Haarets-ում Իդան Բիրերը գրում է, որ պրոֆեսոր Շլոմո Ավիներին իր «Արաբների ձախողումները. քրդերի հաջողությունները» հոդվածում հստակ նկարագրել է ցնցումը, որ ապրեց արաբական աշխարհը վերջին հինգ տարում: «Արաբական գարնան» ձախողումը նա համարում է ապացույց, որ արաբական երկրները պատրաստ չեն դեմոկրատական ռեժիմին, և մերձավորարևելյան երկրներում փնտրում է նոր, առավել հաջող մոդելներ: Այդ մոդելը նա հայտնաբերեց վերջին տարիներին Հյուսիսային Իրաքում քրդական ազգայնականության վերածնունդի մեջ: Ես չեմ հերքում, որ Հյուսիսային Իրաքում վերջին տարիներին ձևավորվում է քրդական ինքնավարություն անկախության նախանշաններով: Սակայն ինձ թվում է, որ Ավիներիի շարադրանքում Քրդստանի նկարագրությունը հատվածային է և հարթեցնում է մի շարք առանցքային խնդիրներ, որոնք չեն տեղավորվում նրա նկարագրած վարդագույն պատկերի մեջ: Ավիներին կարծում է, որ Քրդստանում դե ֆակտո պետություն է ձևավորվում: Ինքնավարության նախագահ և այդ շրջանի ամենաազդեցիկ առաջնորդ Մասուդ Բարզանին անցյալ տարի հայտարարեց, որ քրդերը պատրաստ են անկախություն հռչակել, սակայն նրա խոսքերը գործողություններով չամրագրվեցին: Մինչև հիմա չի հայտարարվել պետության ստեղծման մասին: Եթե չի արվել վերջին տարիներին ստեղծված բարեպատեհ պահերին, պարզ չէ, թե երբ կլինի:
Բարզանին ներկայացնում է իրեն որպես քրդական պետականության երազանքը մարմնավորող առաջնորդ, սակայն նրա իշխանության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա լուսավորված ժողովրդավար առաջնորդ չէ, այլ իշխանության ձգտող կլանի պարագլուխ: Բարզանիի իրավասությունները որպես Քրդստանի նախագահի դադարել են 2013թ., խորհրդարանը կրկին երկարացրել է նրա պաշտոնավարումը ևս երկու տարով՝ հակառակ հակասահմանադրական քայլին չդիմելու խոստումներին: Բարզանին իշխանությունը ամրապնդելու համար դիմում է բոլոր միջոցներին՝ ներառյալ քաղաքական հակառակորդների բանտարկությունները և սպանությունը: Ավիներին հոդվածն ավարտում է Քրդստանի խորհրդարանական համակարգի գովաբանությամբ, որտեղ իշխում են Բարզանիի ընտանիքի խմբավորումների կոալիցիան և Թալաբանիի ընտանիքի խմբավորումները: Նա գրում է, որ վարչապետն է Նեչիրվան Բարզանին, փոխվարչապետը՝ Կուբադ Թալաբանին:
Նախկինում թշնամի այս երկու ընտանիքների հաշտությունը հույս է ներշնչում, սակայն երկու քաղաքական գործիչներն էլ Նեչիրվան Բարզանիի քեռու՝ Մասուդ Բարզանիի միապետությունը քողարկող ժողովրդավարական ֆասադ են: Ավիներին քրդերին ներկայացնում է որպես մեկ ամբողջություն, սակայն հիշատակում է Սիրիայում քրդական ինքնավարության երևան գալու մասին: Դրա մեջ նա տեսնում է քուրդ ժողովրդի մեծ ձեռքբերումը՝ ընդգծելով, որ կգա ժամանակը, որ ինքնավարությունները կդառնան Մեծ Քրդստանի ստեղծման համար պայքարի առաջամարտիկները: Սակայն միմյանց դեմ թշնամաբար են տրամադրված այս երկու ինքնավարությունները: Մասուդ Բարզանին Անկարայի հետ անպատվաբեր միություն է կնքել, որի հետևանքով իրաքյան Քրդստանը տնտեսապես ամբողջովին կախման մեջ է ընկել Թուրքիայից և չի օգնում Սիրիայի քրդերին: Երկու ինքնավարությունները ոչ թե նպաստում են Մեծ Քրդստանի ստեղծմանը, այլ ավելի ու ավելի են հեռացնում հնարավորությունը: Դա չի նշանակում, որ քրդերի ինքնավարության ձգտումը անարդար է, սակայն հարկ է ազատվել քրդերի հանդեպ ռոմանտիկ վերաբերմունքից, որ կա Իսրայելում, և պետք է խոստովանել, որ նրանք վերապրում են այն նույն գործընթացները, որոնք քանդեցին արաբական պետությունները: Քրդերը պետք է երկար ճանապարհ անցնեն և բուժվեն բազմաթիվ քաղաքական հիվանդություններից, նախքան Ավիներիի նկարագրած ժողովրդավարական պետության մոդելի ստեղծումը: