները գնահատել են որպես հերձված առաջացնող սպառնալիք, որը տկարացնում է Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։
6. Դուք գիտակցու՞մ եք, որ այսուհետ ձեր առաջնորդներն ունեն երկու ճանապարհ՝ կամ վերադառնալ կանոնական դաշտ, կամ՝ վաղ թե ուշ կարգալույծ արվել։
7. Դուք գիտակցու՞մ եք, որ 2025 թ. նոյեմբերի 25-ին հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի որոշումները ոչ-ոք չի չեղարկել։ Ըստ այդմ ձեր գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե դուք չզղջաք և չսրբագրեք ձեր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
8. Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, ձեր հայտարարություններն ինչպե՞ս եք սրբագրելու, եթե ձեր թեմի առաջնորդը հանկարծ անսա եպիսկոպոսների հորդորին և վերադառնա կանոնական դաշտ։
9. Դուք ինչպե՞ս եք բացատրելու ձեզ վստահված, ցրված ու գայթակղված հավատացյալ հոտին ձեր արարքները, ձեր տված հարցազրույցներում արծարծած մտքերը։
10. Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի անհարմար վիճակում եք հայտնվելու վաղ թե ուշ։
11. Արդյոք չե՞ք կարծում, որ Մեծ պահքը լավագույն առիթն է լսելու մեր եպիսկոպոսների հորդորներին, զղջալու, չտրվելու այլևս պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանելու միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման։
12. Վերջում ամենակարևոր ՀՈԳևՈՐ ՀԱՐՑԸ․ դուք գիտակցու՞մ եք, որ Մայր Եկեղեցու իշխանությամբ ձեզ քահանայական ձեռնադրության խորհրդով տրված Աստծո շնորհը ձեր սեփականությունը չէ։ Այն գործում է բացառապես Եկեղեցու նվիրապետության սահմաններից ներս, այն էլ միայն խոնարհության և հնազանդության պայմաններում և կարող է ձեզանից ետ վերցվել այդ նույն իշխանությամբ։
Խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսին, որ բոլորիս ապաշխարության հոգի տա։ Ամեն։
Սամվել դպիր Գրիգորյան