Գրողների, դերասանների մի ծաղկաբույլ ունեինք անցյալ դարում, որին սկսում ենք կարոտել: Տարօրինակ պահվածք ենք որդեգրել՝ մի տեսակ չենք ուզում նկատել մեր միջավայրի կենդանի, այսպես ասեմ, լեգենդներին: Բարությո՞ւնն է պակասել մեզանում, գնահատանքների չափանիշների մե՞ջ ենք խճողվել, թե՞ անհոգ ենք, որ նրանք՝ մեր հայտնի դերասանները, գրողներն ու արվեստագետները, հավերժ ապրելու են: Վազգեն Առաջին Վեհափառը հրաշալի ձևակերպում ունի. «Մարդ-անհատի հոգու գերագույն զարդը, գերագույն պարծանքը բարոյական գիտակցության հրամայականն է, որով իր հոգուց արմատախիլ պիտի անի եսակենտրոն մղումները...»:
Եսակենտրոն վարմունք չէ՞ր, արդյոք, որ Ֆրունզիկ Մկրտչյանի նման մեծ արտիստի ծննդյան ո՛չ 80 և ո՛չ էլ 85-ամյակները պետական մակարդակով չնշվեցին: Սա միայն մեկ օրինակ է: Այս մտահոգությունը շարունակել կարող է այս թերթի ցանկացած ընթերցող: Մի արտիստ, ում անունը Հայաստանում և նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում մարդկանց շուրթերին էր՝ նրա դերասանական հոյակապ խաղի, դերերի կերպավորման նրա յուրօրինակ վարպետության և, անշուշտ, նրա իմպրովիզացիաների շնորհիվ:
Այսօր կենդանի լեգենդներ ունենք՝ Տիգրան Մանսուրյան, Ժենյա Ավետիսյան... Նրանք ունե՞ն մեր հոգածության կարիքը: ՈՒնեն՝ մեր սիրո՛ կարիքը, մեր ջերմ վերաբերմունքի՛ կարիքը: Նրանց հետ շփվելու ամեն առիթ տոն է՝ մխիթարանք իրենց, որ ջերմացնող կա, մխիթարանք մեզ, որ պատիվ ենք ունենում մոտիկից շփվելու նրանց հետ: Նրանց անունը մեր շուրթերին պահելը նրանց չէ, մե՛զ է պետք՝ որպես հպարտություն, որպես պարծանք:
...Բարության սերմեր տարածենք մեր շուրջը. դրանով մենք չե՛նք սպառվի, դրանով մենք կհարստանանք Շոթա Ռուսթավելու ասածի հանգույն. «Ինչ տվեցիր ուրիշին՝ քոնն է, ինչ թաքցրիր՝ կորավ»:
Սիրով՝ Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ