«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ
11.10.2026 | 10:20

Այսօր (10․10 2026 Թ․) մեր ընտանիքում նշանակալից օր է. մեր ամենախելացի աղջկա՝ Մարիի մասնագիտական տոնն է՝ Սուրբ Թարգմանչացը [armenpress.am]։
Լրագրողական մեր գործունեության ընթացքում ես ու Արմենը նույնպես հաճախ ենք հանդես եկել թարգմանչի դերում, սակայն մեր զավակը որոշեց այս ասպարեզում գերազանցել պապային ու մամային։ Իսկ թարգմանիչ լինելը, հիրավի, չափազանց դժվարին ու պատասխանատու աշխատանք է։ Շնորհավորում եմ բոլորիս, որ ունենք այսպիսի հրաշալի տոն. սեփական գիր ու գրականություն ունեցող ազգն այլ տարբերակ չուներ էլ։
Չէ՞ որ աշխարհում միայն հայերն ունեն թարգմանիչներին նվիրված հատուկ տոն, որն անմիջականորեն կապված է քրիստոնեության հետ, քանի որ հենց այդ սուրբ հայրերի շնորհիվ Աստվածաշունչը «խոսեց» հայերեն [armenpress.am]։ Սակայն դեռևս նախաքրիստոնեական շրջանում հայերը, լինելով Մետաքսի ճանապարհի հարգված առևտրականներ, աչքի են ընկել օտար լեզուների փայլուն իմացությամբ և օժտված են եղել դիվանագիտական ձիրքով, ինչն էլ նրանց դարձրել է հմուտ բանակցողներ ու թարգմանիչներ։
Մեզնից բացի որևէ այլ ազգ կամ երկիր չունի թարգմանչությանն ու թարգմանչին նվիրված օր։ Իսկ մենք ոչ միայն ունենք, այլև տարվա մեջ երկու անգամ ենք տոնում այն [armenpress.am]։ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու (Կլայեցու) տոնը [armenpress.am]։
Այս առիթով տեղին է հիշել երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի սպառիչ ձևակերպումները.
«Մեր լեզուն ճանապարհ է դեպի հավերժություն, գրավական՝ մեր ինքնության, Նոյան տապան՝ մեր փրկության, լուսաստղ՝ մեր լինելության»։
Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական ու սիրված ազգային-եկեղեցական տոներից է [armenpress.am]։ Ինչպես նշեցի, Հայ Եկեղեցին այն տոնում է տարին երկու անգամ [armenpress.am]։ Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը [armenpress.am]։ Երկրորդը շարժական է և նշվում է հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում (այս տարի՝ հոկտեմբերի 10-ին) [armenpress.am]։ «Թարգմանիչ» ընդհանուր անվան տակ հայտնի են Սուրբ Մեսրոպ Մաշտոցին և Սուրբ Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաները [armenpress.am]։
Հնում կային հատուկ թարգմանիչներ, որոնք արարողությունների ժամանակ Սուրբ Գրքի հատվածները բանավոր հայերենում էին։ Սակայն դա բավարար չէր, ինչի շուրջ խորապես մտահոգված էր Սուրբ Մեսրոպ Մաշտոցը։ Հայ մարդը զրկված էր Սուրբ Գիրքն ինքնուրույն ընթերցելու և ճշմարտությունն ու փրկությունը ճանաչելու հնարավորությունից։ Մաշտոցը դիմեց Հայոց Կաթողիկոս Սուրբ Սահակ Պարթևին և գտավ լիակատար աջակցություն, քանի որ կաթողիկոսը նույնպես մտահոգ էր այդ հարցով։ Նրանց ազգանվեր ծրագրին իր հավանությունն ու հովանավորությունը տվեց նաև Վռամշապուհ Արշակունի թագավորը։
Մաշտոցը, վերցնելով իր աշակերտներին, մեկնեց Ասորիքի Միջագետք։ Եդեսիայում տեղի ունեցավ մեծագույն հրաշքը։ Ինչպես գրում է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ.
«Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում...»։
Ստանալով հայ նշանագրերը՝ Սուրբ Մեսրոպը Հռոփանոսի հետ ձևավորեց դրանք և առաջին անգամ հայերենի վերածեց Սողոմոնի «Առակաց» գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը)։ Սա եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով։
Այս աստվածատուր նվերով Մաշտոցը վերադարձավ Հայաստան՝ բերելով մի անգնահատելի գանձ, որը լինելու էր հայ ժողովրդի հետագա դարերի մաքառման զենքն ու գոյատևման առհավատչյան։ Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսեցին բացվել դպրոցներ, քրիստոնեությունը հայացվեց և դարձավ հայի կենսակերպը։
Եվ ինչպես նշել է Գարեգին Ա Վեհափառը.
«Հայաստանը միայն հող ու քար չէ, վանք ու եկեղեցի չէ, խաչքար ու հուշարձան չէ, բերդ ու պարիսպ չէ, կամուրջ ու աղբյուր չէ, այլ մագաղաթ ու գիրք է»։
«Գիրքը քաղաքակրթության տարածման և զարգացման անիվն է»։
«Մենք կանք մեր լեզվի շունչը մեր ազգի մեջ կենդանի պահող գրով և գրքով»։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ