ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Թող ոռոգման ջուր բերեն գյուղ, որ անջրդի հողը ծաղկեցնենք»

«Թող ոռոգման ջուր բերեն գյուղ,  որ անջրդի հողը ծաղկեցնենք»
14.11.2014 | 11:26

Արագածոտնի մարզի իմ հայրենի գյուղում եմ` Գեղադիրում: Չնայած հոկտեմբերի վերջն է, սակայն ծովի մակերևույթից 2025 մ բարձրության վրա գտնվող իմ բնօրրանում տակավին տաք է: Դիմացս Արագած լեռն է, որի վրա եղած թխավուն մշուշը հուշում է, որ շուտով ձյուն է գալու: Գյուղի հատուկենտ բարդիների ճյուղերին ծեփված թռչունների բները, որոնց տերերն անսխալ բնազդով ժամանակին չվել են հարավ, դատարկ են:
Մանկությունից ծանոթ գյուղի փողոցներն ու հարազատ տները նույնն են: (Կան նաև դռներին կողպեքներ, լուսամուտներին խաչաձև տախտակներ կրող լքված տներ): Նորեր համարյա չկան, բացի ժամանակակից ոճով ու երկաթե պարսպով ապարանջանված երկու-երեք երկհարկանիներից, որոնց կողքին ավելի տեսանելի են դառնում և շեշտվում հների խեղճությունն ու խամրածությունը:
Գյուղի ընդարձակ, նախկին մարդաշատ հրապարակում, որի կենտրոնում մշակույթի տունն է, ոչ ոք չկա: Հայրենական մեծ պատերազմից էլ առաջ կառուցված այդ բազիլիկ շինությունը, որը Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո այդպես էլ չհիմնանորոգվեց, կանգնած է տխուր ու սպասողական:
Վերից` Սուրբ Հովհաննես մատուռն իր գագաթին կրող սարից, իջնում է գյուղի նախիրը, որի մեջ գերակշռողը լեռնային բարձր արոտներ հաղթահարող, ամրակազմ կովկասյան գորշ ցեղի կովեր են` լավ խնամված, առույգ տեսքով:
Նախրապանը, ծանոթ ու հարազատ ժպիտով, մոտենում է, բարևում:
- Տիգրա՜ն,- ճչում եմ ես՝ հազիվ ճանաչելով լեռնային քամիներից և արևից մրկված դեմքով իմ ազգականին, որը, տարիներ առաջ ավարտելով ճանապարհաշինարարական տեխնիկումը, աշխատում էր հենց այդ ոլորտում:
-Մասնագիտությունդ ե՞րբ ես փոխել,- զարմանքս զսպելով՝ կատակում եմ ես:
-Արդեն երեք տարի կլինի: Աշխատանք չկա, իսկ ապրելու համար ապրուստ է պետք,-բառախաղով կատակում է նա:
-Ինչքա՞ն է նախրիդ գլխաքանակը:
-Ավելի քան 300 գլուխ:
-Ո՞ր ամսից ես սկսում և ե՞րբ ես ավարտում արոտաշրջանը:
-Մարտի վերջերից մինչև նոյեմբերի կեսերը:
- Ինչքա՞ն են վճարում:
-Յուրաքանչյուր կենդանու համար` ամիսը հազար դրամ:
-Ինչո՞ւ այդքան քիչ:
-Շատերը անգամ այդ հնարավորությունը չունեն: Դրա համար ստերջ կովերի չունևոր տերերից վարձ չեմ էլ վերցնում:
-Ընդառաջո՞ւմ ես:
-Հա, վերևն Աստված կա ու դեմս բերում է` փակելով գել-հարամու ու անասունների հիվանդության ճամփան:
-Միայն նախրից ստացված եկամտո՞վ ես տունդ պահում:
-Չէ, իհարկե: Նաև տնամերձից ստացված գարու, ցորենի, կարտոֆիլի ու երեք կովիցս ստացված կաթնամթերքի հաշվին:
-Ինչո՞ւ նախրապան դարձար, չէ՞ որ դու շինարարի պահանջարկ ունեցող մասնագիտութան տեր ես:
-Անկախությանը հետևող տարիներին, երբ ամեն ինչ քանդվում էր, և շինարարություն էլ համարյա չկար, տասնհինգ տարի անընդմեջ համագյուղացիների հետ գարնանը «խոպան» էի գնում` տարեվերջին գյուղ բերելով վաստակածս գումարը:
Մի քանի տարի առաջ, երբ Մոսկվայում (հացփոր աշխատելով) երկհարկանի ամառանոցը լրիվ ավարտուն հանձնեցինք գործատուին, վերջինս ինչ-ինչ պատրվակներով մեր աշխատանքի դիմաց վճարումը սկսեց ձգձգել: Ձմեռնամուտ էր, ուրիշ գործ չկար, իսկ մեր տունդարձի ժամանակն ուշանում էր: Այդ բոլորին քաջատեղյակ էր նաև գործատուն, ով առաջարկեց «գնալ տուն»` խոստանալով, որ մեր աշխատավարձը մինչև Նոր տարի կուղարկի Հայաստան, ինչը, իհարկե, չկատարեց և անհետացավ:
-Հետո՞:
- Է՜, դրանից հետո երդվեցի գյուղից այլևս դուրս չգալ, ապրել Աստծո տված իմ անկյունում, մշակել հողս, ամուսնացնել երեք դուստրերիս, հնարավորինս աշխատել մինչև թոշակիս ժամանակը գա:
-Ո՞րն է գյուղի այսօրվա առաջնային հարցը:
-Խմելու և ոռոգման ջրի խնդիրը, որն արդեն քանի տարի է` չի կարողանում լուծել աղբյուրներով հարուստ Արագածի լանջին գտնվող մեր համայնքը: Անասուններն անգամ խմելատեղեր չունեն, ամբողջ օրն արոտում ծարավ են մնում խեղճերը: Էլ չասեմ յոթից ութ ամիս տևողությամբ ձմեռվա մասին. ուժեղ ցրտերի ժամանակ սառչում է գյուղին խմելաջուր բերող միակ ջրատարը:
-Այս բոլոր դժվարությունները կրելուց հետո երբևիցե չի՞ ծնվել գյուղից քոչել-հեռանալու ցանկությունը:
-Չէ: Ախր ինչո՞ւ քոչենք, հեռանանք մեր գյուղից: Ինչո՞ւ: Ես ու իմ տարիքի համագյուղացիները դժվարություններից վախեցող չենք: Թող ջուր բերեն գյուղ, որ անջրդի հողը ծաղկեցնենք: Ոռոգման ջուր չունենալու պատճառով է, որ լիարժեք բերք չեն տալիս հումուսով հարուստ մեր արտերն ու տնամերձերը: Ինքդ էլ լավ գիտես չէ՞, որ անձրևոտ ու բարեբեր տարիներին ինչքան հացահատիկ ու կարտոֆիլ է ստացվում այդ ցանքերից:
Այսօր աշխատանք, ոռոգման ջուր չլինելու պատճառով է, որ բազում դռներ են փակվում, գյուղից անդարձ հեռանում են էն սերնդաշարունակող ջահելները, որոնք դեռ չեն էլ գիտակցել, որ ամենալավ բանը քո հողի վրա կառուցված քո տան դուռը քո բանալիով բացելն է։
Իսկ ի՜նչ անեն մնացած տարեցներն ու ծերերը: Խորհրդային տարիներին, երբ գյուղում աշխատող ձեռնարկություն կար, ո՞վ էր մտածում քոչելու մասին: Այո, գյուղում պետք է արդյունաբերական ճյուղեր ստեղծել, որ ամրանա գյուղի մեջքը, գյուղացին կպած մնա հողին, չհեռանա իր բնօրրանից:
Իմ կարծիքով՝ միայն այս ճանապարհով հնարավոր կլինի փրկել գյուղը, իսկ եթե այսպես շարունակվի, ոչ միայն մեր, այլև լեռնային բազմաթիվ գյուղեր շատ շուտով կդատարկվեն:


Երեկոն արդեն իջնում էր լեռների վրա, երբ հրաժեշտ տվի նախրապան ազգականիս և գյուղամիջյան ճանապարհով քամուն հանդիման քայլեցի մյուս ազգականիս տուն, որտեղ իջևանել էի դեռևս կեսօրին` տնեցիների բացակայության ժամանակ: Տանը աթարով վառվող վառարանին՝ բուրավետ կանաչ բուսաթեյի կողքին, քլթքլթում էին գյուղական արմտիքով պատրաստված թանապուրն ու իմ սիրած մախոխը: Տնեցիների դեմքը ողողված էր ուրախությամբ, ժպիտով և գոհունակության այնպիսի արտահայտությամբ, ինչպիսին լինում է թանկագին հյուրեր ընդունելիս: (Այս գիտակցումը, իհարկե, քիչ չգուրգուրեց իմ ինքնասիրությունը):
Ճաշելուց հետո վերցնելով գրիչը՝ երկար մտածում էի Տիգրանի ասածների մասին` փորձելով շարադրել զգացածս, երբ ազգականուհիս` Լուիզան, հպարտությամբ ձեռքս տվեց որդու` օրերս բանակից զորացրված և ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող դարձած Տիգրանի շարադրության տետրը:
-Սա էլ իմ երկրորդ ազգական Տիգրան Գևորգյանը, - ծիծաղեցի ես` բացելով տետրը, որում գրված «Իմ գյուղը» վերնագրով շարադրության բովանդակությունն անփոփոխ ներկայացնում եմ ընթերցողին:
«Իմ գյուղը, իսահակյանական բնորոշմամբ, Արագածը որպես վահան ունեցող և Լուսավորչի կանթեղի հարևանությամբ ապրող, արարող և իր գեղեցիկ դիրքին վայել անունը կրող Գեղադիրն է, որն այսօր փորձում է ոչ միայն շենանալ, այլև զավակներին իր գրկում պահել:
Գյուղն ընդամենը 100 կմ է հեռու իր բնօրրանից` Կարսի նահանգի Քյաքաչ գյուղից, որի մասին այսօր գեղադիրցիներից շատերն անգամ չգիտեն: Գյուղից դուրս դեռևս կան և պահպանվել են քյաքաչցիների հիմնած գետնափոր խրճիթների ու բոլշևիկների կողմից հիմնահատակ քանդված եկեղեցու ավերակները, ինչպես նաև երեքհարյուրամյա մամռոտ քարերով գերեզմանները, որոնց մասին (պապիս շնորհիվ) ես գիտեմ և ծանոթ եմ դեռևս վաղ մանկությունից:
Գյուղի միջով և մեր տան առջևով է անցնում Երևան-Արթիկ մայրուղին, որի եզրին երբեմն դիմավորում եմ մայրաքաղաքից վերադարձող համայնքապետ հորս: Չնայած նրա առաքելության «վերջաբանն» արդեն (մեր հեռախոսազրույցից) գիտեմ, բայց նորից ու ավելի մանրամասն եմ ուզում լսել, թե ինչո՞ւ այս տարի նույնպես անիրականանալի են մնալու գյուղի գազիֆիկացման, մշակույթի տան հիմնանորոգման, ոռոգման ինքնահոս ցանցի անցկացման ծրագրերը:
Ես այդ մերժումներից չեմ հուսահատվում, քանի որ պատանեկան իմ լավատեսությունն անսահման է: Եվ այդ լավատեսության շնորհիվ նախ և առաջ վերակառուցված եմ տեսնում գյուղի ամբողջովին ավերված եկեղեցին՝ կարմրավուն և բարձր գմբեթով, որ առ Աստված հասցնի տատիս աղոթքները, որոնք ավելի հաճախակի են հնչում բերքահավաքի օրերին: Այն, որ Աստված բարեգութ լինի, և կարկուտն այս տարի էլ չտանի հողին պահ տված գյուղացու ցորենի և գարու «ծովեր տված» սերմերը:
Միգուցե այս շարադրությունը կարդան մեր գերատեսչությունների ղեկավարները և օգնեն հակակարկտային կայանքներ տեղադրելու մեր համայնքի ցանքերում: Նույն լավատեսությամբ երազում եմ բարեկարգ ու ասֆալտապատված տեսնել մեր գյուղի փողոցները: Արթմնի իմ երազում վերանորոգված եմ տեսնում մշակույթի տունը, իսկ այնտեղ գործող համույթներում` նաև իմ ապագա երեխաներին:
Երազանքներիցս մեկը նաև գյուղի նախկին գործարանը հիմնանորոգված տեսնելն է, որտեղ կաշխատեն իմ համադասարանցիների և մյուս ընկերներիս ծնողները, ովքեր տարվա մեծ մասն արտագնա աշխատանքի են: Գուցե այդ գործարանն օգնի հետ բերելու նաև գյուղից հեռացած գեղադիրցիներին՝ չթողնելով փոքրանալ առանց այն էլ փոքր և փոքրաթիվ բնակչությամբ իմ գյուղը:
Որքան էլ մեծ քաղաքները ձգեն, հրապուրեն, սակայն լավ ու վատ, երկար ու ցրտաշունչ ձմեռներով և վաղանցիկ ամառներով բարձրլեռնային այդ համայնքը իմ ծննդավայրն է, Աստծո կողմից տրված իմ բնօրրանը. ուստի ես և իմ հասակակիցները հաստատակամորեն որոշել ենք ուսումնառությունից հետո վերադառնալ և նորովի կառուցել մեր գյուղը` իրականացնելու մեր երազանքը»:
«Ես հավատում եմ քեզ, Տիգրան»,- գրեցի շարադրության տակ:
Առավոտյան, երբ տնից դուրս էի գալիս, բակում Տիգրանին գտա գամփռի մեծ ու հարմարավետ բնի «շինարարությունը» ավարտելիս:
-Դեմը ձմեռ է, հանկարծ չմրսի իմ Բեքը: Մարդու չափ խելացի է, միայն թե խոսել չգիտի,- դառնալով ինձ ասաց նա:
-Հե՜յ գիտի,- մտածեցի ես տատիս խոսքերով, թե ինչ հոգի ունի ծնողներին ամեն պահի հասեհաս այս պատանին. չի ուզում, որ շունն անգամ անբուն, «անտուն» մնա։
Եվ ինչո՞ւ մնա…


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երևան-Գեղադիր

Հ. Գ.- Տիգրանի շարադրությունը որոշեցի հրապարակել, որպեսզի գյուղում մեծացած, բայց գյուղից երես թեքող ու վախեցողներն իմանան, որ գյուղը սիրող ու նրա հետ վառվռուն իղձեր ու երազանքներ կապող պատանիներ էլ կան:

Դիտվել է՝ 2585

Մեկնաբանություններ