Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Բժիշկ Գեբելսի հիվանդները

Բժիշկ Գեբելսի հիվանդները
12.08.2026 | 15:09


Առավոտը սկսվում է ոչ թե սուրճով, այլ Տելեգրամ-ալիքների և սոցցանցերի «հույժ գաղտնի» լուրերով։ Եթե դեռ չեք հասցրել աչքերը բացել, շտապենք տեղեկացնել․ աշխարհն արդեն մի քանի անգամ կործանվել է, փրկվել, իսկ հետո՝ նորից վերաբաժանվել։

Համաշխարհային «ճշմարտությունների» տոնավաճառ

Ժամը 08:00 - ԱՄՆ-ն ու Իսրայելը հաղթեցին: Նրանք արդեն նվաճել են տիեզերքը, բոլոր հակառակորդները ծնկի են եկել, իսկ ժողովրդավարությունը վերջնականապես հաղթանակել է։

Ժամը 10:00 - Իրանն արդեն հաղթել է: Պարզվում է՝ Արևմուտքն այլևս գոյություն չունի, իսկ «դիմադրության առանցքը» վերահսկում է երկրագունդը։

Ժամը 12:00 - Ռուսաստանն է հաղթում Ուկրաինային: Ամեն ինչ վերջացած է, քարտեզները գծված են։

Ժամը 14:00 - Ուկրաինան է հաղթում Ռուսաստանին: Ռազմավարական բոլոր կետերը հետ են վերադարձված, թշնամին խուճապի մեջ է։

Եվ ամենակարևորը՝ բոլոր կողմերն ունեն «անհերքելի փաստարկներ», «անանուն փորձագետներ» և տեսանյութեր, որոնք, ավաղ, հաճախ նկարահանվել են 2015 թվականի ինչ-որ համակարգչային խաղում։

Հայկական ֆենոմենը եղբա՞յր, թե՞ թշնամի

Բայց ամենահետաքրքիր թատրոնը սկսվում է, երբ այս գլոբալ «մսացուցակը» հասնում է Հայաստան։ Այստեղ քարոզչությունն աշխատում է հատուկ վիրտուոզությամբ․

Ռուսաստանը մեր հավերժական եղբայրն է - նա մեզ փրկում է քնած ժամանակ, սնում է, պաշտպանում է, և, առանց նրա, մենք նույնիսկ առավոտյան սուրճ չենք կարող եփել։

Ռուսաստանը մեր թիվ մեկ թշնամին է - նա է մեղավոր աշխարհի բոլոր դժբախտությունների, եղանակի տեսության և նույնիսկ մեր բակում հավաքված աղբի համար։

Արդյունքում՝ հայկական հասարակությունը վերածվել է աշխարհաքաղաքական «գլադիատորների» ասպարեզի։

Մարդիկ պատրաստ են իրար կոկորդ կրծել Facebook-ի մեկնաբանություններում կամ բարեկամական հացկերույթի ժամանակ։ Հայր ու որդի իրար հետ չեն խոսում, որովհետև մեկը «պրո-արևմտյան» է, մյուսը՝ «պրո-ռուսական»։ Բարեկամական տոստերը վերածվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստերի, որտեղ ամեն մեկը պաշտպանում է օտար պետության շահերն ավելի ջերմեռանդորեն, քան՝ տվյալ երկրի արտգործնախարարը։

- Դե, որովհետև Ռուսաստանը մեզ դավաճանեց,- գոռում է մեկը։

- Ոչ, Արևմուտքն է մեզ ծախել,- հակադարձում է մյուսը։

Իսկ այդ ընթացքում երկուսի տան տանիքից էլ ջուր է կաթում, բայց տանիքը նորոգող չկա․ չէ՞ որ նրանք աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ են լուծում։

Բարոյախոսություն

Քանի դեռ մենք մեր էներգիան, նյարդերն ու ազգային միասնությունը ծախսում ենք օտարների քարոզչական պատերազմներում «ճիշտ» կողմ ընտրելու վրա, մոռանում ենք ամենակարևորի մասին․ աշխարհի ոչ մի տերության համար մենք «եղբայր» կամ «սիրելի դաշնակից» չենք․ մենք ընդամենը շահերի մի փոքրիկ կետ ենք քարտեզի վրա։

Մինչ մենք իրար հոշոտում ենք օտարի դրոշների համար, օտարը պարզապես լուծում է իր հարցերը։

Իսկական հայրենասիրությունը ոչ թե Վաշինգտոնի, Մոսկվայի կամ Թեհրանի հաղթանակով հիանալն է, այլ սեփական տունը շենացնելը, սեփական բանակն ու տնտեսությունը հզորացնելը և սեփական ուղեղով մտածելը։ Ոչ մի օտար քարոզչություն քեզ չի փրկի, եթե դու ինքդ քեզ կործանում ես ներսից։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ