Լրանում է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի մահվան 88-րդ տարելիցը: 1928 թվականի մայիսի 7-ին, Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ` Ա. Սպենդիարյանի աճյունն ամփոփվեց ճարտարապետի նախագծով կառուցվող Ժողտան (այժմ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) հարակից պուրակում: Ճարտարապետն իր անձնական ծախսերով էր հոգում շիրմի մոտ ծաղիկների աճեցումն ու խնամքը: Հետևելով մեծ արվեստագետի այս օրինակին` մայիսի 7-ին, ժամը 13:00-ին, օպերային թատրոնին հարակից պուրակում, անվանի մտավորականներն ու արվեստագետները խորհրդանշական վարդեր կտնկեն կոմպոզիտորի շիրմի մոտ:
Հիշատակի արարողությանը` կոմպոզիտորի անունը կրող երաժշտական մասնագիտական դպրոցի սաների կատարմամբ կհնչեն Սպենդիարյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:
Հավելենք նաև, որ միջոցառումը նախաձեռնել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը: