ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը

Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը
26.08.2026 | 16:01

«Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» այս ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին կլինի աղետաբեր պատերազմ»,- մայիսին հայտարարում էր քաղաքացի Նիկոլ Փ.-ն։

ԱԺ ընտրություններն արդեն մայիսին կեղծվեցին, բայց միևնույն է՝ հունիսին ՔՊ-ն չստացավ խորհրդարանի 2/3 մանդատները, այսինքն՝ չունի սահմանադրական մեծամասնություն և չի կարող Սահմանադրություն փոխել։

Ոմանք կարծում են, որ Նիկոլ Փ.-ն սեպտեմբերյան աղետաբեր պատերազմ գուժելով՝ պարզապես քաղտեխնոլոգիա էր կիրառում և մարդկանց ահաբեկում՝ փորձելով քվե ստանալ։ Այդ կարծիքի մեջ ճշմարտություն կա, բայց դա ճշմարտության չնչին մասն է։

Սեպտեմբերին սպասվող աղետաբեր պատերազմի մասին խոսելիս Նիկոլ Փ.-ն իրականում բաց տեքստով իր ծրագրային դրույթներն էր ներկայացնում։

Եթե նախորդ տարիներին նա թաքցնում էր սեպտեմբերյան աղետների թեման, ապա հիմա անցել է այլ ռեժիմի։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փ.-ի իշխանության օրոք հայ ժողովրդի գլխին երեք «սև» սեպտեմբեր է բերվել։

2020 թ.-ի սեպտեմբերին սկսվել է 44-օրյա պատերազմը։

2022-ի սեպտեմբերին ունեցել ենք ջերմուկյան պատերազմը։

2023-ի սեպտեմբերին եղել է ադրբեջանական հարձակումն Արցախի դեմ։

Այս 3 սեպտեմբերյան պատերազմների արդյունքում Նիկոլ Փ.-ն հանձնել է Արցախն ու Հայաստանի տարածքները։

Հիմա նա հայ ժողովրդին անոնսել է 4-րդ «սև» սեպտեմբերի մասին՝ նախապես հուշելով, թե ինչ տեխնոլոգիա է կիրառելու հերթական հանձնումների ժամանակ։

Նիկոլ Փ.-ն արդեն հրապարակավ հայտարարել է, որ հանձնելու է Տիգրանաշենն ու մյուս, այսպես կոչված, անկլավները։ Ու որպեսզի Ալիևի հերթական պահանջը կատարի՝ պատերազմի ու խաղաղության, հանձնելու և չհանձնելու թեման կապելու է սահմանադրական փոփոխությունների հետ։ Ասելու է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք կամ Տիգրանաշենը չհանձնենք, ապա պատերազմ կլինի։

Նիկոլենք ազդարարում են նաև այն մասին, որ փորձելու են 2/3 ապահովել այսպես կոչված անասնագողության միջոցով կամ քաղաքական ճնշման, շանտաժի միջոցով, ինչպես որ արեցին 2018 թ.-ին՝ խորհրդարանի վրա «ժողովուրդ» բերելով և արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելով։

Ահա այսպիսի քայլեր է նա փորձելու կիրառել՝ սպասվող կամ հավանական պատերազմը գցելով խորհրդարանական ընդդիմության և ժողովրդի գրպանը։

Ունի՞ արդյոք հակախաղ խորհրդարանական տիտղոսային ընդդիմությունը այս ամենին և կարո՞ղ է արդյոք դիմագրավել շանտաժին։ Չգիտեմ։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ ժողովուրդն իր հակախաղը պետք է ունենա։

Այդ հակախաղը Հայաստանի անվտանգային ճարտարապետության, հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում է գտնվում։

Նիկոլ Փ.-ն հետևողականորեն քանդում է Հայաստանի անվտանգային համակարգը, թշնամանում է ՌԴ-ի հետ և արցախյան տարբերակով նոր «սև» սեպտեմբեր նախապատրաստում արդեն Հայաստանի գլխին։

Թուրքիան և Ադրբեջանը սպասում են հայ-ռուսական հարաբերությունների վերջնական փլուզմանը, որպեսզի դրանից հետո անցնեն գործի։

Ադեկվատ և չկոմպլեքսավորված քաղաքական սուբյեկտները պետք է շատ հստակ արտահայտվեն այս հարցով և չդառնան ՔՊ-ի թելադրած օրակարգի ակտիվ սպառող։

Նիկոլ Փ.-ն արդեն ակտիվորեն պատրաստվում է «սեպտեմբերին»՝ քաղաքական շոուներ և սպայդեռմենային տեսարաններ հրամցնելով։ Քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, սեփականության կոպիտ վերաբաշխումը և ընդդիմախոսների նկատմամբ ահասարսուռ մեղադրանքները խոսում են այն մասին, որ «սև» սեպտեմբերը մոտենում է։

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

26.08.2026

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները:

Դիտվել է՝ 276

Մեկնաբանություններ