ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Վերադարձրեք Արարատի բնապատկերը իր նախկին տեղը

Վերադարձրեք Արարատի  բնապատկերը իր նախկին տեղը
19.12.2014 | 11:20

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող հանձնաժողովի հարգելի անդամներ, հանձնաժողովի ստեղծման գաղափարը, անշուշտ, ողջունելի է, կարծում եմ, նրա գործունեությունը Ձեր օգնությամբ կնպաստի միջազգային արենայում Հայոց ցեղասպանության լայն ճանաչման գործընթացին, եթե, իհարկե, այս առաջարկությանը լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք, ոչ թե անտարբերության մատնեք։
Հարգելի տիկնայք և պարոնայք, համոզված եմ, հիշում եք, որ անկախության ձեռքբերման այն խառնաշփոթ օրերին մեր նորելուկ պետական այրերը անհեռատեսություն թույլ տվեցին և, առանց ժողովրդի ձայնը լսելու, Հայոց լեռնաշխարհի արքա Արարատի բնապատկերը զինանշանից դեն նետեցին։ Բիբլիական Արարատի բնապատկերի առկայությունը զինանշանում ցեղասպանության լուռումունջ վկան էր, հայ ժողովրդի ոգեղեն կապը Արևմտյան Հայաստանի հետ, որ տարիներ շարունակ գտնվելով Խորհրդային Հայաստանի զինանշանում, մեզ հիշեցնում էր անմեղ զոհերին, որոնք նահատակվեցին, նույնիսկ գերեզման էլ չունեցան հայրենի հողում։
Նույնիսկ այդ խայտառակ սխալից հետո, առանց խղճի խայթի, Սահմանադրության մեջ, որպես ծաղրանք, սուտ ու սխալ նշեցին, որ «Հայաստանի զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», ինչը, ինչպես համոզվում ենք, տեսողական խաբկանք է, ստախոսություն, քանի որ իրեն հարգող ոչ մի հայորդի այնտեղ չի կարող տեսնել ալեհեր Մասիսի բնապատկերը, ցավում եմ, որ անունը կա, իսկ ինքը չկա։ Ստացվում է, որ մենք ազգովին պետականորեն ստիպված ինքներս մեզ ենք անամոթաբար խաբում և ցեղասպանությունից խոսում։
Ճիշտ է, գործող զինանշանը ևս գալիս է մեր պատմության խորքերից, սակայն այն խաբված և շփոթված այլ ազգերին ոչինչ չի հուշում Օսմանյան կայսրության բարբարոս արարքների մասին։ Այսօր Թուրքիան լայնածավալ կերպով խոչընդոտում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, սակայն որքան էլ խոչընդոտի, նրա ջանքերն ապարդյուն կանցնեն, քանի որ նրանք հիշում են բեռլինյան դատավարությունը, երբ Սողոմոն Թեհլերյանին դատապարտում էին որպես մարդասպանի, սակայն դատարանի դահլիճից մեղադրյալը ազատ արձակվեց որպես մեղադրող։ Նրանք նաև տեղյակ են, որ համաշխարհային գրական ասպարեզում հարգված գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելը իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով, գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով առաջինը համայն մարդկությանը տեղեկացրեց հայոց կոտորածի իրական պատմությունը։
Վերջապես եթե այսօր կոտորածի կազմակերպիչ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնում ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի, ապա նրանք մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ ոչ միայն միջազգային հանրությունը, այլև թուրք հասարակությունը կդատապարտի իրենց կայսրության բարբարոս քաղաքական գործիչներին, քանի որ ագրեսիվ ժողովուրդ չի լինում, լինում են ագրեսիվ քաղաքական անհատներ, և հայ ժողովրդի հսկայական հատվածը նահատակվեց բարբարոս քաղաքական գործիչների կամքով, ոչ թե թուրք հասարակության պահանջով։
Հարգելի հանձնաժողովի անդամներ, վերջապես այս ամենը բխում է հայ ժողովրդի շահերից, այնպես որ, եթե հարգում եք ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, համարձակություն ունեցեք, հանրաքվե անցկացրեք, լսեք ժողովրդի ձայնը և հանուն նահատակների Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին վերադարձրեք Արարատի բնապատկերը իր նախկին տեղը։ Հակառակ դեպքում, եթե դուք էլ անտարբերության մատնեք, ապա Արևմտյան Հայաստանն էլ ծովից ծով Հայաստանի բախտին կարժանացնեք, ինչը մեզ պատիվ չի բերի, և այն, ինչը սուտ ու սխալ գրված է Սահմանադրությունում, որ իբր «ՀՀ զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», հանեք, դա Հայաստանին, հայ ժողովրդին պատիվ չի բերում, և ցեղասպանությունից եկեք քիչ խոսենք։
Վերջապես, շնորհավորում եմ ձեր գալիք Նոր տարին, մաղթում առողջություն, երջանկություն և լիարժեք ազգային մոտեցում վերոնշյալ առաջարկությանը։ Ճիշտ է, Արարատի վերադարձով զինանշան դուք հայ ժողովրդին երջանկություն չեք պարգևի, սակայն ուրախություն, անկասկած, կպարգևեք, համոզված եղեք։


Հարգանքներով՝
Էֆրիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ