Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Ի սկզբանէ էր Բանը»...

«Ի սկզբանէ էր Բանը»...
02.02.2016 | 11:30

Գլոբալացման ներկա ժամանակաշրջանում ինտելեկտուալ ներուժը դառնում է առաջընթացի գլխավոր գործոն: Համաշխարհային տնտեսության մեջ ցանկացած պետության հեղինակությունը պայմանավորված է նրանով, թե նրա քաղաքացիները որքան են ունակ ծնելու նոր գաղափարներ, ստեղծելու նոր գիտելիքներ, նոր պահանջմունքներ, ապրանքներ, ծառայություններ և գտնելու միջոցներ այդ ամենն իրականացնելու համար: Դա էլ իր հերթին կախված է տվյալ երկրի քաղաքացիների մեծամասնության բանական մտածողության մակարդակից, դրա կարևորության գիտակցումից և հասարակության մեջ դրա պահանջարկի ձևավորումից:
Անհատական զարգացման ընթացքում մարդու մտածողության ձևավորման գործընթացներն ընթանում են տարբեր ուղղություններով: Այժմ այդ գործընթացներին ակտիվորեն միջամտում են զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ), մասնավորապես, հեռուստատեսությունը, մտցնելով իրենց «ուղղումները»:
Երեխայի բնականոն զարգացման հիմքերը դրվում են կյանքի առաջին տարիներին և ընթանում են մի քանի փուլերով: ՈՒղեղի զարգացման առաջին, վճռական փուլն ավարտվում է երեք տարեկանում: Եթե երեխան այդ փուլում սահմանափակ հնարավորություններ է ունեցել անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար, ապա նյարդային շատ կապեր չեն ձևավորվում, և ուղեղի ծավալը 25-30 %-ով փոքր է լինում: Կյանքի առաջին չորս տարիներին երեխան սովորում է ուղիղ կանգնել, քայլել և կոորդինացնել ձեռքերի շարժումները: Չորսից տասը տարեկանի միջակայքում նա դեռևս կարող է վարժությունների միջոցով զարգացնել ձեռքի և ոտքի շարժումներն ընդհանրապես: Հետագայում այդ ունակությունն արագ անհետանում է: Զարգացման առաջին փուլում երեխան սովորում է ոչ թե գլխով, այլ ամբողջ մարմնով: Շարժվելով իրական տարածության մեջ՝ նա ընկալում է միայն այն, ինչը կարող է բռնել և շոշափել: Եռաչափ տարածքը, որտեղ երեխան ապրում է, նրա մարմնական փորձի համար բնականոն հրաշալի միջավայր է: Այստեղ նա կարող է սողալ, քայլել, մագլցել, շոշափել, հոտոտել, մտնել բոլոր անկյունները: Երբ երեխան շփվում է հեռուստաէկրանի անիրական, անշոշափելի կեղծ իրականության հետ, նա զրկված է մարմնական փորձ ձեռք բերելու հնարավորությունից, քանի որ հեռուստաէկրանի տարածք նա չի կարող մտնել, դա նրա փորձի համար անհասանելի է: Այսինքն՝ ուղեղի ճիշտ կառուցվածքներ ձևավորելու իմաստով դա կորցրած ժամանակ է: Հետևաբար կարելի է ասել, որ հեռուստացույցը խանգարում է երեխայի բնական զարգացմանը, և երեխան ունենում է հոգեկան թերզարգացում:
Սրան կարելի է ավելացնել նաև այն, որ երեխան էկրանի առջև նստում է անշարժ: Դա արդեն բավական է անհանգստանալու համար: Չէ՞ որ մարմնի և ուղեղի զարգացումը տեղի է ունենում միայն շարժման շնորհիվ: Շարժումը երեխայի կենսական տարերքն է: Շարժումների սահմանափակումը այդ տարիքում կարելի է բնորոշել որպես բռնություն երեխայի նկատմամբ: Այստեղից կարելի է անել միայն մեկ հետևություն. մինչև չորս տարեկան երեխաներին չի կարելի նստեցնել հեռուստացույցի առջև, որքան էլ տվյալ հաղորդումը բարի նպատակներ հետապնդի: Միևնույն է, դա ոչ մի բանով արդարացված չէ:
Երեխաների ֆիզիկական, մտավոր ու հոգևոր զարգացումը, այսինքն` նրանց նպատակաուղղված դաստիարակումն ու կրթությունը կախված են ամբողջ կրթական համակարգից, որի մեջ ընդգրկված են ծնողները, մանկապարտեզները և դպրոցները: Ոչ նպատակաուղղված կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվում է միջավայրը: Մտածողական որոշ ունակությունների` տեղեկույթի կուտակման, լեզուների և տարբեր հմտությունների տիրապետման տեմպերը տարիքի հետ դանդաղում են, բայց դեռևս կարող են վերականգնվել պատանեկության ու հասուն տարիքում: Իրերի, պատկերների ու երևույթների միջև եղած կապը փնտրելու, գտնելու, հասկանալու, այսինքն՝ մտածելու ունակությունը մարդկանց մեծամասնության մոտ կորչում է մանկության տարիներին: Այդ կորուստը առանձին անհատների մոտ կարող է լրացվել հասուն տարիքում միայն մասնակիորեն: Որպեսզի զարգացման տարբեր փուլերում երեխայի մեջ առաջացած մտածելու ունակությունը հասուն տարիքում պահպանվի, անհրաժեշտ է կրթության այնպիսի համակարգ, որը կլուծի մի քանի խնդիր.
1) երեխայի մեջ արթնացնել ու ամրապնդել հատուկ մտածողական ունակություններ,
2) երեխայի մեջ ստեղծել մշտական պահանջ մտածողության արդյունքը կիրառելու համար,
3) ապահովել այդ պահանջը իրացնելու պայմաններ:
Ներկայիս կրթական համակարգը այդ խնդիրները լուծելու լիարժեք հնարավորություն չի տալիս:
Գերմանիայի մարզերից մեկի արդյունաբերա-առևտրական պալատը 1970 թ. մշտադիտարկում է անցկացրել` ստուգելու համար մասնագիտական գործունեություն սկսող երիտասարդների գիտելիքների մակարդակը ուղղագրության ու մաթեմատիկայի բնագավառում: Հետազոտություններից պարզվել է, որ 1989-1994 թթ. տարեցտարի «լավ» և «շատ լավ» գնահատական ստացողների թիվը պակասել է՝ 47,6 %-ից հասնելով 34,4 %-ի: Նման պատկեր է ստացվել նաև հաշվել իմացողների պարագայում՝ 20,8 %-ից նվազելով 11,2 %-ի: Դրան զուգահեռ ավելացել է նշված գիտելիքների պակաս ունեցողների թիվը` 19,6 %-ից դառնալով 27,2 %:
Աճում է այն աշակերտների թիվը, որոնք դժվարությամբ են ըմբռնում վերացական կապերը և չունեն ինքնուրույն մտածելու ունակություն: Այս ամենի պատճառները շատ են, որոնց թվում գիտնականներն առաջին հերթին նշում են ԶԼՄ-ները և փաստում, որ ԶԼՄ-ների չարաշահումը երեխաների զարգացման շեղումների ավելացման գլխավոր գործոնն է:
Հեռուստատեսության առավելությունն այն է, որ նա «պատուհան է դեպի աշխարհ», դիտողին կապում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ինչ-որ իմաստով դարձնում է դրանց մասնակիցը: Նա ուղղորդում է մարդկանց գիտակցությունը երկրագնդի, ամբողջ մարդկության, մեր շուրջը կատարվող գլոբալ երևույթների վրա: Այդ իմաստով հեռուստատեսությունը կարող էր մեծ ներդրում կատարել շատ խնդիրներ լուծելու և մեր հոգևոր հորիզոնն ընդլայնելու հարցում:
Սակայն շատերը կարծում են, որ հեռուստատեսությունը կրթություն ու գիտելիքներ ստանալու գլխավոր միջոցն է: Բայց այդպես չէ, գործնականում միանգամայն այլ պատկեր է: 1994 թվականին գերմանական «Շպիգել» ամսագիրը թեստավորել է գերմանացիների ընդհանուր կրթական մակարդակը և ստացել է հետևյալ պատասխանը. «Որքան մարդը երկար է հեռուստացույց դիտում, այնքան խղճուկ են նրա գիտելիքները: Դա վերաբերում է բոլոր բնագավառներին, բացի սպորտից»: Ինչո՞ւ: Այդ հարցին կարելի էր հեշտությամբ պատասխան գտնել ժամանակակից բնագիտական հետազոտություններով: Ամերիկացի գիտնականները փորձել են բացահայտել հեռուստահաղորդումների ժամանակ մարդու օրգանիզմում կատարվող կենսաքիմիական, ներզատական, նյարդամկանային և զգայական գործընթացների բնույթը, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգում ընթացող փոփոխությունները:
Մարդկային աչքը չնայած դրսևորում է լուսանկարչական ապարատի հատկանիշներ, սակայն տեսողության գործընթացին մասնակցում է աչքի ոչ միայն օպտիկական տարրը: Տեսողությունը ոչ թե պասիվ գործողություն է, որն ուղղակի ընկալում է արտաքին միջավայրի լուսային գրգիռները, այլ բարձրագույն աստիճանի ակտիվ գործընթաց է: Չնայած ինչ-որ բան դիտելիս մենք չենք գիտակցում մեր աչքերի արագ շարժումները, այդուհանդերձ, դրանք կապված են մեր ամբողջ մարմնի հետ: Հեռուստացույցի առջև աչքերի ակտիվությունը համարյա լրիվ ընկնում է: Հեռուստացույցի առջև նստածը ակնդետ նայում է էկրանին, քանի որ աչքը շարժող մկանները անշարժ են: Նրանց քարացածությունը տարածվում է ամբողջ մարմնում, և նույնիսկ ամենաշարժուն երեխաները հեռուստացույցի առաջ նստում են անշարժ: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե մկանային պասիվությունն է, այլ մկաններին ուղղորդող կամային պասիվությունը: Այդ գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարձակում մարդու կամային ունակության վրա, որով պայմանավորված են նրա ինքնուրույնությունը, սեփական ակտիվությունը: Տեղի է ունենում ակտիվության նվազում, կամքի կանգ, այսինքն՝ անհատի դեգրադացիա:
Հեռուստացույցի անշարժացնող ազդեցությունը արտահայտվում է նաև գլխուղեղի կեղևի ակտիվության վրա: ՈՒսումնասիրությունները բացահայտել են, որ հեռուստացույցի առջև նստած և հիպնոսի վիճակում գտնվող մարդու էլեկտրաուղեղագրերը իրար շատ նման են: ԱՄՆ-ում կատարված մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաների համաճարակ հիշեցնող գիրացումը ուղղակիորեն կապված է հեռուստացույցի առջև նրանց անցկացրած ժամերի հետ: Այսինքն՝ հեռուստացույցը ազդում է նաև դիտողների օրգանիզմի նյութափոխանակության վրա: Հետազոտվող բոլոր երեխաների մոտ հիմնական փոխանակությունը, նախնական՝ հանգիստ վիճակում գտնվելու տվյալի համեմատ, նվազում է 14 %-ով: Կարելի է հասկանալ, որ համապատասխանորեն դանդաղում են նյութափոխանակության գործընթացները նաև ուղեղում: ՈՒրեմն հեռուստաէկրանը քնի և արթմնի սահմանային վիճակների է բերում ոչ միայն գիտակցությունը, այլև օրգանիզմի ամբողջ նյութափոխանակությունը: Հեռուստադիտման ժամանակ պուլսը դանդաղում է 10 %-ով, այսինքն՝ րոպեում յոթ հարվածով, կամ ժամում 420 հարվածով:
Որոշակի փոփոխություններ են կատարվում նաև մարդու ներզատական համակարգում:
Երբ մարդն իրական կյանքում հանկարծակի հանդիպում է վտանգի, մակերիկամների կողմից արյան մեջ արտադրվում է ադրենալին, որը մոբիլիզացնում է օրգանիզմի ուժերը՝ վերահաս վտանգից փախչելու կամ թաքնվելու համար: Բնության մշակած այս պաշտպանական ռեֆլեքսը՝ արյան մեջ ադրենալինի քանակի ավելացումը, գործում է նաև հեռուստադիտողի մոտ: Սակայն հեռուստադիտողը էկրանին տեղի ունեցող վտանգավոր և սարսափազդու պատկեր տեսնելիս չի փախչում, ինչպես դա տեղի կունենար կյանքում, այլ մնում է տեղում գամված, «վայելելով» նյարդերը գրգռող և ուշադրությունը սևեռող վախը:
Նյարդերը գրգռող այդ ազդեցությունը շուտով վերանում է, որովհետև մարդը վարժվում է դրան, և հարկ է լինում վախի չափաբաժինը մեծացնել, այլ կերպ ասած, բարձրացնել կադրերի փոփոխման հաճախությունն ու լուսավորվածությունը, խորացնելով դիտողի շշմեցումն ու շփոթվածությունը: Ֆիզիոլոգիական իմաստով, դա բերում է ադրենալինով արյան գերհագեցմանը: Միայն ծայրահեղ պայմանների համար նախատեսված այդ հորմոնի գերքանակությունը թունավոր ազդեցություն է թողնում՝ օրգանիզմը շարունակաբար պահելով սթրեսային վիճակում:
Այսօր ներկայացվում են տարբեր տեխնիկական հայտնագործություններ, որոնց մի մասը մարդու առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Այդ նորույթներից մեկը եռաչափ կինոն է: Եռաչափությունը ապահովվում է այն բանի շնորհիվ, որ հատուկ ակնոցի միջոցով յուրաքանչյուր աչքն առանձին է տեսնում: Առարկան յուրաքանչյուր աչքի համար նկարահանվում է առանձին դիրքից: Բնական պայմաններում առարկայի վրա երկու աչքը միասին են կենտրոնանում: Հետևաբար 3D ձևաչափը ստիպում է աչքին հրաժարվել առարկաները տեսնելու իր բնականոն պրոցեսից և անցնել արհեստականի: Եվ պատահական չէ, որ շատերը 3D ձևաչափով կինոդիտումից հետո գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց են ունենում: Բացի դրանից, 3D ձևաչափի դիտման ժամանակ առաջանում են ուժեղ հույզեր, և հենց դրա համար այն հակացուցված է մինչև 12-14 տարեկան երեխաներին: Իսկ անոթային հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ 3D ձևաչափով կինոդիտումը կարող է կաթվածի պատճառ դառնալ: Նույնիսկ մեկանգամյա դիտումը բռնության է ենթարկում տեսողությունը, առաջանում են դեռևս թույլ գլխացավեր, որոնք վկայում են տեսողության առանցքի շեղման մասին, որն աստիճանաբար հանգեցնում է անձի դեգրադացիայի: Տեսողության նման շեղումներ նկատվում են նաև մի շարք հոգեկան հիվանդների մեջ:
Հեռուստաէկրանը ուղղորդում է ոչ միայն դիտողի հայացքը, այլև նրա հույզերը տանում է որոշակի ուղղությամբ, որտեղ նրանք կանգ են առնում հարկադրաբար: Այսինքն՝ մարմնի անշարժացումը շարունակվում է՝ ընդգրկելով նաև մարդու հոգեկան ոլորտը:
Հեռուստաէկրանից համառորեն հրամցվում է համարյա միայն խնդրահարույց բացասական տեղեկույթ` բազմաթիվ սոսկալի պատկերներով, որը հեռուստադիտողի մեջ ուժեղացնում է այն համոզմունքը, որ ինքն ապրում է չարությամբ ու վտանգներով լի աշխարհում: Համապատասխանաբար աճում է վտանգի զգացողությունը, իսկ նրա հոգում բույն են դնում վախն ու անվստահությունը:
Հեռուստացույցից կախվածությանը զուգահեռ մարդկանց մեջ վերանում է գիրք կարդալու ցանկությունը: Հետազոտությունները անհերքելիորեն ապացուցում են, որ կարդալու ունակությունը, կարդալու ցանկությունը և կարդալու սովորությունը համալիր ունակություններ են, որոնք ապահովում են երեխաների ու դեռահասների հոգեկան, սոցիալական ու ինտելեկտուալ զարգացումը: Մեծերի հեքիաթները լսած և վաղ տարիքում ընթերցանությամբ զբաղվող երեխաները ոչ միայն լավ են տիրապետում լեզվին, այլև ընդունակ են իրականությունը ճիշտ պատկերացնելու: Այլ կերպ ասած, ակտիվ ընթերցողը դառնում է նաև ակտիվ մտածող:
ԱՄՆ-ում 12-15 տարեկանների շրջանում կատարված հետազոտությունները պարզել են, որ դպրոցական առաջադիմության, ինտելեկտի մակարդակի և հեռուստադիտումների միջև գոյություն ունի հակադարձ կապ: Պարզվել է, որ դեռահասների լեզվական արտահայտչաձևերը, մաթեմատիկական ունակությունները, ընթերցանության հմտությունները նվազում են հեռուստադիտումների հաճախության մեծացմանը զուգահեռ:
Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ ովքեր գիտակցաբար սահմանափակում են հեռուստադիտումները, ունեն ավելի բարձր կրթական մակարդակ: Սակայն այդ գիտելիքները նրանք ոչ թե հեռուստաէկրանից են ստացել, այլ ձեռք են բերել դպրոցում, գրքերից ու թերթերից, երաժշտությամբ զբաղվելով, ճանապարհորդելով, սպորտային մարզումներով և այլն: Դիտարկումներից պարզվել է, որ ԱՄՆ-ի դպրոցականների շրջանում 1996-ից ավելացել է սպանությունների թիվը, որն աճելու միտում ունի: Դրդապատճառները կարող են տարբեր լինել, բայց հեռուստաէկրանը ամենևին էլ վերջին տեղում չէ: Դեռևս 1999 թ. ամերիկացի զինվորական հոգեբան Դեյվ Գրոսմենը հասարակությանը զգուշացնում էր, որ «եթերով բռնության ցուցադրումը, ինչպես նաև դրանով հագեցած ինտերակտիվ խաղերը երեխաների մեջ գործի են դնում այն հոգեբանական մեխանիզմները, որոնց միջոցով բանակում զինվորներին սովորեցնում են սպանել: Այդ մեթոդներով նրանց մեջ մշակում են դաժանություն և անտարբերություն: Իսկ հիմա երեխաների մոտ մենք հենց դա ենք անում»:
Ո՞րն է ելքը: Հեռուստացույցից հրաժարվելը հարցի լուծում չէ: Պետք է մարդկանց օգնել քայլ առ քայլ ձեռք բերելու ներքին ազատություն, որը կօգնի ձերբազատվելու էկրանի պարտադրանքից: Երեխաները դա ինքնուրույն անել չեն կարող: Ինքնագիտակցական, պատասխանատու վարքագիծը երեխաների մեջ զարգանում և իր գագաթնակետին է հասնում չափահաս տարիքում: Անհատական զարգացման անցումային շրջանում է միայն երեխան ի վիճակի գիտակցաբար, ընտրողաբար ընկալելու հրամցված ինֆորմացիան և ինքնուրույն որոշելու՝ այն ընդունել կամ չընդունել: Հենց դա է բացակայում վաղ մանկական հասակում, հետևաբար նրանց փոխարեն որոշումներ կայացնելու պատասխանատվությունը լրիվ ընկած է մեծահասակների ուսերին: Փորձել վերացնել հեռուստատեսությունը, համակարգչային խաղերը, համացանցը` անմտություն է և ուղղակի անհնար: Տեխնիկական նվաճումները ներկա քաղաքակրթության զարգացման կարևոր պայմանն են: Հարցն այլ կերպ պետք է դնել` ի՞նչ է պետք տալ երեխաներին, որ նրանք կարողանան դիմակայել հեռուստատեսության բացասական ազդեցությանը: Ինչպե՞ս նրանց մեջ դաստիարակել ճիշտ վերաբերմունք զվարճալի տեխնիկական միջոցների և ընդհանրապես ԶԼՄ-ների նկատմամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հեռուստատեսության անսահմանափակ օգտագործումը դասել է մոլուցքների շարքին, որից կարելի է ձերբազատվել միայն դրանից գիտակցորեն հրաժարվելով: Ծնողները պետք է գիտակցորեն սահմանափակեն երեխաների հեռուստադիտումները, ելնելով նրանց տարիքային զարգացման առանձնահատկություններից: Այդ ուղղությամբ արված նույնիսկ չնչին ջանքը՝ ամենօրյա ընթերցանությունը, հորինած պատմությունները, միասին երգելը, միասին կատարած տնային գործերը, շարժուն խաղերը, հետագայում լրիվ արդարացվում է: Կարևոր է երեխայի մեջ հրահրել որևէ գործ անելու բնական ցանկություն: Դա ծնողներից պահանջում է ոչ այնքան շատ ժամանակ, որքան երևակայություն և երեխային հասկանալու ունակություն:
Փոքր տարիքում երեխայի մեջ անընդհատ պահանջ է առաջանում կապ գտնելու առարկաների, պատկերների և երևույթների միջև, որը դրսևորվում է անընդհատ հարցեր տալով: Ավելի ուշ շրջանում երեխայի դատողությունը ավելի է խորանում, ձևավորելով վերլուծական դատողական, խոհական մտածողություն, որն էլ ձևավորում է բանականությունը: Դրա շնորհիվ մարդը կարողանում է բացահայտել իրական կյանքի ընդհանուր օրինաչափություններ: Սակայն երեխաների մեջ այդ հնարավորությունների զարգացումը վեց-յոթ տարեկանում նվազում է, և, եթե այդ պահանջը չի լրացվում համապատասխան դաստիարակությամբ, ապա հասուն տարիքում ստեղծագործական ունակությունները զարգացած չեն լինում: Դրա երկրորդ փուլը սկսվում է սեռահասունության շրջանում: Այդ փուլում ինտելեկտուալ ներուժը նույնպես կարող է կորչել, եթե դաստիարակությամբ ժամանակին չամրապնդվեն նոր ունակություններ: Արդյունքում, բնության ընձեռած որոշ մտային ունակություններն անվերադարձ կորչում են, այնպես, ինչպես մինչև չորս-հինգ տարեկանը կենդանիների միջավայրում մեծացած երեխաների մոտ ուղիղ քայլելու ունակությունը: Չինական Շաո-Լին ռազմարվեստի դպրոցի հիմնադիրները դեռևս շատ հնում գիտակցում էին, որ, եթե երեխան մինչև հինգ տարեկանը չստանա հատուկ ֆիզիկական դաստիարակություն, ապա անվերադարձ կկորցնի մինչև խոր ծերություն մարմինը երիտասարդ պահելու ունակությունները:
Զգայարանների ֆիզիոլոգիայի մասնագետ Հորստ Պրենը գրում է. «Հեռուստաէկրանի առջև 10-15 ժամ նստած երեխայի ուղեղը նման է անապատի: Այդ երեխաները տառապում են երևակայության լրիվ կորստով: Որոշ երեխաներ ընդունակ չեն նույնիսկ հիշողությամբ բաժակ նկարելու: Ժամանակի հետ այդ կորուստը անդառնալի է լինում: Պետք է հիշել, որ ժամանակ առ ժամանակ երեխաների համար բարձրաձայն կարդալը նրանց մեջ առաջացնում է ոչ միայն կարդալու ցանկություն, այլև զարգացնում է մտածողությունն ու երևակայությունը: Հեռուստացույցից հրաժարված երեխան ոչինչ չի կորցնում, այլ փրկում է վերը նշված հատկանիշների ձևավորման համար անհրաժեշտ ժամանակը: Եթե արդեն դա ձեռք է բերել, ուրեմն չի խանգարի, որ նա ժամանակ առ ժամանակ հեռուստացույց ևս նայի: Եթե մանկությունը հագեցած է եղել խաղերով ու շարժումներով, երաժշտությամբ ու երևակայությամբ, ներքին պատկերներով ու տպավորություններով, ծնողները կարող են հանգիստ լինել, որ նրանց տղան կամ աղջիկը կգտնի կյանքի իր սեփական ուղին»:
80-ական թվականներից սկսած ավելի շատ թվով մարդիկ են կորցնում գրավոր տեղեկույթն ընկալելու, առավել ևս այն իմաստավորելու և նրանից օգտվելու ունակությունը: Այսինքն՝ տարածվում է անգրագիտության մի նոր տեսակ՝ ֆունկցիոնալ անգրագիտություն: Եվ դա տեղի է ունենում ոչ թե երրորդ, այլ արդյունաբերական զարգացած երկրներում: 1984 թ. ԱՄՆ-ում անգրագիտության հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ երկրի բնակչության 10 %-ը, այսինքն՝ 23 միլիոն մարդ, համարվում է ֆունկցիոնալ անգրագետ: Նշվում էր նաև, որ բնակչության 44 %-ը կարդալ կարող է, բայց կարդում է միայն հանգամանքների բերումով: Ներկայումս Գերմանիայի տասնհինգ տարեկանից բարձր տարիքի բնակչության 15 %-ը՝ չորս միլիոն մարդ, ունի գրելու և կարդալու սահմանափակ հնարավորություններ: Գրավոր խոսքի կորստին զուգահեռ նկատվում է նաև բանավոր խոսքի կորուստ, այսինքն՝ խոսքը համրանում է: Երեխան խոսել սովորում է առաջին հերթին ծնողներից: Բայց ծնողները հիմա շատ զբաղված են, խոսելու ժամանակ չունեն, այսինքն՝ իրար ասելու բան էլ չունեն: Մարդիկ կինոյում, համերգասրահներում, պարասրահներում, հեռուստացույցի կամ համակարգչի առջև լռում են:
1996 թվականին երեխաների օգնության անգլիական կազմակերպությունը հայտնում է, որ Անգլիայում յուրաքանչյուր երրորդ երեխան խոսքի զարգացման խնդիր ունի: Բուլղարիայում կատարված նմանօրինակ հետազոտություններից պարզվել է, որ նախադպրոցականների 21-27 %-ը տառապում է խոսքի խանգարումներով: Ըստ որում, դա հավասարապես վերաբերում է սոցիալական բոլոր խավերին, ուստի պատճառները պետք է փնտրել այլ տեղում:
Գիտնականները պարզել են, որ խոսքի խանգարումները զուգորդված են այլ, հիմնականում շարժողական ու զգայական ունակությունների խանգարումներով: Նրանք պնդում են, որ խոսքի խանգարումների աճը պայմանավորված է ոչ թե առողջական գործոններով, այլ այն սոցիալ-մշակութային փոփոխված միջավայրով, որտեղ մեծանում է ժամանակակից երեխան: Դրա հիմնական պատճառը բժիշկները համարում են ընտանիքներում աճող լռությունը, որին նպաստող ամենաուժեղ գործոնը հեռուստատեսությունն է: Բայց խոսքի խանգարումները սառցաբեկորի միայն երևացող մասն են: Այստեղ գործում է վտանգների մի ամբողջ համալիր:
Եթե ծնողները դայակի փոխարեն օգտվել են հեռուստացույցի ծառայություններից, ապա երեք տարեկան փոքրիկը զարգացումով իր հասակակիցներից հետ է մնում մեկ ամբողջ տարով: Սակայն ամեն ինչ դեռ կորած չէ. ինն ամսական երեխան երեք ամսում կորցրածը կվերականգնի, եթե ծնողը «ուշքի գա» ու դրանից հետո շփվի երեխայի հետ կենդանի խոսքով: Սակայն ինչո՞վ է տարբերվում կենդանի խոսքը տեխնիկական միջոցներով միջնորդավորված խոսքից: Կարծես դրանց միջև չկա ֆիզիկական տարբերություն: Ինչպե՞ս է, որ տեխնիկայով միջնորդավորված խոսքը երեխայի ուղեղին հնարավորություն չի տալիս այնպես ձևավորվելու, ինչպես դա անում է կենդանի խոսքը:
Նախքան փոքրիկը կսովորի թեկուզ փոքրիկ նախադասություն արտասանել, նա պետք է կարողանա կատարելապես տիրապետել խոսքի արտաբերմանը մասնակցող մի քանի տասնյակ մկանների կոորդինացմանը, որը չափազանց բարդ գործընթաց է: Պատահական չէ, որ անցյալում մայրերը երեխաներին քնեցնելիս օրորում էին՝ երգելով, արթուն ժամանակ՝ գրկած կամ ծնկին դրած խաղիկներ էին ասում, ապահովելով նրանց բնականոն ներդաշնակ զարգացումը: Դրա արդյունավետությունը գիտականորեն բացահայտել է գերմանացի հետազոտողներից մեկը՝ ցույց տալով, որ խոսքի յուրաքանչյուր հնչյունը բերանից դուրս գալով ակնթարթորեն առաջացնում է յուրահատուկ՝ միայն իրեն բնորոշ օդային պատկեր, որը, հասնելով իր կատարյալ ձևին, անհետանում է: Այսինքն՝ խոսքի յուրաքանչյուր պատկեր ներկայանում է որպես հոսող քանդակ: Ստացվում է, որ խոսքը առաջին հերթին պատկեր, ձև առաջացնող գործընթաց է, որի ժամանակ առաջանում են շարժուն գոյացություններ, որոնք մի քանի վայրկյան դեռ մնում են օդում, երբ ձայնային ալիքներն արդեն անհետացել են: Միաժամանակ խոսողի ամբողջ մարմինը ամեն հնչյունի ժամանակ առաջացնում է որոշակի, աչքի համար անտեսանելի շարժումներ: Այդ շարժումները հաջողվել է նկարահանել ժապավենի վրա, և պարզվել է, որ այդ միկրոշարժումները միանգամայն ներդաշնակ են արտասանած խոսքին և ընդգրկում են ամբողջ մարմինը՝ գլխից մինչև ոտքերը: Գիտնականները բացահայտել են, որ լսողը նույնպես պատասխանում է մարմնի համապատասխան միկրոշարժումներով՝ գլխից մինչև ոտքերը, միայն 40-50 միլիվայրկյան ուշացումով: Այս երևույթի բացահայտողը՝ Վիլյամ Կոնդոնը, նշելով խոսողի և լսողի համաչափ շարժումները, գրում է. «Կարծես լսողի ամբողջ մարմինը պարելով ուղեկցում է խոսողին»: Նա պարզել է, որ երկու օրական փոքրիկը և՛ չինարեն, և՛ անգլերեն խոսքին պատասխանում է միևնույն միկրոշարժումներով: Սակայն այս ամենը լսելու միայն առաջին փուլն է: Հաջորդ փուլում մկանային շարժումների ակտիվությունը փոխանցվում է և խթանում սրտի ու թոքերի ռիթմիկ գործունեությունը: Ցանկացած պատմող կարող է իր լսողների մոտ նկատել մարմնի թեթևակի լարվածություն կամ հանգստություն, շարժումների որոշակի փոփոխություններ, որոնք աստիճանաբար ընդգրկում են նաև լսողների հոգին՝ առաջացնելով կենդանի արձագանք: Մարմնական շարժումները վերափոխվելով՝ ենթագիտակցական ապրումների ոլորտից անցնում են չգիտակցված, անրջային հույզերի:
Միայն երրորդ փուլում այդ շարժումները հասնում են գլխուղեղին, որտեղ վերափոխվելով դառնում են մտային գործընթաց, որպես հասկացություն կամ պատկերացում: Հենց այդ շարժումներից էլ երեխան հետագայում կառուցում է իր խոսքը: Եթե մեկը խոսում է, իսկ մյուսը` լսում, ապա նրանք երկուսն էլ հայտնվում են շարժումների ու հոսող պատկերների ոլորտում, պատկերների ծովում, որը կարծես ողողում է նրանց մարմինը: Այդ ոլորտում կարևոր է ոչ միայն խոսքի իմաստը, այլ նաև այն ամենը, ինչը կարելի է անվանել խոսքի կամ լեզվի մեղեդի՝ խոսքի տեմբրի, շեշտի, դադարի միջոցով ձևավորվող խոսքի ռիթմիկ կառուցվածք: Խոսքի այս տարրերը փոքրիկների վրա ավելի ուժեղ ազդեցություն են ունենում, քան պատմածի բովանդակությունը:
Սակայն խոսքի այդ բնական ուժը չի գործում, եթե այն հնչում է մեքենայի կողմից: Խոսքի ներգործուն այդ շարժումը կարող է առաջանալ միայն մարդկային կենդանի շփման, կենդանի խոսքի ժամանակ: Բարձրախոսներն այդ ունակությունը չունեն: Նրանք օդային պատկերներ առաջացնել չեն կարող: Նրանց ստվարաթղթե թաղանթներն առաջացնում են միայն ձայնային ալիքներ, որոնք որոշակի հասցեատեր չունեն և ոչ մեկից էլ պատասխան չեն ակնկալում: Ճիշտ է, երեխաներն այդ ձայնին էլ են արձագանքում մարմնի միկրոշարժումներով, բայց նրանց կամքը ձայնի ձևավորմանը մասնակից չի դառնում: Պատկերավոր ասած, դինամիկները միշտ տառապել ու շարունակում են տառապել աուտիզմով:
Երեխայի ֆիզիկական ու հոգևոր ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է մարդ, որը կդառնա բառի միջնորդը: Միայն այդ դեպքում բառը երեխայի ես-ը գերզգայական ոլորտից կուղեկցի դեպի զգայական ոլորտ: Միայն այդ ժամանակ բառը կարող է զգայական աշխարհից ազատել գերզգայական ուժերը, որոնք անհրաժեշտ են երեխային, մի կողմից՝ հոգու և մտքի, մյուս կողմից՝ հոգու և մարմնի միջև կապ հաստատելու համար:
«Ի սկզբանէ էր Բանը» և Բառը նրան մարդ դարձրեց, իսկ նա միայն Բառի էներգիան փոխանցում է երեխային, որը ձգտում է մարդ դառնալ:

Մարիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ

Դիտվել է՝ 1551

Մեկնաբանություններ