«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Бьмбараква Чаршама Саре Сале

Бьмбараква Чаршама Саре Сале
21.04.2017 | 09:04

Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների, այնպես էլ եզդիների պատմության մեջ կարևոր իրադարձություններն ու հիշարժան օրերը դարձել են տոներ և տոնակատարություններ: Այդպիսի տոներից է Չարշամա Սորը՝ «Կարմիր չորեքշաբթին», որը, պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատևմանը, ամուր թելի նման կապել և կապում է մեր ժողովրդի անցյալն ու ներկան:

Սա շատ հին տոն է: Եզդիներն այն տոնում են իրենց հազարամյա պատմության ընթացքում: Սոր («կարմիր») բառը միաժամանակ նշանակում է տոն: Եզդիական ցանկացած տոնից առաջ սկսում են նախապատրաստվել: Բոլորը պարտադիր պետք է զբաղվեն իրենց և տան մաքրությամբ: Հնարավորություն ունեցողները մատաղի պատրաստություն են տեսնում: Տան անդամները գունազարդում են տունը, պատրաստում ազգային տարբեր ճաշատեսակներ: Պատրաստված սեղանը որպես կանոն մինչև երեկո չի հավաքվում: Ազգականները, բարեկամները, համագյուղացիները միմյանց շնորհավորելուց հետո գնում են գերեզմանատուն, իրենց հետ տանելով մրգեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ: Ինչպես մյուս տոները, այնպես էլ Նոր տարին առիթ են, որ խռովածները հաշտվեն, ցանկանում են, որ տարբեր հիվանդությունները, աղքատությունը և փորձությունները մնան հին տարում, և Նոր տարին սկսեն առողջ, բարեկեցիկ և երջանիկ:


Եզդիներն այս տոնը տոնում են գարնանը, քանի որ գարնանն ամենուր կյանքը նորանում է: Եզդիներն ավանդույթի համաձայն ապրիլ ամիսը դիտում են նորահարսի «Բուկա Սալե» ամիս: Դրա համար եզդիները ապրիլ ամսին որպես կանոն հարսանիքներ չեն անում:


Այս տոնի ժամանակ եզդիների հոգևոր առաջնորդական նստավայրում` Լալշա Նուրանիում, կատարվում են տարբեր ծեսեր, որոնք ուղեկցվում են աղոթքներով, իսկ երեկոյան վառում են ձեթով լցված լամպերը: Մարդիկ հավատում են, որ Լալշա Նուրանին, նրա դրախտ աղբյուրներն իրենց կպաշտպանեն չար ոգիներից, տարբեր հիվանդություններից, և աշխարհում կհաստատվեն խաղաղություն ու համերաշխություն: Ինչպես միշտ, այս տարի նույնպես հայաստանաբնակ եզդիները տոնակատարություններն անցկացնում են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում՝ բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով կառուցված եզդիների Զիարատում՝ Սրբատեղիում:


Ցավոք, 2014-ի օգոստոսի 3-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որ հնարավոր չէր տեսնել սարսափ կինոնկարներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր, եզդի կանանց ու երեխաներին 21-րդ դարի ստրկավաճառները հասցրին մինչև Աֆղանստան: Ահավոր ցավով և թափված արցունքներով մենք սպասում ենք, որ կդադարեցվի եզդիների ցեղասպանությունը, և վերջնականապես կազատագրվի Շանգալը: Մենք սպասում ենք ճշմարտության ձայնին և արդարության հաղթանակին: Աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար և պայքարում նրանց թափած արյան համար:


«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաև ամբողջ աշխարհի, Շանգալի սարերում և փախստականների վրաններում գտնվող եզդիներին Նոր տարվա, Այդա Տաուսի Մալակ տոնի առթիվ: Ցանկանում ենք բոլորին առողջություն, ազատություն, հաջողություն, բարեկեցիկ և խաղաղ կյանք: Թող իրականանան մեր բոլորի երազանքները, եզդիներն այլևս երբեք ցեղասպանություն չապրեն, իրենց բնօրրանում ապրեն ազատ և անկախ: Թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար: Իսկ բոլոր տոներն անցնեն խաղաղության, համերաշխության և ուրախության պայմաններում:
Աստված ապավեն:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ