Այսօր առավոտյան, Երևան-Գորիս ավտոճանապարհի` Տաթևի խաչմերուկի հատվածից, Գորիս չհասած, ո՞ր տաքսիստն է ռուս զբոսաշրջիկի վերցրել ու բերել Տաթևի վանք: Ես չգիտեմ ով էր, բայց վստահ եմ` նա կկարդա սա, կամ կհասցնեն իրեն:
Ձյաձ, ճակատդ բեր «պաչեմ»:
Բայց մինչև «պաչելս», թույլ տուր մարդկանց պատմեմ այսօրվա «հերոսությանդ» մասին:
Նախ նշեմ.
Գորիսից մինչև Տաթևի վանք 35 կմ է:
Իսկ Տաթևի խաչմերուկից մինչև Տաթևի վանք՝ 25 կմ:
Գորիսից Տաթև, տաքսիստները` ամենաշատը 7000-8000 դրամով են բերում Տաթև, ինձ հանդիպել են տաքսիստներ, ովքեր նույնիսկ 6000-ով են բերել:
Այսօր` մեր «հերոսը», ռուս զբոսաշրջիկ կնոջը Տաթևի խաչմերուկից բերել է Տաթևի վանք, ու դրա դիմաց վերցրել է 3000 ռուբլի: Հայկական դրամով` մոտ 15 000 դրամ:
Հիշեցնեմ թվերը. Գորիսից` 35 կմ է մինչև վանք, տաքսիները բերում են 7-8 հազարով: Իսկ Խաչմերուկից 25 կմ է, պետք է բերվեր 5-6 հազարով` ՄԱՔՍԻՄՈՒՄ։
(Եթե իհարկե չկան կանգառներ, սպասումներ, հետ տանել և այլն... այս դեպքում, ուղևորությունը տևել էր 27 րոպե։ Սա ոչ թե զբոսաշրջիկի խոսքի վրա հիմնվոլով եմ ասում, այլ իր հեռախոսում ինձ ցույց տված երթուղուն ու ժամերին նայելու հիմքով։ Մարդը բերել է վանքի մոտ իջացրել ու ետ գնացել) :
Տասը րոպե առաջ, գյուղի վերևում գտնվող` Սուրբ Մինաս եկեղեցու դիմաց նստած էի, մեր տան կողքին է հենց:
Այդ կինը եկեղեցու շուրջը ման էր գալիս, լուսանկարում:
Մոտեցավ ինձ ու հարցրեց, թե Տաթևից Գորիս տաքսիները ինչքանո՞վ կտանեն: Ասացի նրան որ մոտավոր 1500-ից 1700 ռուբլիով (7000-8000 ՀՀ դրամով):
Զարմացած նայեց երեսիս ու սկսեց պատմել մեր «հերոս» տաքսիստի հետ ունեցած իր առավոտյան «փառահեղ» ճանապարհորդության մասին։
Գլուխս կախեցի։
ՈՒստա, 50-55 տարեկան ուստա, ճակատդ բեր «պաչեմ», բեր, բեր` արխային բեր...
Բեր «պաչեմ», հատուկ նրա համար, որ դու իմ երկրի պատիվն ու անունը այդչափ «բարձր պահեցիր»:
Ես երկար բացատրեցի այդ կնոջը, որ իրեն հանդիպածը` այսինքն դու, ոչ թե Հայի դեմքն է այլ թյուրիմացությունը:
Ես երկար բացատրեցի նրան, որ դու չես Հայը, որ դու բացառություն ես, բացառիկ տականք:
Այդ գումարը ո՞նց ես մարսելու: Այդ գումարով` կնոջդ, մորդ, երեխայիդ կամ թոռանդ համար ինչ-որ ուտելիք առնելուց հետո, ուշադիր կնայես, թե նրանք ինչպես են ծամում առածդ, ու ինչպես են կուլ տալիս:
Նրանց հալալ լինի, անուշ լինի... ու գուցե իրոք լինի: Բայց, քո կոկորդին կանգնելու է դա մի օր, Աստված նայում է վերևից...
ՈՒ Աստված տա, որ սրիկայությանդ համար հենց միայն դու պատասխան տաս, այլ ոչ թե հարազատներդ, ովքեր գուցե քեզ նման չեն, ու նույնիսկ չգիտեն էլ թե իրականում ինչպիսին ես դու, և կամ ինչ եղանակով ես նրանց բավարարում:
Հայե՜ր...
Այս զբոսաշրջիկը հիմա կմոռանա Տաթևի վանքի գեղեցության մասին, կմոռանա ճոպանուղի նստելու ընթացքում իր ունեցած հրաշք զգացողությունների մասին: Կմոռանա` մեր երկրում իր հաճախած բոլոր հյուրատներում ու ռեստորաններում ժպիտով իրեն մատուցված համով ուտեստների և սիրալիր վերաբերմունքի մասին: Կմոռանա` փողոցներում իրեն ժպտացող երեխաների հայացքների մասին... ամեն ինչ կմոռանա, բացի մեր «հերոսի հերոսությունը»:
ՈՒ ամենացավալին՝ դա կտանի իր հետ, դա կպահի իր մեջ, դա կպատմի ուրիշներին։
Սյն վերաբերմունքը, ինչը մենք ցույց ենք տալիս օտարերկրացիներին, նրանց համար դա է մեր դեմքը, մեր տեսակը, դա ենք մենք, դա է Հայը: Ցավում եմ որ ոմանց «բախտ է վիճակվում» հանդիպել այսպիսիներին, որ դրանցով պիտի պատկերացում կազմեն Հայի մասին։ Ցավում եմ` որ մեր մեջ նմաններին ունենք, շատ եմ ցավում:
Երբ զբոսաշրջիկը մտնում է մեր երկիր, նա չի տեսնում առանձին տաքսիստների, վաճառողների կամ անցորդների, նա տեսնում է Ազգը։ Օտարի համար մենք բոլորս մեկ ընդհանուր անուն ունենք՝ ՀԱՅ։ Եթե մեզնից մեկն այս թյուրիմացության պես է պահում իրեն, իր աչքում Հայը դա է։
Մի՛ լռեք, երբ տեսնում եք նման ստորություններ։
Թույլ մի տվեք որ զբոսաշրջիկը մեր հայրենիքում իրեն զգա` ինչպես թակարդում,
այլ թողեք որ զգա այնպես` ինչպես տանը:
Նավասարդ ԽԱՉԱՏՐՅԱՆ