Թրամփը հիստերիայի մեջ է, խելագարվում է... Աշխարհը քաոսի մեջ է՝ ճանապարհին դեպի համաշխարհային ճգնաժամ, տնտեսությունն ազատ անկման մեջ է։
Նախագահ Թրամփը, ըստ ամենայնի, գտնվում է գերզգոնության վիճակում։ Սա սթրեսային վիճակ է, երբ մարդն սկսում է խուճապի մատնվել, մի էմոցիոնալ վիճակից անցնել մյուսին, կայացնել էմոցիոնալ, ինտուիտիվ, հապճեպ որոշումներ՝ առանց հետևանքների մանրակրկիտ վերլուծության։
Հայ հանրությանն այս վիճակը ծանոթ է 2020 թվականի պատերազմի հիշողություններից, երբ որոշում կայացնող անձը հրաժարվեց կանգնեցնել պատերազմը, բարձրաձայն բղավում էր «նոր Սարդարապատի» մասին, կոչ անում կամավորներին ինքնուրույն զինվել ու գնալ ճակատ, իսկ հետո հայտարարեց, որ ամեն ինչում մեղավոր են նախկինները, և որ հենց նրանցից պետք է վրեժ լուծել։ Իսկ հետո՝ որ Արցախն ընդհանրապես ոչ մեկին պետք չէր և մի պարան էր մեր վզին, որի համար նա զոհասեղանին դրեց 5000 տղերքի։ Ի դեպ, պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելը և արդարանալու փորձերը նույնպես բնորոշ են նման վիճակին։
Թրամփի մոտ այն սպառնալից ուրվագծեր է ստանում։ X-ի իր երեկվա գրառման մեջ նա օգտագործել է F տառով սկսվող անպարկեշտ բառեր, ինչն աննախադեպ է ամերիկյան պետական գործիչների, առավել ևս՝ նախագահների պատմության մեջ։ Նա սպառնացել է «ռմբակոծել Իրանը՝ վերադարձնելով քարե դար, որտեղ էլ նրանց տեղն է» և նրանց տվել է հերթական վերջնագիրը, որի ժամկետը լրանում է այսօր երեկոյան։
Հետագայում ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել, եթե Թրամփը գնա Իրան ցամաքային ներխուժում սկսելու ինքնասպանական որոշմանը։ Կտրուկ կաճեն ամերիկացիների կորուստները, ինչպես նաև ճնշումը Թրամփի վրա։ Մնում է հուսալ, որ ինչ-որ մեկը կկանգնեցնի նրան, եթե նա որոշի սեղմել սև ճամպրուկի կարմիր կոճակը։
Իսկ համաշխարհային տնտեսությունը, շտոպորի մեջ մտած ինքնաթիռի պես, գահավիժում է տնտեսական դեպրեսիայի անդունդը։ Վառելիքի պակասի պատճառով կանգ են առնում ընկերություններ ու ամբողջական արդյունաբերական ճյուղեր՝ ավիաընկերություններից մինչև արհեստական բանականություն, գյուղատնտեսությունից մինչև մետալուրգիա և չիպերի արտադրություն։ Եվ նույնիսկ եթե պատերազմն այսօր կանգնեցվի, հետևանքները շտկելու համար ամիսներ կպահանջվեն։ Իսկ եթե Պարսից ծոցի նավթային ենթակառուցվածքները ոչնչացվեն, ապա համաշխարհային դեպրեսիան կարող է տևել մի քանի տարի, քանի որ նավթավերամշակման գործարանները, նավահանգիստները, տերմինալները և այլն, հնարավոր չի լինի վերականգնել կարճ ժամկետներում։
Մինչդեռ Եվրոպայի ամենաէլեգանտ արտաքին գործերի նախարարը՝ ֆրանսիացի Ժան-Նոել Բարոն, հայտարարել է, որ քաղաքացիական և էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները «արգելված են պատերազմի կանոններով և միջազգային իրավունքով»։ Ակնհայտ է, որ ըստ ֆրանսիացի նախարարի՝ 120,000 արցախցիների էթնիկ զտումը թույլատրված էր միջազգային օրենքով, հատկապես ՄԱԿ-ի «Պաշտպանելու պատասխանատվություն» դրույթով, որը պարտավորեցնում է միջազգային հանրությանը միջամտել և պաշտպանել էթնիկ փոքրամասնություններին հալածանքներից և էթնիկ զտումներից։ Այլ կերպ ասած, միջազգային օրենքն այն է, երբ ուժեղն անում է այն, ինչ ուզում է, իսկ թույլը պետք է դա ընդունի։
Այսօր երեկոյան, ամենայն հավանականությամբ, պատերազմը կթևակոխի էսկալացիայի հաջորդ փուլ՝ ավելի ինտենսիվ ռմբակոծություններ, իսկ գուցե նաև ցամաքային օպերացիա։ Հուսով եմ, որ Թրամփի հեռախոսի մեջ կա ուղղագրության ստուգիչ, որպեսզի հաջորդ գրառման մեջ անպարկեշտ բառերը գոնե փոխարինվեն !@#$ խորհրդանիշներով։
Արթուր Խաչիկյան