Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թե ո՜ր մեղքի համար են էդ խեղճի անունը դանդուռ դրել

Թե ո՜ր մեղքի համար են էդ խեղճի անունը դանդուռ դրել
06.07.2026 | 18:23

Ջահել ժամանակ մենք դանդուռը որպես վիրավորական մակդիր էինք գործածում՝ էպիտետ։ Եթե մեկի մասին ասում էինք՝ դանդուռ, նշանակում էր՝ ոնց որ դանդուռ լիներ։ Դանդուռը դամբուլի խուճուճ տեսակն էր։

Որ դանդուռը կանաչի ա, էդ գիտեինք։ Որ ուտում են, էդ էլ գիտեինք։ Բայց արժանապատվությունը թույլ չէր տալիս փորձել։

Դրա համար՝ երբ մի երկու տարի առաջ ընկերուհիս ինձ հյուր եկավ՝ տարբեր տեսակի սալաթներով ծանրաբեռնված, որ առել էր մեր բակի «Պարմայից», ու դրանց մեջ ես տեսա դանդուռով սալաթ, ինձ թվաց, թե բազմանշանակ ակնարկ ա անում։ Բայց, մյուս կողմից, նա հաստատ դանդուռային ակնարկներ չէր անի։

Իմ սիրելի, շատ սիրելի ու երկար սպասած ընկերուհին էր վերջապես մի քանի օրով Փարիզից եկել ու երբ հասկացավ, որ իմ կրիտիկական մասսան հնարավոր չի տնից պոկել ու դրսում մի տեղ հանդիպել, ճարահատյալ՝ որոշեց ինձ հյուր գալ՝ հինգերորդ հարկ, ու համ էլ ինձ տեսնել իմ էնդեմիկ միջավայրում։ Ավելի շուտ՝ ինձ՝ էնդեմիկիս, տեսնել իր հարազատ քարանձավային միջավայրում՝ բիբլիական փոշիների, տան անհասանելի անկյուններում ապահով կերպով կախված սարդոստայնների ու ծխից դարչնագույն դարձած պատերի մեջ։

Սալաթնեըը շարեցինք սեղանին ու անցանք գործի։ Էնքան շատ էին ու բազմազան, որ բոլորից չհասցրինք փորձել։ Երևի «Պարման» էդ օրը սալաթային քաղց էր ապրում։ Համ էլ էնքան խոսալու բան ունեինք, որ սալաթներին ուշ-ուշ էր հերթ հասնում։

Բայց ես, համենայն դեպս, որոշեցի խախտել իմ բազմամյա դանդուռատյացությունը ու փորձել դանդուռով սալաթը։ Փորձեցի ու սիրահարվեցի։ Էնքա՜ն համով էր, որ ամբողջ սալաթը ե՛ս կերա, դեռ ամանն էլ լպստեցի։ Ի՜նչ անարդար էի եղել էդ ազնվազարմ կանաչու նկատմամբ։ Ստեղ են ասել՝ կանաչու հոտը դուրս գա, անունը դուրս չգա։ Թե ո՜ր մեղքի համար են էդ խեղճի անունը դանդուռ դրել...

Ու ես դարձա «Պարմայի» դանդուռային մղձավանջը։ Ամեն օր առնում էի։ Խեղճ դանդուռահալած աշխատողները հենց ինձ տեսնում էին, իրար ականջի փսփսում էին՝ դանդուռը եկավ, ու փախնում-պախկվում էին պահեստային մասում։

Խանութին բնությունը փրկեց։ Պարզվում ա՝ դանդուռը սեզոն ունի, ու միառժամանակ անց դանդուռի սալաթը վերացավ։ Խանութը թեթևացած շունչ քաշեց։

Մյուս տարի, երբ սեզոնը բացվեց, ընկերուհիներիցս մեկը հուշեց, որ հանգիստ կարելի ա էդ սալաթից կիլոներով սարքել տանը, փոխանակ՝ էն փոքր ամանով խանութից առնում եմ, ու աչքս մեջն ա մնում։

Մտքովս չէր անցել։ Մի օր մի կապ դանդուռ առա, ու սարքեցի։ Պարզվում ա՝ էդ սալաթը սարքելն էնքան հեշտ ա ու արագ, որ էդ ընթացքում չեմ հասցնի անգամ մի պտույտ տալ խանութում։ Դանդուռը մի քանի րոպե եփում ես, որ մի քիչ փափկի, հետո վրան սխտոր ես ճզմում, աղ անում, մի երկու գդալ ձեթ, որին Ֆիլադելֆիայի լավագույն տներում բուսայուղ են ասում, ու մի երկու գդալ քացախ, որին չգիտեմ, թե ինչ են ասում Ֆիլադելֆիայի լավագույն տներում, երևի՝ թթվագինի։

Ու վերջ։ Կիլոներով սարքի ու վայելի, քանի սեզոն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ